«Ներումը գալիս է ճանաչումից հետո». Արմեն Սարգսյանի ուղերձն Էրդողանին
![]() 266 Չորեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2018 թ., 15:25 Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից, հայտնում է «Արմենպրես»-ը: Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը: «Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ դարի առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին»,- շարունակել է նախագահը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,- ասել է Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահը հայտնել է նաև, որ պայմանավորվել է Էմանուել Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ Շառլ Ազնավուրի հիշատակին, ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին. «Ես և Էմանուել Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի թանգարան և կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուել Մակրոնին մեկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի: Հուսով եմ, որ այդ համերգը կլինի 2019 թվականի հոկտեմբերին: Այն պետք է լինի բարեգործական համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խոսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիվ կլինի իրենց արվեստը ներկայացնել այդ համերգին»: Հայաստանի նախագահը RTS-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ճկունության մասին: «Մեր երկիրը երիտասարդ է, նա գտնվում է Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասել է Արմեն Սարգսյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
