Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն»․ Լիա Սարգսյան

«Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն»․ Լիա Սարգսյան
25
Այսօր, 20:30

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բանակցություններ՝ Բաքվի քմահաճույքով․ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխի՞ն․

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի՝ վերջին տարիների հայտարարությունները համադրելիս առաջանում է մի սկզբունքային հակասություն։ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։ Միաժամանակ նա պնդել է, որ խաղաղության պայմանագիրն ինքնին նախատեսում է իրավական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս կողմերին իրենց ներքին օրենսդրությամբ արդարացնել պայմանագրային պարտավորությունների խախտումը։ Ալիևը, սակայն, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դարձրել է պայմանագրի վերջնական ստորագրման նախապայման։
Եվ այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ այս հակասությունը բացահայտելու համար նույնիսկ ընդդիմադիր գործիչների հայտարարություններին հղում անելու անհրաժեշտություն չկա։ Բավական է համադրել հենց Փաշինյանի ու Ալիևի խոսքերը։
2024 թվական․ Ալիևը ներկայացնում է իր պահանջը
2024 թվականի փետրվարին Իլհամ Ալիևը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի կնքման համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության և այլ իրավական փաստաթղթերի մեջ՝ վերացնելով Ադրբեջանի նկատմամբ ենթադրյալ տարածքային պահանջները։
Նույն թվականի հունիսի 6-ին Ալիևն ավելի հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ Հայաստանի գործող Սահմանադրության պահպանման պայմաններում խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է։
Այսպիսով, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքուն բացահայտ ներկայացնում էր որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման։
2024 թվական․ Փաշինյանը ներկայացնում է հակառակ իրավական տրամաբանությունը
2024 թվականի օգոստոսի 31-ի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունը նույնպես տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ։
Սակայն նա բացատրեց, որ Հայաստանը չի պահանջում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխություն, քանի որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթներից մեկն արդեն նախատեսում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներքին օրենսդրությունը վկայակոչել՝ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար։
Փաշինյանը նույնաբովանդակ հայտարարություններ արեց նաև սեպտեմբերի 10-ին՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում, սեպտեմբերի 18-ին՝ Համահայկական գագաթնաժողովում, ինչպես նաև սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում։
Նրա ներկայացրած մոտեցման համաձայն՝ երկու երկրների սահմանադրությունների վերաբերյալ մտահոգությունները հնարավոր է կարգավորել խաղաղության պայմանագրով՝ առանց սահմանադրական փոփոխությունները նախապես պարտադիր պայման դարձնելու։
2025 թվական․ պայմանագրի տեքստը հրապարակվում է
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագիրը, իսկ օգոստոսի 11-ին հրապարակվեց դրա տեքստը։
Պայմանագրի 2-րդ հոդվածով կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և ապագայում նման պահանջներ չեն ներկայացնի։
Իսկ 12-րդ հոդվածը սահմանում է, որ կողմերից ոչ մեկը չի կարող իր ներքին օրենսդրությանը հղում անել՝ պայմանագրի չկատարումն արդարացնելու համար։
Այսինքն՝ այն իրավական մեխանիզմը, որի մասին Փաշինյանը խոսում էր դեռևս 2024 թվականին, արդեն ամրագրված է նախաստորագրված պայմանագրում։
Այնուամենայնիվ, Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջից։
2026 թվական․ Ալիևը կրկնում է նախապայմանը
2026 թվականի փետրվարի 13-ին Մյունխենում Իլհամ Ալիևը կրկին հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրության անհրաժեշտ փոփոխություններից հետո խաղաղության պայմանագիրը հնարավոր կլինի ստորագրել հաջորդ օրը։
Այսպիսով, նույնիսկ պայմանագրի նախաստորագրումից և փոխադարձ տարածքային պահանջները բացառող դրույթների համաձայնեցումից հետո Բաքուն շարունակում է պնդել նույն նախապայմանը։
Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը
Եթե, ինչպես բազմիցս հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, խաղաղության պայմանագիրն արդեն նախատեսում է սահմանադրություններում ենթադրյալ տարածքային պահանջների խնդիրը կարգավորող մեխանիզմներ, ապա ինչո՞ւ է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը շարունակում ներկայացվել որպես խաղաղության հասնելու անհրաժեշտ քայլ։
Եթե այդ մեխանիզմները բավարար են Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ Հայաստանի մտահոգությունները փարատելու համար, ապա ինչո՞ւ բավարար չեն Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները փարատելու համար։
Իրավական առումով պետք է տարբերել պայմանագրի ստորագրման նախապայմանները և արդեն ուժի մեջ մտած պայմանագրի կատարումը։ Սակայն այդ տարբերությունը չի վերացնում քաղաքական հարցը՝ ինչո՞ւ է սահմանադրական փոփոխության պահանջը փաստացի միակողմանի։
Հենց այս անհամաչափությունն է հիմք տալիս քննադատներին պնդելու, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխության օրակարգը պայմանավորված է ոչ միայն ներքին քաղաքական նպատակներով, այլև Ադրբեջանի բացահայտ ներկայացրած պահանջով։
Եվ վերջապես՝ եթե խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել առանց Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության, ապա ինչո՞ւ նույն սկզբունքը չի կիրառվում Հայաստանի նկատմամբ»։

Աղբյուրը`   Լիա Սարգսյան