«Գրկեցի երեխային, աչքերս մթնեցին, գլխի կեսը չկար». Նիկոլայ Գրիգորյան
892
Հինգշաբթի, 28 մարտի, 2019 թ., 01:15
Լրագրող, ՀՀ պետական գործիչ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատառիկներ Արտակարգ Գրքից Անհաջող վայրէջք. 29 տարի առաջ այս օրը
Որպես լրագրող՝ աշխատանքի բերումով, հաճախակի եմ հայտնվել արտակարգ իրավիճակներում՝ պատերազմի դաշտում, սահմանամերձ գոտիներում, աղետների, դժբախտ դեպքերի ու հանցագործությունների վայրերում, սակայն ամենահիշվողը 1990 թ. մարտի 28-ն էր, որը հետագայում դարձավ իմ երկրորդ ծննդյան օրը:
1989-90 թթ. ՙԼրաբերի՚ նկարահանող խմբերն անընդհատ սահմանամերձ գոտիներում էին: Ես մերթ Գետաշենում էի, մերթ՝ Շահումյանում, Հադրութում, Բերդաձորում եւ այլուր: Ուղղաթիռները հայկական կղզյակներ սննդամթերք, կամավորներ ու նաեւ զենք էին հասցնում: 90-ի հունվարին Մանաշիդի մոտ մերոնք ադրբեջանցիներին լուրջ հակահարված տվեցին: Հայկական մամուլում Մանաշիդի ճակատամարտը չէր իջնում առաջին էջերից՝ որպես կազմակերպվածության ու զինվելու անհրաժեշտության խորհրդանիշ: Ադրբեջանցիներն այնքան վստահ էին իրենց հաղթանակին, որ նկարահանող խմբով էին եկել ավարի: Բայց այդ օրը մեր նկարահանող խմբինն էր, որ լրիվ պատահաբար Շահումյանում էր: Ազերի գերիների հետ մտերմիկ հարցազրույցը հաղթական ռեպորտաժիս մեխն էր:
Ծավալվող իրադարձությունները՝ Գետաշենում թեքված ուղղաթիռը (ժամանակ ու վառելանյութ խնայելու նպատակով՝ օդաչուները շարժիչը չէին անջատում) տասներեք մարդ կոտորեց (բառիս բուն իմաստով), դարանակալ գերեվարվեց Գետաշեն արարողության մեկնած Շահումյանի շրջանի ամբողջ ղեկավարությունը (շրջկոմի առաջին քարտուղարով, դատախազով, ագրոպրոմի նախագահով… Վերջինս Շահումյանի ինքնապաշտպանության ղեկավար Շահեն Մեղրյանն էր), պատասխան գործողություններով ու բանակցություններով՝ բոլորն էլ անվնաս տուն վերադարձան, համարյա շաբաթը մեկ ինձ ստիպում էին կամ Գետաշեն կամ Շահումյան թռչել: Ամենատպավորիչ ռեպորտաժը մեր պատանդների ազատ արձակվելու օրն էր՝ ոտքերի տակ մատաղվող գառներով, օդ արձակվող աղավնիներով, համաժողովրդական խնդությամբ, գինին հորդում էր գետի պես: Իսկ մեր նկարահանող խումբը դարձյալ այնտեղ էր ու էլի պատահաբար: Շահումյանցիների վերադարձի սյուժեն հենց նույն օրը ՙԼրաբերով՚ ցուցադրվեց, եւ այնպիսի խանդավառություն առաջացրեց, որ հաջորդ օրը, ընդառաջելով ոչ միայն հեռուստադիտողների բազմաթիվ պահանջ-խնդրանքներին, հեռուստատեսությունն այն կրկնեց: Լրատվական ծրագրի համար դա աննախադեպ երեւույթ էր:
1990 թվական, մարտի 28: Երեւանի Էրեբունի օդանավակայան: Երեքօրյա սպասումից հետո (մառախլապատ երկինքը թռիչքային չէր) ժամը 12 անց 15 մեր ՄԻ-8 ուղղաթիռը վերջապես օդ բարձրացավ: Մի ժամ տասնհինգ րոպե հետո պիտի լինեինք Շահումյանում: Օրվա մամուլն էի կարդում, մի քիչ զրույցի բռնվում օդաչուների հետ, թե ստացվեր՝ մի փոքր էլ ննջում: Տասնյակ անգամ ուղղաթիռ եմ նստել՝ նույնիսկ բաց դռնից կախվել, բայց օդից, օդանավից, բարձրությունից երբեք չեմ վախեցել, մինչ այդ օրը, այսինքն՝ այդ օրն էլ չհասցրի վախենալ. վախը հետո եկավ: Ամենամեծ բերկրանքը վայելում էի սարերի վրայով թռչելիս: Վարորդներն ինձ լավ կհասկանան. ղեկի մոտ ես, հասնում ես բլրի գագաթին, արդեն պիտի սկսես վայրէջքը, իսկ մեքենան շարունակում է ուղիղ ընթանալ՝ ճախրելով ձորի վրա: Այդպես, շատ ցածր ճախրելով ադրբեջանական երկու գյուղերի վրայով, մոտենում էինք Շահումյանին, երբ ուղղաթիռի տակից անծանոթ ձայներ լսվեցին, ասես կարկուտ էր հարվածում: - Կրակում են, - գոռացինք միաձայն: Կրակոցները դադարեցին, խուճապն անցավ, հասանք Շահումյան: Շահումյանում երկու տեղ կար իջնելու. մեկը մարզադաշտն էր , իսկ մյուսը՝շրջկենտրոնից դուրս, Հայբորիս գյուղից ներքեւ (քանի որ ԽՍՀՄ ներքին զորքերը տարածքը հսկում էին, այստեղ իջնում էին, երբ գաղտնի բեռ կար): Մարզադաշտի վրայով փոքրիկ շրջան կատարեցինք ու այն է՝ պիտի իջնեինք, երբ ուղղաթիռի պրոպելլերը լքելով մեզ, բարձր արագությամբ սլացավ դեպի այգիները, մոտ 200 մետր դրանք հնձելով:
Երբ պրոպելլերը մեր ուղղաթիռից պոկվեց, թռավ ու մերձակա այգին հնձելով անհետացավ, հայացքս սկսեց փնտրել տեղը, ուր պիտի ընկնենք: Դիմացը մի երկհարկանի շենք կար: Շենքի առջևում երկու կին, իրար ձեռք բռնած, փորձում էին փախչել ընկնող ուղղաթիռից, սակայն իրար խանգարում էին: Մինչ շենքին կհարվածեինք, ուղղաթիռը պոչով կառչեց-կպավ բարձրավոլտ էլեկտրասյանը, պոչը բացվեց, ու մի քանի հոգի ժամանակից շուտ վայրէջք կատարեցին: Ուղղաթիռը քիթը ցցեց վեր ու փորի վրա դրխկաց թե դրմփաց, մեղմ ասած՝ շատ կոշտ հարվածեց գետնին ու բլուրն ի վար սկսեց պտտվելով իջնել: Գործի բերումով ուղղաթիռ հաճախ էի նստում: Օպերատորին միշտ նստեցնում էի օդաչուների խցիկի ամենաքթին՝ ապակեպատ հատվածում, ինքս էլ՝հարմարավետ տեղավորվում օդաչուների մեջտեղում՝ սրահ մտնող կամարի տակ բացվող նստարանին, թերթ էի կարդում կամ հետևում անընդհատ փոխվող տեսարաններին: Մուլտերում են ցույց տալիս, մեկ էլ գրքերում էի կարդացել, որ մարդու աչքերը կարող են դուրս գալ ակնապիճներից… Մեր օդաչուն ոչ մարդկային ձայնով գոռալով, ամբողջ մարմնի ուժով երկու ձեռքերով ամուր կառչած՝ փորձում էր ղեկ-ձողը կառավարել, դեմքի մկաններն ուռել էին անհնարինության աստիճանի, աչքերը դուրս էին եկել իրենց խոռոչներից: Ես գոռում էի՝Ստյոպ, Ստյոպ…, իսկ նա միայն խռխռացնում էր: Երբ հարվածեցինք բարձրավոլտ էլեկտրասյանը, ես ընկա ընդհանուր սրահ ( հարյուրից իննսուն դեպքերում էլեկտրալարերի հետ շփումից հետո ուղղաթիռները միանգամից բռնկվում ու պայթում են: Նույնպիսի նեղացկոտ բնավորություն ունեն նաև առանջին վերցրած պրոպելերները, որոնք նույնիսկ կրակոցից կարող են լքել ուղղաթիռը) : Միայն առանձին դեպքերում բարձրավոլտերն ավտոմատ անջատվում են: Ես ինձ միշտ համարել եմ բախտավոր աստղի տակ ծնված, և այս դեպքը կարծես հատուկ էր գալիս, որ դա ապացուցի՝մեր ուղղաթիռը ոչ միայն չհոսանքահարվեց, այլև քիթն ուղղեց ու վայրէջքի թափը կոտրեց: Ափսոս կադրը դրսից չեմ տեսել, բայց ներսում սարսափ կինո էր՝ տասնյակ ուղևորներ՝ կանայք, երեխաներ. Չոր հարված ու գլխիվայր երեք պտույտ: Մինչ իմ սրահում հայտնվելը, մարդիկ արդեն խռնվել էին պոչամասում, և ես ինքնուրույն էի իրականացնում տանիք-հատակ իմ պտույտները: Հիմնական վտանգը ուղղաթիռի շարժական աստիճանն էր, որի ընկերակցությամբ էլ տրյուկներս կատարում էի: Սա ուղղաթիռային իմ առաջին վթարն էր, դեռ լիարժեք տեղեկացված չէի իմ կենսունակության և մանավանդ՝ բախտավոր աստղի մասին, ու միամտորեն պատրաստվեցի մահվան: Բազմաթիվ ռեպորտաժներ էի պատրաստել ու նույնիսկ նեղ մասնագիտական տերմինաբանությամբ գիտեի, որ վթարների ժամանակ, այն էլ ավիա՝մարդիկ զոհվում են՝ստանալով մարմնական վնասվածքներ, որոնք համատեղելի չեն կյանքի հետ: Դա կարող է լինել ուժեղ հարվածը, կտրող-ծակող գործիքը, հնարավոր են նաև պայթյունն ու ամենակուլ հրդեհը: Մի կողմից տեքստեր եմ գրում իմ կապակցությամբ, մյուս կողմից՝ բռնցքամարտիկի պես ձեռքերս բլոկ պահած անընդհատ պաշտպանվում եմ վրաս հարձակվող ծանր աստիճաններից: Դեմքս էլ թաղում եմ արմունկներիս արանքում, որ չվնասվի՝գեշ, այլանդակված մեռել չլինեմ, որ երեխեքս չվախենան: Դե լավ, քեզ շատ մի տանջի՝փակ դագաղով կթաղեն: Փորձեցի ափսոսանք ու խոր ցավ ձևակերպել իմ երիտասարդ ու խոստումնալից կյանքի վաղաժամկետ ու ողբերգական վախճանի առիթով, բայց ինձ խղճալու գործընթացը չստացվեց. ժամանակ չկար: Մեկ էլ աչքիս առջևով սկսեց ժապավեն անցնել՝ վերևից ներքև, կինոյի նման, բայց ֆոտո կադրեր էին. Բոլոր այն կանայք ու աղջիկները, ովքեր ինձ հետաքրքրել էին, ում ցանկացել էի, բայց՝ ինչ ինչ հանգամանքներում, ինչ ինչ պայմանականությունների պատճառով չէր ստացվել: Չգիտեմ՝ ժապավենն էր կարճ, թե երեք շրջապտույտն արագ ավարտվեց (երեք շրջապտույտը, կրակված պրոպելերը քննչական եզրակացությունից էին): Համենայն դեպս ուղղաթիռը մեջքի վրա կանգ առավ: Մի քանի ակնթարթ խոր լռություն էր, վախեցնող, անդնդային, ավելի շուտ՝ անդրշիրիմյան լռություն: մեկ էլ այն ճեղքվեց ողբով ու կականով, օգնության ճիչերով: մարդկանց ու իրերի նման դասավորություն նույնիսկ երկրաշարժի ժամանակ չէի տեսել. Տասնից ավելի, չորս-հինգ հոգանոց մարդկային բրիկետներ, խնամքով ու հավասարաչափ բաշխված, դատարկ տեղերը բեռներով սվաղած; Անընդհատ հետս կռիվ եմ տալիս այս ու հաջորդող համեմատության համար, բայց ոնց որ՝ ձկան պահածո: (Համեմատությունն այդ պահինն է: Էդ հետո արդեն ինքս պիտի համոզվեի, սովորեի և ուսանողներիս պիտի բացատրեի, որ արտակարգ իրավիճակներում, ողբերգական