«Մենք գիտենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար». Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան այցի արդյունքները
![]() 2343 Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 12:30 Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախագահի պաշտոնում Ադրբեջան առաջին այցը հագեցած էր, գրում է «Sputnik Georgia» գործակալությունը: Այցը, գործակալության խոսքով, արդյունավետ էր. Զուրաբիշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության խորացումը: «Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերներից է: Երկու երկրներին կապում են ոչ միայն առևտրատնտեսական կապերը, այլ նաև գլոբալ նշանակության ծրագրերը: Սակայն կան չլուծված խնդիրներ, որոնցից մեկը վրաց-ադրբեջանական սահմանին դեմարկացիա-դելիմիտացիայի հարցն է: Մոտ 30%-ն է»,- նշում է գործակալությունը: Վրաստանի և Ադրբեջանի նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև Թուրքիայի հետ համատեղ ծրագրերին: «Եթե նայենք պատմությանը, ապա կտեսնենք, որ Բաքու-Սուփսա նավթամուղի կառուցումը դեռևս 1990-ական թթ. մեծ իրադարձություն դարձավ: Այն թույլ տվեց նավթամուղով կապել Կասպից և Սև ծովերը: Դրանից հետո կառուցվեցին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթա- և գազամուղները: Մենք՝ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան կյանքի կոչեցինք այդ ծրագրերը»,- ասել է Ալիևը: Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ Ադրբեջանից զբոսաշրջիկների հոսքը կավելանա: «Կարծիքներ փոխանակեցինք նաև զբոսաշրջության զարգացման մասին: Անհրաժեշտ է զարգացնել նաև այդ ոլորտը»,- ասել է նա: Գործակալությունը գրում է նաև, որ հանդիպման ընթացքում երկու կողմերը ջերմ խոսքեր են շռայլել: «Մեր ժողովուրդները դարերով միասին են եղել: Մենք ապրել ենք եղբայրության և բարեկամության պայմաններում: Եվ այսօր այդ կապերը մեր միջպետական կապերի հիմնական գործոններից են: Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք այդ հիմքով»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զուրաբիշվիլին: Զուրաբիշվիլին անդրադարձել է նաև վրաց-ադրբեջանական սահմանին դեմարկացիա-դելիմիտացիայի հարցին՝ նշելով, որ Ադրբեջանի հետ Վրաստանն ունի ընդհանուր 446 կմ երկարությամբ սահման, որի մեկ երրորդը դեռևս դելիմիտացված չէ: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ այցի ընթացքում Վրաստանի նախագահն իրեն դրսևորել է որպես փորձառու քաղաքական գործիչ՝ խոսելով տարածքային ամբողջականության խնդրի մասին: Զուրաբիշվիլին աղմկահարույց հայտարարություն է արել՝ ասելով. «Վերջին տարիներին մեր երկրները միանման ողբերգությունների միջով են անցել: Մենք այսօր զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիան երկրի համար, երբ քո տարածքային ամբողջականությունը խաթարված է: Օկուպացիոն գծերը բաց վերքեր են մեզ համար, որոնք իրենց հերթին խոչընդոտում են մեր զարգացմանը: Այդուամենայնիվ, չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք ամրապնդվել և զարգացնել մեր տնտեսությունները՝ որպես անկախ երկիր մեր ճանապարհը շարունակելու համար»: Ադրբեջանական լրատվամիջոցների խոսքով՝ Վրաստանի նախագահը «լավ գիտի միջազգային իրավունքն ու հստակ հասկանում է դրա կարևորությունը»: Զուրաբիշվիլիի՝ Ադրբեջան այցն ավարտվել է պաշտոնական ընթրիքով: «Մեր գործընկերությունը կամրապնդվի և կխորանա բոլոր ուղղություններով: Մենք պետք է ուժեղացնենք միմյանց, ինչը հիմք կհանդիսանա ողջ տարածաշրջանի և մեր քաղաքացիների բարեկեցության համար»,- եզրափակել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նշենք, որ Զուրաբիշվիլին երկօրյա պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այցելությունը նախատեսված է մարտին, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն: |
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ունի մեկ դաշնակից, և այդ մեկը Թուրքիան է». Նարինե Դիլբարյան
804:06«Ինչո՞ւ Փաշինյանն այն ժամանակ չէր խոսում այն քայլերի ու գործողությունների մասին, որոնք այժմ իրականացնում է»․ Նորիկ Նորիկյան
9903:06«Շուտով կսկսվի կատաղի քաղաքական պայքար»․ Արմինե Օհանյան
16401:48«Հայաստանում քաղաքական մշակույթ գոյություն չունի, անգամ պետություն գոյություն չունի»․ «ՀայաՔվե»
11501:42«Ռուսաստանը խաղից դուրս է մնում»․ Գարիկ Քեռյան
13301:12«Սարքած գործ, որ հնարվել է Նիկոլ Փաշինյանի հորինած «հիբրիդային պատերազմի» PR պղպջակ-փազլը հավաքելու նպատակով». Լևոն Զուրաբյան
14900:24«Քաղաքական դաշտը կրկին զտվում է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
11400:00«Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման»․ Էդուարդ Շարմազանով
152Երեկ, 23:42