Կիրակի, 25 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
49
Այսօր, 18:54

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Խաչի գյուտի տոնը, որով նշանավորվում է Քրիստոսի խաչափայտի գտնվելը Հեղինե կայսրուհու միջամտությամբ։ Ըստ հոգևոր հայրերի և եկեղեցական վարդապետության՝ Խաչի խորհուրդը ընդգրկում է մարդկության փրկագործության ողջ ընթացքը, իսկ Քրիստոսի Խաչը քրիստոնեական հավատքի կենտրոնն է, հաղթության, փրկության և Աստծո անհուն սիրո խորհրդանիշը։

Ըստ ավանդության՝ Քրիստոսի համբարձումից հետո նրա խաչափայտը գտնվում էր լքված ու մոռացված վիճակում: Հռոմի Կլավդիոս կայսեր կինը՝ Պատրոնիկեն, լինելով քրիստոնյա, ուխտի է գնում Երուսաղեմ, որտեղ հանդիպում է այդ ժամանակ Երուսաղեմի առաջին եպիսկոպոս Հակոբոս Տյառնեղբայր առաքյալին: Կայսրուհին փափագում է տեսնել Քրիստոսի գերեզմանը, խաչափայտը և Գողգոթան, սակայն Հակոբոս առաքյալից տեղեկանում է, որ հրեաները Քրիստոսի Խաչը Նրա հետ խաչ բարձրացված երկու ավազակների խաչերի հետ ծածկել էին հողով՝ հսկելով ու արգելելով մոտենալ դրանց: Պատրոնիկե կայսրուհու միջամտությամբ խաչերը հանում են հողի տակից, և որոշելու համար, թե որն է Քրիստոսինը, դրանց են մոտեցնում մահացած մի աղջկա: Վերջինս Քրիստոսի Խաչի հպումից կենդանանում է: Հակոբոս Տյառնեղբայրը, բոլորին ի տես և ի մխիթարություն, Խաչը բարձրացնում է Երուսաղեմի տաճարում։
Եկեղեցական ավանդության մեջ սա առաջին դեպքն է, երբ Խաչը հանդիսավորապես կանգնեցվում է՝ փառավորվելով հավատավոր զավակների կողմից: Նրանցից շատերը վկաներն են լինում նաեւ Խաչափայտի վրա շողացող պայծառ լույսի: Պատրոնիկե կայսրուհու խնդրանքով Հակոբոս Տյառնեղբայրը նրան է նվիրում Խաչից մի մաս, որը կայսրուհին տանում է Հռոմ: Նվիրական Խաչափայտի անգին այս մասունքը հետագայում անցնում է նրա ազգականուհի Հռիփսիմեին, ով էլ իր հետ այն բերում է Հայաստան:
Դրանից հետո հրեաները, սպանելով Հակոբոսին, կրկին խլում են խաչափայտը ու թաքցնում: Խաչի գտնվելու վայրը մնում է անհայտ՝ մինչ խաչի բուն գյուտը, որը տեղի է ունեցել 4-րդ դարում՝ Հեղինե կայսրուհու կողմից:
327 թվ-ին, Կոստանդին կայսեր մայրը՝ Հեղինեն, Քրիստոսի խաչը գտնելու նպատակով այցելում է Երուսաղեմ: Այստեղ նա մեծ դժվարությունների է հանդիպում, քանի որ հրեաները, ովքեր թշնամացած էին քրիստոնյաների դեմ, թաքցրել էին հրաշագործ Խաչափայտը: Տիրոջ խաչի տեղը գիտեր միայն Հուդա անունով մի հրեա, ով սկզբում հրաժարվում է օգնություն ցույց տալ, սակայն 6-օրյա բանտարկությունից հետո համաձայնում է օգնել կայսրուհուն՝ գտնել Գողգոթայի՝ Հիսուսի խաչվելու վայրը, որն այդ ժամանակ դարձել էր մոռացված վայր ու գործածվում էր որպես աղբատեղի: Այդ վայրում սկսվում են պեղումներ, որոնց արդյունքում գտնում են երեք խաչափայտ՝ Քրիստոսինը և երկու ավազակներինը: Սակայն Քրիստոսի Խաչի պատկանելությունը ոչնչով չէր փաստվում: Այդ ժամանակ թագուհու պահանջով մի մեռած պատանու բերում ու դնում են երեք խաչերից յուրաքանչյուրի վրա: Երրորդ խաչի վրա դնելիս հետո պատանին վերակենդանանում է, և այդպես ճանաչվում է տերունական խաչը: Խաչափայտի գյուտից հետո Հեղինե կայսրուհին Գողգոթայում Ս. Հարություն անունով տաճար կառուցեց, որտեղ և բարձրացրեց Քրիստոսի խաչը՝ ի ցույց ժողովրդի: Հուդան էլ քրիստոնեություն ընդունելով՝ դարձավ Երուսաղեմի Կյուրեղ եպիսկոպոսը:
Խաչը մեկի համար զորության, մյուսի համար տկարության խորհուրդ է, մեկի համար՝ մահվան, մյուսի համար՝ կյանքի խորհուրդ, ուստի պետք է հիշել հետևյալ խոսքը. «Խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն»։