պատահարների ժամանակ պետք է զգույշ լինել համեմատություններում, կատակն ու հումորը՝ ծայրահեղից էլ անդին անհրաժեշտության դեպքում, այն էլ սեփական անձի նկատմամբ: Կոռեկտ, նրբազգաց, հոգատար, ուշադիր, ոնց որ ականապատ դաշտով քայլելիս, ոնց որ ամենամտերիմներիդ մերկ ու զգայուն նյարդերի վրայով անցնելիս): Զգացի, որ մի երկու տնքոց էլ ինձնից է գալիս: Գլխիս մեջ ասես միաժամանակ մի քանի տրակտոր աշխատեին, մեկն էլ ոնց որ շերեփով (կովշով) լիներ, որովհետև այն անընդհատ ներսից ցավագին քսվում էր գագաթիս ու նույնիսկ մի քիչ դուրս էր ցցվել: Ձեռքս տարա դեպի կովշը՝ գլուխս խոնավ ու թաց էր, մատներս արյունից կարմրեցին: Մյուս ձեռքս արդեն իսկ վնասված արնաշաղախ էր: Զգացի, որ արագ-արագ, մակերեսային, դժվար ու ցավոտ եմ շնչում. մի քանի կող էր վնասվել (հետո պարզվեց՝կոտրվել, բայց չէր տեղաշարժվել): Աչքս մտավ դրսի պատկերը՝ լեռնային աղբյուրի նման, բխկբխկալով, դուրս էր հորդում ուղղաթիռի վառելանյութը: - Դե Նիկոլայ, - դիմեցի ինձ, հա մոռացա ներկայանալ՝ Նիկոլայ Գրիգորյան, 1990 թվականի մարտի 28-ին ժամը 13.30-ին Հեռուստատեսության Լրաբեր լրատվական ծրագրի 33 ամյա լրագրող, երեք երեխաների հայր, - հիմա որ դուրս չեկար, հետո դժվար կլինի ապացուցելը, որ ընկնելուց հետո ողջ ես եղել, որովհետև քիչ հետո ինչ որ դարդիմանի սիգարետից կամ լուցկուց բխկբխկացող վառելանյութը կբռնկվի, և ուղղաթիռը՝ իր ջարդուխուրդ, բայց՝ ողջ ուղևորներով հօդս կթռչի: Այդ փաստն էլ հետագայում կգրանցվի որպես հազվագյուտ երևույթ. վառելանյութի լճակի մեջ թաթախված հարյուրավոր մարդիկ՝ փրկողներ ու փրկվողներ, զինվորներ ու նույնիսկ քնելիս ծխախոտը բերանից չհանող ծերունիներ, երեխաներ, բայց ոչ մի կրակ ուղղաթիռին չկպավ: Կամաց-կամաց վերադառնում էին ձայները, այսինքն՝ լսողությունս էր վերականգնվում: Մի կողմից՝ այ-վայ-աման… մյուս կողմից՝ չոր ու քյառթու, անխնա, բազմահարկ հայհոյանք: Փորձեցի օգնել մարդկանց: Ամենավերևում գտնվող տղամարդուն ձեռքից ու ոտքից բռնած պարզապես մյուսների վրայից սահեցրի ներքև: Հաջորդը կին էր՝ մի ձեռքն ու երկու ոտքերը անբնական հակառակ կողմ ծալված-կոտրված: Նրա տակ փոքրիկ աղջիկ էր՝ երկար մազերով: Գրկեցի երեխային, աչքերս մթնեցին, սկսեցի կորցնել հավասարակշռությունս՝ գլխի կեսը չկար: Զգացի, որ ինձ են օգնում, երեխային ձեռքիցս վերցրին: Օդաչուի պատուհանից մի կերպ սողալով դուրս եկա: Քայլում էի դանդաղ, դողացող ոտքերս ասես թղթից լինեին, ամեն քայլի հետ անկասելի ցավից երկու տնքոց ու մի հայհոյանք, շորերս փոշոտ-փոշոտ՝ արնաշաղախ, դեմքս փոշոտ ու արնոտ: Կողքովս անցնում էին ինձ շատ ծանոթ մարդիկ, խղճահարությամբ նայում էին, բայց չէին ճանաչում: մեկ էլ մի ծեր կին չոքեց առաջիս, ձեռքերով խփեց ծնկներին՝ վայ բալա ջան, էս ինչ օրն ես ընկել: Մեղքս ինչ թաքցնեմ՝ էդ ոնց մեղքս եկա, աչքերս թրջվեցին, բա իմ մայրը որ հիմա ինձ այսպես տեսներ, կինս, երեխաներս: Երեխաների վրա աչքերիս վտակներն ավելի հորդացան: Բա որ…ընդհանրապես էլ երեխաներիս չտեսնեի: Այ էստեղ արդեն տեսա, որ թուլությունը խղճահարության տեսքով ինձ իր գիրկն է առնում, խելքս հավաքեցի գլուխս, ինձ կարգի հրավիրեցի, դեմքիս չստացված, անճոռնի ժպիտ գծագրեցի, հյութեղ քֆուրախառը մի հատ խորը շունչ քաշեցի (հնարավորինս խոր, որովհետև կոտրած կողերով շնչառությունն ամենացավոտ զբաղմունքներից է, էլ չասեմ՝ քայլելը, ծիծաղելը, մեքենա նստելը…) ու քայլեցի բլրով դեպի վեր, որտեղ նկատել էի իմ օպերատորին: Օպերատորս՝Ադիկ Սահակյանը, փառք Աստծո, ընդամենը մի քերծվածք ուներ ճակատին և ուղղաթիռի ամենաանվնաս ուղևորն էր: Ինձ դիմավորեց լացուկոծով՝էս ինչ օրը մեզ գցեցին, ես դրանց… -Այ, Ադիկ ջան, տեսար քեզ ինչ լավ տեղ էի նստացրել, դա ուղղաթիռի ամենաանվտանգ տեղն էր, կամերադ ոնց ա, ըհը շատ լավ ա, որ ոչինչ չի եղել, դե վերցրու՝ սկսենք աշխատել: Հետո ստիպված ձայնս խստացրի, անցա հրամանատարական տոնի, ֆիզիկական վնաս հասցնելու սպառնալիքների, Ադիկն ուշքի եկավ, կամերան վերցրեց, ու սկսեցինք նկարահանումները՝ դեպքի վայր, հիվանդանոց, ծանր վիրավորների հետևից եկած ուղղաթիռ՝բժիշկներով, նեղ մասնագետներով: Ուղղաթիռով մենք չվերադարձանք, էլի սյուժեներ պատրաստեցինք՝ դպրոց, կենցաղ, խաղաղ կյանք՝ արկերի ու գնդակոծությունների տակ: Էդ լաց ու կոծի, արյան ու ցավի մեջ ամբողջ կյանքիս համար որպես ժպիտի անսպառ աղբյուր մնաց ուղղաթիռում մեզ հետ լավ ջարդուխուրդ եղած մարտակերտցի միամիտ բուժքույրը՝ Պըյ, ես որ իմանայի վերտալյոտը սենցա պասադկա անըմ, նստիլ չէի: Ցավոք, դա իմ միակ նմանատիպ պասադկան չէր, որը պատճառ դարձավ ինձ մոտ թռչող սարքերի նկատմամբ կայուն վախի ձևավորմանը: Երկար ժամանակ Ինչ ուղղաթիռ կամ ինքնաթիռ նստում էի՝ կամ գնդակոծում էին, կամ վթարվում էր՝ինչ որ բան էր փչանում կամ էլ բնության երևույթները արհավիրքի կամ թռչունների տեսքով հարձակվում էին մեզ վրա՝Շահումյան ու Գետաշեն, Նոյեմբերյան ու Հադրութ, Կապան, Մոսկվա, Նովոսիբիրսկ, Ուֆա, Տոկիո, Բաղդադ, Կանզաս… առիթ լինի հերթով մանրամասն կպատմեմ: Նաև վախի մասին կպատմեմ՝ թե ինչ կաշկանդող, կազմալուծող, ոչնչացնող ուժ ունի, թե ժամանակ եղավ կպատմեմ նաև վախի հետ հաշտ ապրելու գաղտնիքը: Երբ իրական մահվան սպառնալիքից սարսափը քարանում է աչքերումդ, երբ ոտքերդ հրաժարվում են քեզ ենթարկվելուց, երբ վախը ցավ է դառնում ու տարրալուծվում ողնաշարիդ մեջ, երբ շունչդ կտրվում է ու ոչ մի հասկանալի հնչյուն չես կարողանում արտաբերել, մի վախեցիր, ուրախացիր, որ դեռ ողջ ես ու կարող ես խորը շունչ քաշել, քաշիր, քաշիր, ինչքան հնարավոր է խորը և արտաշնչիր ու դուրս փչիր քո վախն ու անհանգստությունը: առանց վախը հաղթահարելու ոչ կարող ես ինքդ քեզ պահել, ոչ տուն-տեղ, երեխա, ոչ էլ առավել ևս՝ հայրենիք»: