Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:
Գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ:
Մեծամորի հնավայրում 2026 թվականին շարունակվել են երկու տարի առաջ մեկնարկած պեղումները, որոնք իրականացվում են մասնավոր սեփականատերերին պատկանող հողատարածքում։ Հետազոտվող հնագիտական կառույցն իրենից ներկայացնում է քարաշար դամբարանախուց՝ շրջապատված կրոմլեխով։ Կրոմլեխի տրամագիծը հասնում է շուրջ 20 մետրի։ Կառույցը շարված է տուֆի և բազալտի քարերով։ Դրա կենտրոնական հատվածում տեղակայված է նույն քարատեսակներից կառուցված բավականին մեծ չափերի քարարկղային դամբարան։ Դամբարանախցի ներքին չափերն են մոտ 6 × 4 մ։
Նախորդ տարիների պեղումների ընթացքում դամբարանի վերին շերտում բացահայտվել է անտիկ ժամանակաշրջանին վերաբերող թաղում՝ ուղեկցող հարուստ գույքով։ Հայտնաբերված նյութերի թվում են ոսկյա զարդեր, մետաղադրամ և անտիկ ժամանակաշրջանին բնորոշ այլ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ. I դարով։
2026 թվականի պեղումների ընթացքում բացված շերտերն առանձնանում են տարբեր ժամանակաշրջանների հնագիտական նյութերի առկայությամբ։ Հատկանշական է երկաթի դարով թվագրվող թաղման շերտը, որտեղ բացահայտվել է մեկ անհատի թաղում՝ ուղեկցող գույքով և խեցեղենի զգալի քանակով։
Դամբարանախցի ստորին՝ հատակամերձ հատվածում բացահայտվել է հիմնական թաղումը, որը, ըստ հայտնաբերված նյութերի նախնական թվագրության, վերաբերում է ուշ բրոնզի դարին և թվագրվում է մ.թ.ա. XIV–XIII դարերով։ Այս շերտում հայտնաբերվել են ձիու ոսկորների զգալի կուտակումներ, մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, լճաշենյան տիպի դաշույն և գոտու բեկորներ, ինչպես նաև բրոնզե տարբեր իրերի բեկորներ ու բոժոժաձև կախիկներ։
Հայտնաբերված նյութերի բազմազանությունը և շերտագրական հաջորդականությունը վկայում են դամբարանային կառույցի երկարատև օգտագործման և տարբեր ժամանակաշրջաններում վերաօգտագործման մասին։

Մեծամորի հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել
4713:48
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ խաչի գյուտի տոնը
26525.10.2026, 18:54
Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուսի» Beacon Award մրցանակին
34925.10.2026, 00:48
Մալթայում մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
35424.10.2026, 23:36
«Կաղնիներն են պակասել, ավելացել են մացառները»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
39424.10.2026, 13:24
Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները
26224.10.2026, 13:00
Կլոդ Մոնեի «Հիրիկներ» կտավը Ֆրանսիայում վաճառվել է ռեկորդային 50 միլիոն եվրոյով
123723.10.2026, 08:49
Մինչև Ադրբեջան պետության ձևավորումը՝ Կոմիտասը դեռևս 1905 թվականին Հառիճում գրի էր առել «Աման Թելլո» երգի մի քանի տարբերակ
40422.10.2026, 23:30