Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Բանակի սպաներն ու պայմանագրային սերժանտները պարգևավճար ստացել են, թե՞ ոչ». Կարպիս Փաշոյան

«Բանակի սպաներն ու պայմանագրային սերժանտները պարգևավճար ստացել են, թե՞ ոչ». Կարպիս Փաշոյան
540
Երկուշաբթի, 28 հունվարի, 2019 թ., 21:40

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի հետ կապված երկու խոսք ունեմ, բայց մինչ բուն նյութին անդրադառնալն ուզում եմ մի հարց տալ՝ բանակի սպաներն ու պայմանագրային սերժանտները պարգևավճար ստացել են, թե՞ ոչ: Բանակի մասին ես կարող եմ ճոխ, վերամբարձ ու պաթոսով լեցուն բազմաթիվ տեքստեր գրել, իսկապես կարող եմ ու շատերից էլ լավ: Այդ ճանապարհով ես կդառնամ բոլորի սիրելին, ինձ կծափահարեն, կհերոսացնեն ու միգուցե վրայիցս կմաքրվեն դավաճանի, գրանտակերի, ադրբեջանամետի ապազգային հորջրորջվող պիտակները: Բայց ինչպես Սերժ Սարգսյանի տատն էր ժամանակին ասել, մի՞թե սրա համար ենք հավաքվել: Իհարկե ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ: Իմ համոզմամբ հայրենասիրությունն ու դատարկախոսությունն ամենևին էլ հոմանիշներ չեն: Հայրենասիրությունը ճգնաժամի մի տեսակ է, որի հիմքում տագնապն ու անհանգստությունն են: Ճգնաժամն ինքնին դրական երևույթ է, քանի որ այն օգնում է բացահայտել օրգանիզմի կամ էլ համակարգի խնդիրներն ու զարգացման հեռանկարներ ապահովել: Այսինքն յուրաքանչյուր առողջ համակարգ պետք է պարբերաբար ճգնաժամի մեջ գտնվի, որպեսզի կարողանա առաջընթաց արձանագրել: Հայրենասիրությունը նաև կոնֆլիկտ է: Այսինքն անհատը պետք է պարբերաբար կոնֆլիկտի մեջ հայտնվի հայրենիքի՝ պետության հետ և այդ կոնֆլիկտը պետք է լինի առաջ շարժվելու կամ էլ տեղում անընդհատ դոփելու հիմնախնդրի շուրջ: Պետությության ու հանրույթի զարգացման հիմքում ընկած են այն անհատները, որոնք մշտական կոնֆլիկտ ունեն հենց այդ նույն պետության ու հանրույթի հետ: Այո՛, յուրաքանչյուր բանական հայաստանցի՝ իր քննադատական ողջ ներուժով պետք է փորձի պատասխանել հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս ապահովել առաջընթաց, ինչպե՞ս ստեղծել կենսունակ պետություն, ինչպե՞ս ստեղծել արդար հասարակարգ և այսպես շարունակ:

Նույն տրամաբանությունը գործում է նաև բանակի պարագայում: Ճգնաժամի ու անհատական կոնֆլիկտի տագնապներով լցված մենք պետք է անընդհատ խոսենք բանակի խնդիրների մասին, որպեսզի վերջինս դառնա էլ ավելի մարտունակ, մրցունակ, հզոր ու արդյունավետ: Թքած բոլոր պիտակների ու անզուսպ աղմուկ-աղաղակների, ճառասացների ու մնացյալ բոլոր բակտերիաների վրա: Ես մի քանի լրջագույն ու անլուծելի թվացող խնդիրների ցանկ եմ առանձնացրել, որոնք կարծում եմ պետք է հանրային մշտական դիսկուրսի առարկա դառնան:

1. Ինչո՞ւ են մեր զինծառայողները զոհվում խաղաղ պայմաններում: Խոսքը հակառակորդի հարձակումների արդյունքում արձանագրված զոհերի մասին չէ, այլ՝ ինքնասպանությունների, սպանությունների և, իհարկե, անփութության հետևանքով արձանագրված կորուստների: Ինչո՞ւ է 18 տարեկան տղան գնում բանակ և ինքնասպանություն գործում, ինչո՞ւ են զինվորները խախտում կանոնադրությամբ սահմանված միջանձնային փոխհարներությունների նորմերն ու սպանում իրար: Կամ էլ ինչո՞ւ զինվորը չի լսում հրամանատարի հրամանն ու դուրս գալիս ականապատված գոտի՝ պայթելով ականի վրա:

2. Մյուս խնդիրը վերաբերվում է բռնություններին: Իհարկե, անցած տարիների համեմատ բռնության դեպքերը զգալիորեն նվազել են: Այս ուղղությամբ ՊՆ-ն իսկապես մեծ աշխատանք է տարել, բայց արատավոր այդ երևույթը դեռևս ամբողջությամբ արմատախիլ չի արվել: Որոշ սպաներ դեռևս շարունակում են ծեծել զինվորներին: Չեզոքացված չէ նաև զինվորների միջև գոյություն ունեցող շերտավորումը, այսինքն զինծառայողների մի փոքրիկ խումբ կարող է հոգեբանական ճնշման ենթարկել ու բռնություն իրականացնել մնացյալ առավել թույլ զինվորների նկատմամբ: Հասկանալի է, որ բանակը մեր հանրության խոշորացված տարրակերպն է և բոլոր արատավոր երևույթները քաղաքացիական կյանքից տեղափոխվում են բանակ՝ ստանալով էլ ավելի սուր դրսևորում: Խոսքը հանցագործ աշխարհին բնորոշ բարքերի մասին է, որոնք դեռևս տիրապետող են զորամասերում:

3. Շարունակում եմ պնդել, որ 18 տարեկանները պետք է հեռացվեն առաջնագծից ու առավել վտանգավոր գոտիներից: Շփման գծի ողջ երկայնքով պետք է տեղակայվեն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ և մենք իսկապես ունենք այդ ռեսուրսը: Ժամկետային զինծառայողները պետք է տեղակայվեն թիկունքում ու առաջնագիծ ուղարկվեն միայն լայնամաշտաբ պատերազմի պարագայում: Հակառակ դեպքում համապատասխան պատրաստություն չունեցող տղերքին մենք դատապարտում ենք մսաղացի միջով անցնելուն: Երևի թե այն չարաբաստիկ հարցազրույցի ընթացքում նաև հենց այս միտքն է փորձում տեղ հասցնել, բայց ձևակերպումը անհաջող ստացվեց, իսկ մարդիկ էլ կառչեցին մանկահասակ բառից, որը ի դեպ ընդհանրապես վիրավորական չէ: Ես ծառայել եմ առաջնագծում և հավատացնում եմ , որ վերոհիշյալ պնդման համար ավելի քան լուրջ ու ծանրակշիռ հիմնավորումներ ունեմ:

4. Կարևոր է նաև զինվորների սննդի ու հագ ու կապի հիմնախնդիրը, որը նույնպես դեռևս ամբողջությամբ լուծված չէ: Նոր իշխանություններից ակնկալում ենք կարճ ժամանակահատվածում կարգավորել այս հարցը: Մեր զինվորները պետք է լավ սնվեն ու ոչ մի քաղցած զինվոր չպետք է լինի: Երևի թե սրանք են այն հիմնական խնդիրները, չհաշված էլի մի քանի հարցեր, որոնք հիմնականում ածանցվում ես այս չորս կետերի հետ: Մենք պետք է 21-րդ դարի բանակ ստեղծենք՝ արդի սպառազինությամբ ու տեխնիկական հագեցվածությամբ: Այլընտրանք պարզապես չկա, քանի որ խաղաղության ու խաղաղ գոյակցության գրավականը հզոր ու կենսունակ բանակն է: Շնորհավորում եմ»։