Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Շիրակի մարզի միակ ընդդիմադիր կին համայնքապետը ևս դարձավ ՔՊ-ական

Շիրակի մարզի միակ ընդդիմադիր կին համայնքապետը ևս դարձավ ՔՊ-ական
52
Երեկ, 23:48

«Առավոտ»-ը գրում է. «Ամասիա խոշորացված համայնքի երկարամյա համայնքապետ Ջեմմա Հարությունյանը, որը հինգ տարի առաջ ՏԻՄ ընտրություններին մասնակցել էր «Ամասիա-Արփի» դաշինքով ու կոալիցիա կազմել «Հանրապետական» կուսակցության հետ, այս անգամ ընտրություններում կգլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, որը բաղկացած է 41 թեկնածուից։ Ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 29-ին։

Անկուսակցական Ջեմմա Հարությունյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ջեմմա Հարությունյանը։

Մեր հարցին՝ ՔՊ-ականներն են համոզե՞լ իրեն, որ դառնա կուսակցական, համայնքապետը պատասխանեց, որ համոզելու խնդիր չկա, եթե 2021 թվականին էլ ՔՊ-ն իրեն առաջարկեր լինել իր թեկնածուն, կհամաձայներ, ինքն անկուսակցական էր։ Նա նշեց, որ աշխատում է կառավարության և մարզպետարանի հետ, այս դեպքում առավել արդյունավետ կլինի աշխատանքը, համայնքը կշահի։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ամասիա խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ, թեև ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր անկուսակցական Մերգել Ղարիբյանը՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, սակայն իշխանությունը ստանձնեց «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ համատեղ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, ի նշան բողոքի, վայր դրեցին իրենց վեց մանդատները, դատի տվեցին՝ պահանջելով նոր ընտրություններ։ Նրանք անընդմեջ բողոքի ցույցեր էին անցկացնում։ Իսկ Շիրակի մարզային նախկին ՔՊ-ական իշխանությունը բազմիցս էր արտահայտվել Ամասիայում իշխանափոխություն անելու մտադրության մասին։ Բանն այն է, որ Ջեմմա Հարությունյանին, որը Շիրակի մարզի միակ կին համայնքապետն է, դիտարկում էին որպես մեծահարուստ Կարապետյանների հարս (Ջեմմա Հարությունյանի տեգրը՝ Գենիկ Կարապետյանը, «Հին Արենի» գինու գործարանի, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերն է, նրանց էր նաև պատկանում Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը), իսկ Կարապետյանները մտերիմ հարաբերությունների մեջ էին գտնվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ջեմմա Հարությունյանի հինգ տարի առաջվա մրցակիցները այս անգամ ևս պատրաստվում են ընտրապայքարի մեջ մտնել նրա հետ։ Այս անգամ, սակայն, ոչ թե ՔՊ-ի ցուցակով, այլ «Բարոյական արժեքներ» կուսակցությամբ»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: