Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Փոխվում են իշխանությունները, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը»․ Արմեն Հովասափյան

«Փոխվում են իշխանությունները, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը»․ Արմեն Հովասափյան
38
Այսօր, 16:24

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես, Հայաստանում տեղի ունեցան հերթական ՏԻՄ ընտրությունները, որոնցում ՔՊ-ն գրանցեց հերթական հաղթանակները։
Սակայն մի շարք համայնքներում տեղի ունեցածը դժվար է դիտարկել միայն ընտրությունների արդյունքների տեսանկյունից։ Պատկերը շատ ավելի խոսուն էր․ մարդկանց վախեցնելով, ճնշումների ենթարկելով ու վարչական լծակներն օգտագործելով՝ փորձ էր արվում նրանց ընտրությունը վերածել իշխանության համապատասխան արդյունքի ապահովման շքահանդեսի։
Ըստ էության՝ մի շարք համայնքներում ընտրապայքարը վերածվել էր տեղական բդեշխների հավատարմության երդման արարողության՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին։ Խնդիրը միայն ՔՊ-ի թեկնածուների հաղթանակը չէր։ Կարևոր էր նաև ցույց տալ, որ իշխանության տեղական հենարանները շարունակում են վերահսկել իրենց տարածքները և անհրաժեշտության դեպքում կարող են ապահովել կենտրոնի պահանջած արդյունքը։
Այս ամբողջ պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն տեղական իշխանիկները։ Նրանք քաղաքական քամիների ուղղությունը վաղուց են սովորել զգալ և իշխանափոխությունների ժամանակ սեփական դիրքերը պահպանելու համար արագորեն հարմարվել նոր իրողություններին։ Երեկ ծառայում էին մեկ իշխանության, այսօր երդվում են մյուսին, իսկ վաղը, անհրաժեշտության դեպքում, դարձյալ կփոխեն իրենց հավատարմության հասցեն։ Նրանց համար գաղափարներն ու քաղաքական սկզբունքները երկրորդական են․ առաջնայինը իշխանության ներսում մնալն ու սեփական ազդեցությունը պահպանելն է։
Ի դեպ՝ այս մարդիկ այսօր էլ ուրախ-ուրախ ձեռքերը շփում են՝ իրենց հերթական ծառայության դիմաց ստանալով քաղաքական հավանության նշան։ Բայց նրանց վարքագծում զարմանալու բան չկա։ Նրանք միշտ էլ այդպիսին են եղել։ Փոխվում են իշխանությունները, կարգախոսներն ու քաղաքական դեմքերը, իսկ տեղական իշխանիկների տեսակը մնում է նույնը։
Նիկոլի իշխանության համար այս համակարգը կարևոր է այնքանով, որ կենտրոնական իշխանության քաղաքական վերահսկողությունը համայնքներում ապահովվում է ոչ միայն կուսակցական կառույցներով, այլև տարիներով ձևավորված կախվածություններով, վարչական ազդեցությամբ ու մարդկանց վրա տեղական ճնշում գործադրելու հնարավորությամբ։
Փաստացի իշխանությունը կարող է համայնքներում հերթական հաղթանակներն արձանագրել, իսկ տեղական իշխանիկները՝ հերթական անգամ հավատարմության երդում տալ։ Այս ամենը, սակայն, չի վերացնում գլխավոր հարցը՝ որքանո՞վ է ընտրության արդյունքը արտահայտում քաղաքացու ազատ կամքը, և որքանո՞վ՝ այն համակարգի ազդեցությունը, որը քաղաքացուն փորձում է դարձնել իշխանության վերարտադրության միջոց»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան