«Ընդդիմությունն առաջնորդվում է նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Եթե նկատում եք, կառավարող ուժն ու հարող շրջանակները որդեգրել են սահմանադրական թեմայի այս շրջանակում ընդդիմության դիրքորոշմանը քարոզչական առումով հարվածելու հետեւյալ մի մարտավարություն․ հայտարարում են, որ ընդդիմությունը չի ցանկանում Փաշինյանի հեռացում, դրա համար էլ չի ընդունում Սահմանադրության նախագծին հավանություն տալու դիմաց հեռանալու՝ Փաշինյանի առաջարկը։
Գործնականում, սա, թերեւս, հաշվարկված է մի կողմից հանրային պրիմիտիվ ընկալումների, մյուս կողմից՝ ներքաղաքական պայքարի «տասնամյակների ավանդույթի» կարծրատիպային ուժի վրա։
Իրականում, այստեղ կա բացատրելու անհրաժեշտություն։ Ի՞նչ է ըստ էության ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունն ասում է, որ ներկայումս կա խիստ ռեալ խնդիրը՝ Հայաստանին թելադրվող նոր իրավա–քաղաքական պետական հիմքի հարցը, որը պետք է կասեցնել։ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը գործարքի առաջարկ է, որի իմաստը հետեւյալն է՝ ընդդիմությունը գնում է Հայաստանի իրավա–քաղաքական հիմքը, հենքը վերանայելու, այլ կերպ ասած՝ հայկական պետականության ավելի քան երեք տասնամյակի ընթացքը զրոյացնելու մեծ ռիսկի, Նիկոլ Փաշինյանի հեռանալու անորոշ խոստման դիմաց։ Տեսնո՞ւմ եք իրերի անհամարժեքությունը։
Համաձայնել այդ գործարքին, ընդդիմության համար նշանակում է համաձայնել, որ հանուն Նիկոլ Փաշինյանի հեռանալու, Հայաստանի պետական ընթացքի ավելի քան երեք տասնամյակը կարող է զրոյացվել, լուծարվել՝ որպես պետական սուբյեկտության հետագիծ, դրանից բխող հետեւանքներով։ Կա՞ որեւէ ողջախոհ մարդ, որը կարող է տրամաբանական համարել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի գնով հեռացնելու որեւէ «գործարք», եթե անգամ համարենք, որ Փաշինյանը իսկապես՝ անբեկանելիորեն պահելու է խոստումն ու հեռանալու է։
Չէ՞ որ հարցի արժեքը հենց այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է փոխել, որպեսզի չզրոյացվի Հայաստանի պետական հետագիծը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փոխել Հայաստանի պետական հետագիծը զրոյացնելու գնով։
Այդպիսով, ընդդիմությունը առաջնորդվում է դե ֆակտո նոր քաղաքական կոնցեպտով ու փիլիսոփայությամբ, իրավիճակը չափելով ըստ իրերի էության ու դրության, այլ ոչ թե ըստ իշխանափոխության մեխանիկական կարգախոսի։ Սա կարեւոր եմ համարում, որովհետեւ հենց ավանդական կարծրատիպերից ու մեխանիկայից դուրս գալով է, որ հնարավոր է Հայաստանում դնել իրավիճակի փոփոխության իրական հիմք»։

«Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը»․ Կարեն Հեքիմյան
2419:06
«Սահմանադրության խնդրահարույց դրույթները մնացել են անփոփոխ»․ Զառա Հովհաննիսյան
5718:30
«Որևէ ընդդիմադիր պատգամավոր այդ չարաբաստիկ ձայնը տալու համար կասկածի հիմք չի տվել»․ Վարազդատ Հարությունյան
5718:12
«Նիկոլն ու ՔՊ-ն խիստ շահեկան դիրքերում են՝ պարտադրված Սահմանադրությունը «սղացնելու» համար»․ Հայկ Դեմոյան
6718:00
«Տպավորություն է՝ սա Նիկոլ Փաշինյանի հոդվածն է երկրի գլխավոր օրենքի մասին»․ Սուրեն Սահակյան
6717:24
«Սա մանկուրտացման Սահմանադրություն է»․ Արմեն Հովասափյան
6817:12
«Նոր Սահմանադրության նախագիծը Հայաստանը դարձնում է էլ ավելի սուպերվարչապետական»․ Արմեն Եղիազարյան
7317:06
«Չեմ կարդացել․ ասում են՝ չի կարելի»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
7717:00