Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Խորհդանիշներն ու սիմվոլներն ինքնանպատակ դրսևորումներ չեն». Կարպիս Փաշոյան

«Խորհդանիշներն ու սիմվոլներն ինքնանպատակ դրսևորումներ չեն». Կարպիս Փաշոյան
146
Երկուշաբթի, 04 փետրվարի, 2019 թ., 00:05

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած դրոշի վրա խաչ ավելացնելու մասին խոսակցությունը նույնքան անլուրջ է, որքան՝ օրհներգի մասին ծավալվող քննարկումները, բայց ես ուզում եմ շատ հակիրճ այս թեմային անդրադառնալ:

Ստիպված եմ նորից կրկնել. Պետական խորհրդանիշները քաղաքական իրողություններ են: Դրանց մեջ գոյություն ունեցող կենտրոնական բաղադրիչը ավանդույթն է՝ պետականության ավանդույթը: Այսինքն պետական խորհդանիշն ինչ-որ առումով քարացած իրողություն է և արհեստական մոտեցումներով չի կարելի այն տեղաշարժել:

Վերցնենք Վրաստանի օրինակը, որի դրոշի վրա խաչ է պատկերված: Իսկ երբևէ մտածե՞լ եք, թե ինչու է այդպես ստացվել: Վրաստանի դրոշը կամայական ընտրության ու քմահաճույքի արդյունք չէ: Դա միջնադարյան Վրաստանի թագավորության դրոշն է կամ էլ առնվազն նման է դրան: Այն խորհդանշում է վրացական շարունակական պետականության ավանդույթը: Պետականության գաղափարական ընկալումը մշտապես արթուն է եղել վրացական միջավայրում, քանի որ այն ընդհատվել է միայն 1801 թ. և դրանից ելնելով էլ գործ ունենք ինստիտուցիոնալ հիշողության հետ: Այսինքն այդ գիտակցությունը երբեք չի հեռացել ու մշտապես առկա է եղել: Մինչև օրս Վրաստանում կարելի է գտնել իշխանական տների ժառանգներին:

Հայկական միջավայրում այդպիսի գիտակցություն չի եղել: Հայ հանրույթը չի ունեցել ո՛չ պետական ավանդույթ և ո՛չ էլ պետականության ինստիտուցիոնալ հիշողություն: Այսինքն մենք խզել ենք մշակութային ու քաղաքակրթական կապերը ինչպես Մեծ Հայքի, այնպես էլ Կիլիկիայի Հայկական թագավորության հետ: Իրավիճակն այս իհարկե օբյեկտիվ պատճառներ ունի, քանի որ 600 տարիների ընթացքում պետականության հետ առնչվող բոլոր համակարգերը փոշիացել են: Եթե այս խզումը չլիներ, ապա ավելի քան ընկալելի կլիներ, որ Հայաստանը ժառանգեր Կիլիկիայի թագավորության դրոշը: Ի դեպ Կլիկիայի դրոշը չափազանց նման է Վրաստանի դրոշին ու այս հանգամանքը մշտական բանավեճի պատճառ է դառնում:

Այսինքն Առաջին Հանրապետությունը ստեղծվել է դատարկ տարածության վրա, որի առաջնային նպատակն է եղել սաղմնավորել պետականության նոր ավանդույթ: Կարծում եմ այս ուղղությամբ մենք կարողացել ենք հաջողություն արձանագրել, քանի որ ունենք Առաջին Հանրապետություն-Խորհրդային Հայաստան- Երրորդ Հանրապետություն տրամաբանական շղթան: Ահա սա է մեր ավանդույթը, որի մեջ կենտրոնական դեր է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության եռագույնը, որպես նոր ստեղծված պետականության խորհդանիշ:

Բացահայտ ճշմարտություն է, որ խորհդանիշներն ու սիմվոլները ինքնանպատակ դրսևորումներ չեն ու դրանից ելնելով դրանց փոփոխությունն էլ չի կարող ինքնանպատակ լինել: Մի՞թե բարդ է հասկանալ այս պարզունակ օրինաչափությունը»: