Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Փաստորեն, այս համայնքները վերածվում են մեկ կուսակցության սեփականության»․ Անուշ Պողոսյան

«Փաստորեն, այս համայնքները վերածվում են մեկ կուսակցության սեփականության»․ Անուշ Պողոսյան
55
Այսօր, 15:12

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ քաղաքական մրցակցությունը վերանում է, համայնքը դառնում է մեկ կուսակցության սեփականությունը։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկածների բաժինը մի շարք համայնքներում հասել է 90–96%-ի, մինչդեռ ընտրողների մասնակցությունը որոշ համայնքներում չի հասել նույնիսկ 40%-ի։
Ի՞նչ է նշանակում այս պատկերը ժողովրդավարության տեսանկյունից։
Երբ ընդդիմությունը չի կարողանում հանդես գալ որպես իրական այլընտրանք, թուլանում է իշխանության նկատմամբ վերահսկողությունը, նվազում է որոշումների հանրային քննարկումը, իսկ համայնքային բյուջեի և զարգացման ծրագրերի արդյունավետության վերահսկողությունը կարող է դառնալ ձևական։
Բայց խնդիրը միայն ընտրությունների թվերը չեն։ Խնդիրն այն է, թե ինչ պայմաններում է ձևավորվում քաղաքական մրցակցությունը։
Երբ իշխանական ցուցակներում ընդգրկված են համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, հիվանդանոցների տնօրեններ, վարչական բաժինների պետեր և այլ պաշտոնատար անձինք, իսկ ընդդիմադիր ուժերը չեն կարողանում իրենց ցուցակներում ներգրավել անգամ նույն համայնքի բուժհաստատությունների կամ այլ հիմնարկների շարքային աշխատակիցներին, հարց է առաջանում՝ արդյո՞ք համայնքում առկա են քաղաքական մրցակցության հավասար պայմաններ։
Համայնքի կրթված, ճանաչված, հարգանք վայելող և զարգացմանը նպաստելու կարողություն ունեցող բնակիչները հաճախ հրաժարվում են ընդդիմադիր ցուցակներում ընդգրկվելուց՝ իշխանության հնարավոր ճնշումներից վախենալով։
Ավելին՝ ընդդիմադիր ցուցակներում ընդգրկված անձանց աշխատանքից ազատումներն արդեն իրականություն են։ Սա նշանակում է, որ քաղաքական դիրքորոշումն այլևս միայն ընտրական նախընտրության հարց չէ․ այն կարող է վերածվել մարդու աշխատանքի և սոցիալական ապահովության խնդրի։
Երբ մարդը պատժվում է իր քաղաքական ընտրության համար, իսկ մյուսները, վախենալով նույն ճակատագրից, հրաժարվում են մասնակցել քաղաքական գործընթացներին, համայնքը կորցնում է իր ամենակարևոր ռեսուրսներից մեկը՝ անկախ մտածող, նախաձեռնող և պատասխանատու մարդկանց։
Արդյունքում ընդդիմությունը զրկվում է ուժեղ թեկնածուներից, ընտրողը՝ իրական այլընտրանքից, իսկ համայնքը՝ զարգացման հնարավորություններից։
Ո՞վ պետք է պահանջի հաշվետվություն անարդյունավետ ծախսերի համար։ Ո՞վ պետք է վերահսկի համայնքային բյուջեի օգտագործումը։ Ո՞վ պետք է պաշտպանի բնակիչների շահերը, եթե այլ կարծիք ունենալն անգամ կարող է աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ։
Փաստորեն, այս համայնքները վերածվում են մեկ կուսակցության սեփականության։ Բայց համայնքը ոչ մի կուսակցության սեփականությունը չէ․ այն բոլոր բնակիչներինն է՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից։
Ժողովրդավարությունը միայն ընտրություններ անցկացնելը կամ հաղթանակ արձանագրելը չէ։ Այն նաև ազատ մրցակցությունն է, այլակարծության պաշտպանությունը, իշխանության հաշվետվողականությունը և յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց վախի քաղաքական կյանքին մասնակցելու իրավունքը»։

Աղբյուրը`   Անուշ Պողոսյան