Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի և Ռումինիայի վարչապետները հանդես են եկել հայտարարություններով
25
Այսօր, 19:41

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ռումինիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Լուկա Նիկուլեսկուի հանդիպումը, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով։

Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուն նշել է․ «․․․Սա շատ կարևոր պահ է մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների համար։ Մենք, իհարկե, չենք կարող չխոսել այսօր ստորագրված համատեղ հռչակագրի մասին՝ Հայաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության հետ կապված: Վերջին 15 տարվա մեջ սա առաջին այցն է Հայաստանի Հանրապետության վարչապետի, ով այցելում է Բուխարեստ, հետևաբար՝ սա շատ պատմական պահ է մեր համար, մեր ժողովրդների համար. մեր ժողովրդների համար, որովհետև մեր ժողովուրդները շատ սերտ և ամուր կապերով են կապված: Կապերը հին են, պատմական են, և իհարկե, կան հայկական ծագմամբ անձնավորություններ, ովքեր նպաստել են Ռումինիայի զարգացմանը: Այստեղ մենք, իհարկե, պետք է նաև խոսենք Սպիրու Հարեթի մասին և մյուսների մասին, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Ռումինիայի սոցիալական-մշակութային կյանքում, իհարկե Աննա Ասլանը և մյուսները, ովքեր կարևորագույն ներդրում են ունեցել հենց Ռումինիայի պատմության կերտման մեջ:

Հիմա մենք պատիվ ունենք նշել Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, հետևաբար՝ չէր կարող լինել ավելի լավ առիթ այս հրաշալի իրողությունը նշելու, քան հենց ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրի ստորագրումն էր։

Իհարկե, մենք նաև կարող ենք մեր քաղաքական երկխոսությունն էլ ավելի զարգացնել, որն արդեն իսկ բարձր մակարդակի վրա է մեր երկրների միջև և կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել մեր քաղաքացիների համար, որպեսզի կարողանանք մեր համագործակցությունը նաև արծարծել տնտեսական ոլորտում և հնարավորություն ստեղծել մեզ համար էլ ավելի լավ փոխգործակցություն ունենալ, հատկապես, երբ խոսքը գնում է Հայաստանին աջակցելու մասին, հատկապես՝ ԵՄ հետ հարաբերությունների սերտացման առումով:

Իհարկե, մենք այսօր շատ լավ քննարկումներ ենք ունեցել ընդլայնված կազմով, ինչպես նաև տետ-ա-տետ: Ես, իհարկե, շնորհակալ եմ համապատասխանաբար մեր պատվիրակություններին, ովքեր կարող են, իհարկե, գնահատել և հասկանալ, թե էլ ո՞ր ոլորտներում մենք կարող ենք համագործակցել։

Իհարկե, շատ շնորհակալություն Ձեր հրավերի համար, որպեսզի ես նույնպես այցելեմ Հայաստանի Հանրապետություն և էլ ավելի նպաստեմ Բուխարեստի և Երևանի միջև հարաբերությունների սերտացմանը: Ես անպայման կայցելեմ, ես անպայման կնպաստեմ մեր հարաբերությունների սերտացմանը: Դրա հետ մեկտեղ մենք նաև կկազմակերպենք գործարար համաժողով: Դա շատ կարևոր է: Դա շատ կարևոր է Ռումինիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների համար:

Մենք արդեն իսկ 100 միլիոն եվրոյի ապրանքաշրջանառություն ունենք, բայց դա կարող է էլ ավելի լավարկվել, հատկապես՝ ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետո: Մենք պետք է կարողանանք բոլոր հնարավոր միջոցներից օգտվել: Դա նաև վերաբերում է երկու երկրների միջև միջկառավարական հանձնաժողովին: Եվ իհարկե, մենք պետք է նոր կյանքի կոչենք այս հանձնաժողովի գործունեությունը: Մենք պետք է այն թարմացնենք, պետք է այն վերականգնենք, ինչպես նաև չմոռանանք ակադեմիական փոխանակումների ծրագրերի մասին եվրոպական ծրագրերի համատեքստում, ինչպես նաև երկկողմ ծրագրերի համատեքստում կրթության, գիտության ոլորտում։

Մենք նաև խոսում ենք Ռումինիայի կողմից հնարավոր աջակցության մասին, երբ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության և ԵՄ հարաբերությունների սերտացման մասին, հատկապես, երբ խոսքը գնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին, դուք կարող եք, այո՛, ակնկալել, որ կունենաք Ռումինիայի աջակցությունը, ամբողջական աջակցությունը: Մենք հասկանում ենք՝ ինչ դժվար է այդ գործընթացը: Հետևաբար՝ մենք նաև խոսել ենք ընթացիկ այլ հարցերի մասին, օրինակ, անվտանգության թեմաների մասին ենք խոսել, հատկապես՝ Սևծովյան տարածաշրջանում, որը պահանջում է մեր համատեղ ջանքերը, որպեսզի մենք կարողանանք համապատասխանաբար ունենալ ավելի դիմակայուն երկրներ և կարողանանք ավելի սերտ համագործակցել։ Ես վերահաստատել եմ մեր աջակցությունը: Նաև շնորհակալ եմ, որ Դուք մեզ աջակցության պատրաստակամություն եք հայտնել, հատկապես՝ Ֆրանկոֆոնիայի համաժողովի մեր թեկնածության հետ կապված: Եվ հետևաբար՝ մենք նաև այդ համատեքստում կարող ենք հնարավորություն ունենալ էլ ավելի զարգացնել մեր հարաբերությունները։

Իհարկե, ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրմամբ մենք պատմության նոր էջ ենք թերթում, և հետևաբար՝ ես կարող եմ հավատացած լինել, որ այս փոխգործակցությունը կհանգեցնի էլ ավելի լավ հարաբերությունների Ռումինիայի և Հայաստանի միջև»։

Նիկոլ Փաշինյանը նշել է․ «․․․Շնորհակալություն եմ հայտնում Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուին ջերմ ընդունելության և այսօրվա կառուցողական քննարկման համար։ Հարգելի պարոն վարչապետ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս կարևոր պաշտոնն ստանձնելու առիթով և հաջողություն մաղթում։

Այս տարի, ինչպես ասացիք, լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-րդ տարեդարձը։ Ռազմավարական գործընկերության մասին այսօր ստորագրված համատեղ հռչակագրով մենք նոր հիմք ենք ստեղծել մեր կառավարությունների, երկրների համագործակցության համար։ Վարչապետ Նիկուլեսկուի հետ քննարկել ենք, թե ինչպես կարող ենք հռչակագրում ամրագրված առաջնահերթությունները վերածել կոնկրետ ծրագրերի։ Մեր քննարկման առանցքում առևտուրն է ու ներդրումները։

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում։ Վերջին ամիսներին հայկական ծաղիկները, մրգերն ու բանջարեղենն արդեն հասել են ռումինական շուկա։ Մեր նպատակն է նպաստել, որ այդ մատակարարումները դառնան կանոնավոր, իսկ ռումինական ընկերություններն ընդլայնեն իրենց առևտրային և ներդրումային գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Դրա համար կարևորում ենք գործարարների և առևտրային կառույցների ուղիղ կապերը, ինչպես նաև համագործակցությունը սննդամթերքի անվտանգության, ստանդարտների և սերտիֆիկացման ոլորտներում։ Ներդրումային ծրագրերի ներուժ ենք տեսնում սննդի վերամշակման, պահեստավորման և սառը շղթայի լոգիստիկայի ոլորտներում։

Առաջնահերթ ենք համարում Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը և հաջորդ նիստի անցկացումը։ Այդ հարթակը կարող է օգնել առանձնացնել համատեղ ծրագրերը և դրանց շուրջ անմիջական կապեր հաստատել երկու երկրների ընկերությունների միջև։ Այդ նպատակին կարող են ծառայել նաև գործարար համաժողովներն ու ոլորտային գործարար այցելությունները։ Համատեղ ներդրումների և տեխնոլոգիական համագործակցության հեռանկարներ ենք տեսնում նաև վերականգնվող էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և դեղագործության ոլորտներում։

Քննարկել ենք նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման հնարավորությունները։ Ռումինիայի սևծովյան նավահանգիստները և դրանց կապը եվրոպական տրանսպորտային ցանցերին կարող են ընդլայնել հայկական բեռների՝ եվրոպական շուկաներ հասնելու ուղիները։ Այս առումով ներկայացրել եմ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և TRIPP նախագիծը։ Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել մեր տարածաշրջանի և Եվրոպայի միջև առևտրի համար։

Շնորհակալ ենք Ռումինիային Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացմանն աջակցելու համար։ Կարևորում ենք Ռումինիայի հետ գործնական համագործակցությունը ԵՄ չափանիշներին Հայաստանի արտադրանքի համապատասխանեցման, եվրոպական շուկա հայկական ապրանքների մուտքի դյուրացման և Հայաստանում եվրոպական ներդրումների խթանման ուղղություններով։ Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Գոհունակությամբ եմ ընդգծում նաև վերջին տարիներին փոխվստահելի համագործակցությունը բազմակողմ հարթակներում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, ինչպես նաև մեր երկու երկրների համար յուրահատուկ կարևորություն ունեցող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում։

Հարգելի՛ ներկաներ,

Մեր երկու ժողովուրդներին կապում են պատմական և մշակութային խոր առնչություններ, որոնց պահպանման ու ամրապնդման գործում առանձնահատուկ դեր ունի Ռումինիայի պատմական հայ փոքրամասնությունը։ Ռումինիան հոկտեմբերի 12-ը օրենքով հռչակել է Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր՝ արժևորելով հայ փոքրամասնության բազմադարյա ներկայությունն ու ներդրումը երկրի հասարակական կյանքում։ Շնորհակալ ենք Ռումինիայի կառավարությանը հայ փոքրամասնության նկատմամբ ցուցաբերվող հոգածության և հայկական մշակութային ժառանգության պահպանմանն աջակցելու համար։ Մեր ժողովուրդների միջև կապերն ամրապնդելու լավ հնարավորություններ ենք տեսնում նաև զբոսաշրջության զարգացման միջոցով։

Պարո՛ն վարչապետ, շնորհակալություն այսօրվա քննարկման համար։ Վստահ եմ, որ ռազմավարական գործընկերության հաջողությունը տեսնելու ենք այն պայմանագրերում, որոնք կկնքվեն մեր ընկերությունների կողմից, այն ներդրումներում, որոնք կկատարվեն մեր երկրներում և այն նոր հնարավորություններում, որոնք կբացվեն մեր քաղաքացիների համար։ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Ռումինիայի կառավարության հետ աշխատել այդ արդյունքներին հասնելու ուղղությամբ»։