Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Օգտակար կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին արցախյան հարցում կոշտ հռետորաբանությամբ հանդես գա». Հ. Խուրշուդյան

«Օգտակար կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին արցախյան հարցում կոշտ հռետորաբանությամբ հանդես գա». Հ. Խուրշուդյան
331
Հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ., 14:15

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը գրել է.

Օգոստոսի 17-ի հանրահավաքին ընդառաջ:
Գիտեմ, որ նոր իշխանությունների վրա արտաքին ճնշում կա՝ թե՛ Արեւմուտքից և թե՛ Ռուսաստանից ազատագրված տարածքները Ալիևին վերադարձնելու ուղղությամբ: Կարծում եմ օգտակար կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին արցախյան հարցում կոշտ հռետորաբանությամբ հանդես գա: Վստահ եմ, որ հավաքված ժողովուրդը նրան կաջակցի: Դա կլինի ուղերձ ոչ միայն նոր իրողությունները դեռ չընկալած Ալիեւին, այլեւ մեր արտաքին գործընկերներին: Անկախ այն բանից, որ հիմա մենք մոտ ենք հայտնվելու նժդեհյան «միայնակ ուժեղի. կարգավիճակում՝ ԲՈԼՈՐԸ պետք է հասկանան-զգան, որ Հայաստանի իշխանությունը բավարար կամք ու քաղաքական արժանապատվություն ունի՝ միակողմանիորեն չզիջելու որեւէ բան արևելյան մոլագար բռնապետիկին, ով պատրաստվում է «գրավել Երևանը», իսկ Հայաստանի ժողովուրդը և համայն հայ ազգը միահամուռ և հուժկու հակահարված կտա ցանկացած արտաքին սադրանքի/արկածախնդրության: Խաղաղության արժանանում է նա, ով պատրաստ է պատերազմի, ընդ որում պատրաստ է նախեւառաջ հոգեբանորեն և ազգովի:
Իսկ այս ուղերձը առավել համոզիչ հնչեցնելու համար, պետք է վերահաստատվի համահայաստանյան միասնությունը, յուրաքանչյուր քաղաքացու արժեքը պետության համար եւ այդ քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում պետության վճռականությունը:
Եւ կհիասթափվեմ, եթե հանրահավաքի շեշտադրումը դրվի առաջիկա ավագանու ընտրությունների և դրանում ՔՊ-ի դերակատարության վրա: