Կիրակի, 22 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Կայացել է Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը

Կայացել է Դավիթ Բաբայանի՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքի շնորհանդեսը
3043
Ուրբաթ, 01 փետրվարի, 2019 թ., 13:30

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում կայացել է իմ նոր «ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» գրքի շնորհանդեսը

21-րդ դարում մարդկությանն սպառնացող ավանդական վտանգները, ինչպիսին է, օրինակ, ռազմական վտանգը, այլևս երկրների և ժողովուրդների անվտանգության կարևորագույն մարտահրավերները չեն լինի: Հատուկ արդիականություն է այսօր ձեռք բերում անվտանգության այնպիսի բնագավառը, ինչպիսինն է բնապահպանական անվտանգությունը, մասնավորապես, դրա ջրային բաղադրիչը: Նման խնդիրների առաջ է կանգնած նաև Արցախի Հանրապետությունը, որի համար այս խնդիրը բարդանում է նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պատճառով: Հետևաբար, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման գործում պետք է հաշվի առնվեն կարգավորման այնպիսի տարբերակներ, որոնք կապահովեն ԼՂՀ լիարժեք և արդյունավետ «ջրային» անվտանգությունը: Մենագրությունը բաղկացած է վեց գլուխներից: Առաջին՝ «Գլոբալ հիդրոքաղաքականությունը ժամանակակից միջազգային հարաբերություններում» գլխում անդրադարձ է կատարվում այնպիսի հարցերին, ինչպիսիք են ջրի խնդիրն ու ջրային պաշարների սակավությունը, ջրային հակամարտությունները, ջրային անվտանգությունը, հիդրոահաբեկչության և տեխնածին աղետների սպառնալիքները: Այստեղ բերված են օրինակներ մոլորակի ամենատարբեր շրջաններից (Ամերիկա, Եվրոպա, Մերձավոր Արևելք, Ղրիմ, Կենտրոնական Ասիա, Հեռավոր Արևելք): Երկրորդ՝ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն. էթնոքաղաքական բնագավառները» գլխում ուսումնասիրվում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տարբեր բնագավառներ, ընդգծվում է Արցախի Հանրապետության ամբողջական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ բացառելով Ադրբեջանի կողմից ցանկացած վնասակար ազդեցություն Ղարաբաղի վրա, որի գոյությունից է մեծապես կախված հայոց պետականության ապագան ընդհանրապես: Երրորդ՝ «Արցախի ջրային ռեսուրսները» գլխում նկարագրվում են Արցախի Հանրապետության հիմնական ջրային ռեսուրսները՝ գետեր, լճեր և ջրամբարներ, ստորգետնյա աղբյուրներ: Չորրորդ՝ «Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (1921-1988թթ.) նկատմամբ» գլուխն ուսումնասիրում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ Ադրբեջանի հիդրոքաղաքականությանն առնչվող հարցեր: Գլուխը բաղկացած է երեք ենթագլուխներից՝ «ԼՂԻՄ-ի սոցիալ-տնտեսական զարգացման լիակատար զսպանն ողղված Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը», «Բաքվի իշխանությունների հիդրոժողովրդագրական քաղաքականությունը նախկին ԼՂԻՄ-ում» և «Հիդրոահաբեկչություն»: Հինգերորդ՝ «Ջրային ռեսուրսների ռազմավարական նշանակությունն Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման և պետականաշինության գործընթացում» գլխում քննարկվում է Արցախի Հանրապետության համար ջրային ռեսուրսների կարևորությունը: Այս համատեքստում կարևոր դեր են խաղում Արցախի մի շարք տարածքներ, մասնավորապես, Քաշաթաղի, և հատկապես՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանները: Վերջինս նաև Հայաստանի Հանրապետության ջրային անվտանգության կարևորագույն բաղադրիչն է, հատկապես հաշվի առնելով, որ Քարվաճառի շրջանում են սկիզբ առնում Արփա և Որոտան գետերը, որոնք, ի թիվս այլ բաների, կարևոր դեր են խաղում Հայաստանում ջրի հիմնական աղբյուրը՝ Սևանա լիճը փրկելու գործում: Եվ վերջապես, վեցերորդ գլխում ուսումնասիրվում են Արցախի և Ադրբեջանի՝ որպես հարևան երկու պետությունների միջև ապագայում փոխշահավետ համագործակցություն հաստատելու հեռանկարները: Ջրային ռեսուրսների հարցում ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների ժամանակացույցը, որը ներկայացված է գրքում, բաժանված է երկու փուլի: Առաջին փուլն ընդգրկում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հիդրոքաղաքականությունը խորհրդային ժամանակաշրջանում: Այն մտավ գագաթնակետային փուլ 1960-ականների վերջին, երբ Ադրբեջանում իշխանության եկավ Հեյդար Ալիևը: Ալիևի դարաշրջանի սկիզբ առնելու հետ մեկտեղ Բաքվի իշխանություններն սկսեցին բացահայտորեն «ջրային ճնշման» քաղաքականություն վարել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի նկատմամբ, ինչպես նաև իրականացնել «հիդրոժողովրդագրություն», այսինքն՝ տարածաշրջանի կարևորագույն գետերի աղբյուրների նկատմամբ ժողովրդագրական գերիշխում: Նույն ժամանակահատվածում Ալիևի վարչակարգը սկսեց ԼՂԻՄ-ում վարել նաև «Հիդրոահաբեկչության» քաղաքականություն: Երկրորդ փուլն ընդգրկում է ԼՂՀ ջրային խնդրի ներկա վիճակը: Ադրբեջանի հետ դիմակայության ռազմական փուլի ավարտից հետո, ԼՂՀ-ն, կարելի է ասել, լիովին ապահովագրել էր իրեն իր ջրային ռեսուրսների վրա դրսից հնարավոր ազդեցությունից: ԼՂՀ-ն այսօր, հավանաբար, մեկն է աշխարհի այն քիչ պետություններից, որն ունենալով հարուստ ջրային ռեսուրսների պաշար, ամբողջովին վերահսկում է իր տարածքով անցնող գրեթե բոլոր ջրային զարկերակների աղբյուրները: Գիրքը գրվել է հայերեն, ռուսերեն, անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով աղբյուրների և ուսումնասիրությունների հիման վրա: Օգտագործվել են արխիվային նյութեր, պաշտոնական փաստաթղթեր, տպագրված աղբյուրներից (գրքեր, ֆորումներից նյութեր, ԶԼՄ-ներում հրատարակություններ) տեղեկատվություն, ինտերնետ-աղբյուրներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության ջրային տնտեսության համակարգի, առողջապահության, գյուղատնտեսության, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունների աշխատակիցների, Բաքվի իշխանությունների հիդրոքաղաքականությունից տուժած ԼՂՀ քաղաքացիների հետ հեղինակի բազմաթիվ մասնավոր հանդիպումների ընթացքում ձեռք բերված տվյալներ: Օգտագործվել է նաև պաշտոնական փաստաթղթերի և հայտարարությունների լայն շրջանակ, մասնավորապես, ԼՂՀ նախագահի, վարչապետի, Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների որոշումներն ու պաշտոնական հայտարարությունները, ԼՂՀ կառավարության որոշումները, պարենային անվտանգության և բնապահպանության մասին ԼՂՀ օրենքները, ԼՂՀ ջրային օրենսգիրքը, ԼՂՀ վիճակագրական ժողովածուներ, ինչպես նաև Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունները»: