Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել

Իտալացի հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ հայտնաբերել են դամբարան, որը բավականին ճշգրտորեն համապատասխանում է Աստվածաշնչում Հիսուս Քրիստոսի թաղման վայրի նկարագրությանը։
IV դարում կառուցված եկեղեցու տակ հնագետները հայտնաբերել են քարհանք, մշակված հողատարածքների և այգու հետքեր, ինչպես նաև ժայռի մեջ փորված դամբարան։
Աշխատանքների ղեկավար Ֆրանչեսկա Ռոմանա Ստասոլլայի խոսքով՝ դրանք հենց այն դաշտերն են, որոնք, ըստ Նոր Կտակարանի, գտնվում էին Երուսաղեմի պարիսպների և Գողգոթայի միջև։
Հատուկ նշանակություն ունի հայտնաբերված այգին, քանի որ Հովհաննեսի Ավետարանում հիշատակվում է այգի այն վայրում, որտեղ խաչվել է Հիսուսը։ Իսկ ձիթենիների և խաղողի վազերի հետքերը, թեև ոչ լիովին ճշգրիտ թվագրմամբ, վերագրվում են մոտավորապես այն ժամանակաշրջանին, որին սովորաբար վերագրում են Հիսուսի մահը։
Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում Հիսուսի գերեզմանը նկարագրվում է որպես ժայռի մեջ փորված դամբարան։ Կլոր քարե կառույցի հայտնաբերումը համապատասխանում է այդ նկարագրությանը և թույլ է տալիս ենթադրել, որ հենց այս դամբարանի շուրջ է ձևավորվել տաճարը, որը դարձել է քրիստոնյաների կարևորագույն սրբավայրերից մեկը։
Հնագիտական գտածոները գիտականորեն անհերքելի ապացույց չեն տալիս, որ հենց այստեղ է թաղվել Հիսուսը։ Այնուամենայնիվ, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ շուրջ երկու հազար տարի քրիստոնյաների կողմից սրբացված այս վայրի առանձնահատկությունները որոշ չափով համապատասխանում են Նոր Կտակարանի նկարագրություններին։
Սուրբ Հարության տաճարը, որը ուղղափառ քրիստոնյաները նաև անվանում են Հարության եկեղեցի, գտնվում է Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնեական թաղամասում։
Այս վայրում առաջին եկեղեցին օծվել է մ.թ. 335 թվականին։ Հետագա դարերի ընթացքում շինությունը բազմիցս ավերվել և վերակառուցվել է։ Հետևաբար, տաճարի ներկայիս տեսքը ձևավորվել է շինարարական և վերականգնողական բազմաթիվ փուլերի արդյունքում։
Երկար ժամանակ տաճարում գրեթե չէին իրականացվում վերակառուցման, վերանորոգման կամ հնագիտական պեղումների աշխատանքներ, քանի որ այն համատեղ տնօրինում են քրիստոնեական մի քանի դավանանքների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը մտահոգված էր իր իրավունքների և ազդեցության պահպանմամբ։
Այժմ կողմերին հաջողվել է համաձայնության գալ։ 2016 թվականից սկսվել են Սուրբ Հարության տաճարի վերականգնման աշխատանքները՝ առաջին անգամ ավելի քան երկու դար անց։

Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
6816:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
88421.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
315420.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
208420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
235618.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
237217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
354517.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
253013.10.2026, 18:36