Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Նեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 մանդատ

Նեթանյահուի դաշինքը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 մանդատ
115
Այսօր, 11:07

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը («Լիկուդ», «Շաս», «Միացյալ Տորայի հուդայականություն», «Կրոնական սիոնիզմ», «Ոցմա Յեհուդիթ» կուսակցություններ) խորհրդարանական ընտրություններում ստացել է 53 մանդատ՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։ Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իսրայելի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներին։

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը դարձել է նոր Քնեսեթի ամենամեծ քաղաքական ուժը՝ ստանալով 27 մանդատ։ Միևնույն ժամանակ, վարչապետի գլխավորած դաշինքը չի ապահովել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատը։

Ընդդիմադիր դաշինքը ստացել է 48 մանդատ, իսկ արաբական կուսակցությունները՝ 19։ Ընդդիմության գլխավոր՝ «Յաշար» կուսակցությունը ստացել է 21 մանդատ։

Ակնկալվում է, որ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը՝ բողոքարկումների քննարկման ավարտից հետո։ Արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը խորհրդակցություններ կսկսի Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, ինչից հետո պատգամավորներից մեկին կհանձնարարի նոր կառավարական կոալիցիա ձևավորել։

Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ ունեցող կոալիցիա, սակայն այս պահին քաղաքական ուժերից և ոչ մեկը նման մեծամասնություն չունի։