Երկուշաբթի, 10 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Էրդողան-Պուտին. պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցմամբ. «Ժամանակ»

Էրդողան-Պուտին. պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցմամբ. «Ժամանակ»
285
Չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ., 10:10

«Ժամանակ»-ը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ և ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական: Ինչ-որ իմաստով, քանի որ խորքային առումով դրանք ոչ թե պարզապես արարողակարգային են, այլ ըստ էության արտացոլում են ներկայումս տեղի ունեցող դինամիկ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնցում Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, «դժբախտության եղբայրներ» են: Ընդ որում, կրկնակի «դժբախտության», քանի որ մի կողմից երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արևմուտքի հետ, միաժամանակ նաև լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, պարզապես զուտ տակտիկական նկատառումներից ելնելով ներկայումս ստիպված են մոռանալ դրանք, կամ ավելի շուտ՝ անտեսել: Թեև, որքան դրանք անտեսվում են, այնքան արտահայտվում են առավել ողբերգական դրվագներով, և որպես կանոն՝ Ռուսաստանի որոշակի կորուստներով:

Հետո իհարկե Մոսկվան ստիպված է լինում պարբերաբար հայտարարել, թե դրանց մեղավորը ոչ թե Թուրքիան է, այլ իրականում ինչ-որ «երրորդ ձեռք» փորձել է հարվածել ռուս-թուրքական հարաբերությանը: Ակնհայտ է, սակայն, որ Ռուսաստանն ու Թուրքիան ձգում են ռեզինը և պարզ չէ, թե այն որտեղ է կտրվելու: Թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը, անկասկած, լավ են պատկերացնում, որ միմյանց համար փոխադարձաբար ունեն ընդամենը Արևմուտքի դեմ խաղաքարտի նշանակություն, ոչ ավելի: Պարզապես երկուսն էլ չեն շտապում օգտագործել այդ խաղաքարտը, թերևս հասկանալով, որ դա վերջինն է, և չաշխատելու կամ չհաջողելու դեպքում կմնան լիովին ձեռնունայն՝ ով որ փորձի օգտագործել մյուսին»:

Մանրամասները՝ թերթի համարում: