Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նիկոլը բավականին անհարմար քաղաքական իրավիճակում է հայտնվել». Արմեն Հովասափյան

«Նիկոլը բավականին անհարմար քաղաքական իրավիճակում է հայտնվել». Արմեն Հովասափյան
33
Այսօր, 16:06

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին՝ հայտնելով նոր Սահմանադրության նախագծի հրապարակման մասին։
Ի դեպ, երեկ՝ նոյեմբերի 17-ին, տեղի է ունեցել նաև ՔՊ վարչության նիստը, որտեղ քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր։
Ակնհայտ է, որ Նիկոլը բավականին շտապողականությամբ է փորձում սահմանադրական հարցը տեղափոխել հանրային օրակարգ։ Եվ այս շտապողականությունը պատահական չէ։
Նոյեմբերի 7-ին Նիկոլն արդեն ավելի հստակ ներկայացրեց իր խոսակցությունների բովանդակությունը Ալիևի հետ՝ ընդունելով, որ Ադրբեջանը գործող Սահմանադրության պայմաններում չի ցանկանում ստորագրել և վավերացնել խաղաղության պայմանագիրը։
Իսկ նոյեմբերի 17-ին էլ Ռուբինյանը կրկին հաստատեց, որ Բաքուն խաղաղության համաձայնագրի ստորագրումը կապում է ՀՀ նոր Սահմանադրության ընդունման հետ։
Այս փաստերը բավական են հասկանալու համար, թե ինչու է սահմանադրական հարցն այս պահին իշխանության համար դարձել հրատապ։
Իմ գնահատմամբ՝ Նիկոլի գործողություններն ակնհայտորեն պայմանավորված են նաև դրսից եկող ճնշումներով։ Բաքուն սպասում է սահմանադրական գործընթացի արդյունքին, իսկ Նիկոլի «տերերը» ակնկալում են, որ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Արտաքին ակնկալիքները նրան մղում են հնարավորինս արագ հանրային օրակարգ բերել հարցը և մինչև տարեվերջ որոշակիություն մտցնել գործընթացի հետագա ընթացքի վերաբերյալ։
Ըստ էության, Նիկոլն այսօր բավականին անհարմար քաղաքական իրավիճակում է հայտնվել։ Մի կողմից՝ արտաքին տերերի սպասումներն են, մյուս կողմից՝ հասարակության մեջ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ առկա զգայունությունն ու դրանց իրական նպատակների վերաբերյալ հարցերը։ Նա ստիպված է հանրությանը ներկայացնել մի գործընթաց, որի անհրաժեշտությունը հիմնավորելիս չի կարող շրջանցել Ադրբեջանի պահանջներն ու այդ պահանջների հետ իր քաղաքական պայմանավորվածությունների կապը։
Ուստի առաջիկա ուղերձում Նիկոլի ասելիքը լսելուց շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ում պահանջով և ում շահերի համար է նա նախաձեռնում այս գործընթացը։ Սահմանադրության փոփոխությունը Նիկոլի «տերերի» թելադրանքով, մասնավորապես՝ Բաքվի նարատիվով ու պարտադրանքով առաջ մղելը հայ ժողովրդի ազգային արժանապատվության, ինքնիշխանության և սեփական պետության ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի խնդիր է։ Սա այլևս Նիկոլին լսելու կամ նրա հերթական քաղաքական ներկայացմանն արձագանքելու հարց չէ։ Սա հայի արժանապատվության հարց է։
Հայաստանը չի կարող իր պետականության հիմնարար փաստաթուղթը փոխել իր պարտության հետևանքները սեփական սահմանադրական կարգի մեջ ամրագրելու և օրվա կառավարիչների արտաքին տերերի պահանջները կատարելու համար»:

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան