Կիրակի, 18 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եվրոպայի հոգևոր ճգնաժամը․ ինչ է կատարվում, երբ մեղքը դառնում է օրենքով ընդունելի»․ Սամվել դպիր Գրիգորյան

«Եվրոպայի հոգևոր ճգնաժամը․ ինչ է կատարվում, երբ մեղքը դառնում է օրենքով ընդունելի»․ Սամվել դպիր Գրիգորյան
50
Այսօր, 21:36

Սամվել դպիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եվրոպայի հոգևոր ճգնաժամը․ ինչ է կատարվում, երբ մեղքը դառնում է օրենքով ընդունելի»․
Աշխարհը կքում է մեղքի ծանրության տակ։ Պատերազմներ, արյունահեղություններ, հասարակական պառակտումներ, փողոցային անկարգություններ, բռնություն, մարդկային կյանքերի կորուստ, ընտանիքների քայքայում, հոգևոր դատարկություն։
Սուրբ Գիրքը զգուշացնում է. «Մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6։23)։ Մեղքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր մահվան, Աստծուց օտարման և հասարակության բարոյական քայքայման ճանապարհ է։
Բայց ի՞նչ է կատարվում, երբ մեղքը դադարում է մեղք համարվելուց, անամոթությունը դառնում է սովորական, իսկ պետությունն օրենքով ընդունելի է հռչակում այն, ինչ դատապարտում է քրիստոնեական բարոյագիտությունը։
Եվրոպան, որի քաղաքակրթությունը դարեր շարունակ ձևավորվել է քրիստոնեական հավատքի հիմքի վրա, այսօր կանգնած է հոգևոր լուրջ հակասությունների առջև։ Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում բռնի բախումներով ուղեկցվող հասարակական ընդվզումները տարբեր անմիջական պատճառներ ունեն, սակայն դրանք առիթ են տալիս բարձրացնելու նաև հասարակության հոգևոր հիմքերի հարցը։
Երբ հասարակությունը հեռանում է Աստծու պատվիրաններից, ի՞նչ է մնում նրա բարոյական հիմքերից։
Այսօր եվրոպական բազմաթիվ երկրներում պետական օրենքներն ու հասարակական բարոյականության որոշ չափանիշներ բացահայտ հակասության մեջ են քրիստոնեական ուսմունքի հետ։
Եկե՛ք քննենք։
1․ Ամուսնության քրիստոնեական ընկալման խաթարումը.
Քրիստոնեական վարդապետությամբ ամուսնությունը տղամարդու և կնոջ սրբազան միությունն է։ Մինչդեռ եվրոպական բազմաթիվ պետություններ օրինականացրել են միասեռ զույգերի ամուսնությունը՝ պետական օրենքով ամրագրելով ամուսնության այնպիսի ընկալում, որը հակասում է քրիստոնեական վարդապետությանը։ Օրենքի փոփոխությունը չի կարող փոխել ամուսնության աստվածադիր խորհուրդը։ Քրիստոնեական բարոյական ուսմունքը չի որոշվում խորհրդարանների քվեարկություններով։
2․ Միասեռ զույգերի եկեղեցական օրհնությունները.
Եվրոպական որոշ բողոքական եկեղեցիներ թույլատրում են միասեռ զույգերի ամուսնության եկեղեցական արարողություններ կամ օրհնություններ։ Սա ոչ միայն հասարակական բարոյականության անկում է, այլև քրիստոնեական ամուսնության վերաբերյալ դավանաբանական լուրջ շեղում։
3․ Եկեղեցիների վերածումը աշխարհիկ հաստատությունների.
Եվրոպայում երբեմնի քրիստոնեական բազմաթիվ եկեղեցիներ փակվել են, իսկ դրանց մի մասը վաճառվել կամ վերածվել է հյուրանոցների, ռեստորանների, գարեջրատների, գիշերային ակումբների և նույնիսկ խաղատների։ Այն սրբավայրերը, որտեղ դարեր շարունակ աղոթք էր հնչում, այսօր որոշ վայրերում ծառայում են զվարճանքին ու առևտրին։ Սա Եվրոպայի քրիստոնեական հավատքի անկման և հասարակության աշխարհիկացման ամենացայտուն խորհրդանիշներից է։
4․ Հանրային բարոյականության սահմանների փոփոխությունը
Եվրոպական քաղաքներում անցկացվում են միասեռականների Pride շքերթներ, որոնց մի մասն ուղեկցվում է սեռականացված ցուցադրություններով, կիսամերկությամբ և հանրային մերկությամբ։ Կազմակերպվում են նաև մերկ մարդկանց հեծանվավազքեր։
Քրիստոնեական բարոյագիտության տեսանկյունից սա հանրային բարոյականության լուրջ անկման դրսևորում է. երբ անպարկեշտությունը բարձրացվում է ազատության աստիճանի, իսկ ամոթխածությունն ու պարկեշտությունը ներկայացվում են որպես հնացած արժեքներ, հասարակությունը ոչ թե ազատագրվում է, այլ կորցնում է մեղքի և ամոթի միջև տարբերությունը։ Մեղքը չի դադարում մեղք լինելուց, երբ այն հրապարակայնորեն ցուցադրվում, խրախուսվում կամ հասարակության կողմից ընդունելի է համարվում։
5․ Աբորտի և էվթանազիայի օրինականացումը՝ հարված Աստծուց պարգևված կյանքին.
Եվրոպական բազմաթիվ երկրներում օրինականացված աբորտը, իսկ Նիդեռլանդներում և Բելգիայում՝ նաև էվթանազիան, քրիստոնեական բարոյագիտության տեսանկյունից մարդկային կյանքի սրբության ոտնահարում են։ Մարդը կյանքի տերը չէ, այլ Աստծուց ստացած կյանքի պահապանը։ Պետական օրենքով թույլատրելի դարձնելը չի կարող բարոյապես արդարացնել ո՛չ չծնված երեխայի կյանքի ընդհատումը, ո՛չ էլ մարդու կյանքի միտումնավոր ավարտը։ Մեղքը չի դադարում մեղք լինելուց՝ օրինականացվելով։
6․ Ստամբուլյան կոնվենցիան և քրիստոնեական ընտանիքի հարցը.
Այս կոնվենցիան ամրագրում է «գենդեր»՝ սոցիալական սեռ հասկացությունը, նախատեսում հասարակական ու մշակութային պատկերացումների փոփոխություն, տղամարդու և կնոջ ավանդական դերերի վերանայում և դրանց վերաբերյալ կրթություն։ Հնարավոր կիրառության վտանգները՝ տղամարդու և կնոջ մասին քրիստոնեական պատկերացումների արժեզրկում, ավանդական ընտանեկան դերերի ներկայացում որպես վնասակար կարծրատիպեր, երեխաներին ծնողների կրոնական համոզմունքներին հակասող ուսմունքների մատուցում և ծնողական դաստիարակչական իրավունքների սահմանափակում։
7․ Լանզարոտեի կոնվենցիան և երեխաների դաստիարակության վտանգները.
Այս կոնվենցիայի կիրառությունը կարող է դուռ բացել սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին տարիքին անհամապատասխան բովանդակության մատուցման, կրթական ծրագրերում քրիստոնեական ընտանեկան արժեքներին հակասող գաղափարների ներմուծման, ինչպես նաև ծնողների վերահսկողության և դաստիարակչական իրավունքների սահմանափակման համար։
8․ Նյութապաշտությունը և հասարակության հոգևոր քայքայումը
Ագահությունը, անարդարությունը, կաշառակերությունը, շահագործումը, աղքատների հանդեպ անտարբերությունը, ատելությունն ու բռնությունը նույնպես ծանր մեղքեր են, որոնք քայքայում են հասարակության բարոյական հիմքերը։ Երբ հարստությունն ու հաճույքը դառնում են կյանքի գերագույն նպատակ, իսկ Աստված և Նրա պատվիրանները մղվում են լուսանցք, նյութական թվացյալ բարեկեցության արտաքին փայլի ներքո խորանում են հոգևոր դատարկությունը, ընտանիքի քայքայումը և մարդկային հարաբերությունների այլասերումը։

Ի՞ՆՉ Է ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀՈՒՇՈՒՄ ՄԵԶ
Եվրոպայի հոգևոր ճգնաժամի խորքային պատճառներից մեկը քրիստոնեական արժեքներից հեռացումն ու Եկեղեցու կողմից մեղք համարվող երևույթների պետական օրինականացումն է։ Մեղքը օրենքով թույլատրելի դարձնելը չի փոխում Աստծու պատվիրանները և չի վերացնում դրա հոգևոր հետևանքները։
Եվ այստեղ հայ ժողովրդի առջև ծառանում է սկզբունքային հարց.
Այս Եվրոպա՞ն է մեր հասարակության ուղենիշը։
Սա վերացական հարց չէ։ Այն վերաբերում է Աստծուն մեր հավատարմությանը, մեր ընտանիքների ապագային, երեխաների դաստիարակությանը, մարդկային կյանքի սրբությանը, ազգային ինքնությանը և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանությանը։
Քրիստոնյան չի կարող իր բարոյական չափանիշները փոխել աշխարհի փոփոխվող օրենքներին հարմարեցնելու համար։ Մեր կյանքի չափանիշը Քրիստոսի Ավետարանն է, ոչ թե աշխարհի կողմից օրինականացված մեղքը»։