«Սարգիս Թորոսյան՝ հայ հերոս, ում թուրքական իշխանությունները նախընտրում են մոռացության մատնել». Սարգիս Շահմուրադյան
![]() 572 Ուրբաթ, 29 մարտի, 2019 թ., 02:10 Իրանահայ լրարող Սարգիս Շահմուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սարգիս Թորոսյան՝ Գալիպոլիի ճակատամարտի հայ հերոսը, ում թուրքական իշխանությունները նախընտրում են մոռացության մատնել Չնայած Թուրքիայի կառավարությունը նախատեսում է մոռացության մատնել մեկ դար առաջ դաշնակիցների դեմ այս ճակատամարտում տարած հաղթանակում հայերի ունեցած դերը, սակայն, Սարգիս Թորոսյանի անունը պատմության էջերից ջնջելն այդքան էլ հեշտ չէ: «Չանաքկալեում մի հայ սպա կար՝ Սարգիս Թորոսյան անունով: Նա Կեսարիայից էր: Հրետանու հրամանատար էր: Հակառակորդի մի քանի նավ էր խորտակել: Մարտերից մեկում ծանր վիրավորվել էր: Լեյտենանտի կոչում ուներ, հասավ մինչև մայոր»,- գրում է թուրքական «Սաբահ» օրաթերթի սյունակագիր Էնգին Արդըչը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այն ժամանակ, երբ Սարգիս Թորոսյանը Չանաքկալեում մարտնչում էր Թուրքիայի համար, նույն այդ օրերին՝ 1915թ. ամռանը, Կեսարիայում թուրքերը կոտորում էին նրա ծնողներին: Սարգիս Թորոսյանը ծնվել է 1891 թվականին Թուրքիայի Էվերեկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական ծխական դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Ադրիանապոլսի պետական քոլեջը։ Վաղ տարիքից նա երազում էր զինվորական դառնալու մասին, սակայն Օսմանյան կայսրությունում մինչև 1908 թ.-ը քրիստոնյաներին խստորեն արգելված էր զինվորական դառնալ: Քոլեջում ուսանելու տարիներին Սարգիսը ընկերանում է ազգությամբ արաբ Մուհարեմի հետ, ում հայրն օսմանյան բանակի փաշա էր: Վերջինիս միջոցով երկու տղաներն էլ ուսումը սկսում են շարունակել ռազմական դպրոցում: 1914 թվականին Սարգիսը հրետանային լեյտենանտի կոչում ստանալով՝ երեք ամսով ուղարկվում է Գերմանիա: Թուրքիայի՝ պատերազմի մեջ մտնելուց առաջ Թորոսյանը նշանակվում է Էրթուղրուլ ֆորտի հրամանատար, որը պաշտպանում էր Դարդանելի մուտքը։ Նա առաջինն էր, ով 1915 թվականի սկզբին ոչնչացրեց բրիտանական ռազմանավը Դարդանելի ճակատամարտում: Սարգիս Թորոսյանի այս քայլը գնահատանքի արժանացավ թուրք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Գեներալ Ջևադ փաշան վերջինիս ներկայացնում է Ռազմական գործերի նախարար Էնվեր փաշային՝ ընդգծելով, որ կապիտան Թորոսյանի ղեկավարած ֆորտերը միակն էին, որոնց հաջողվեց ջրասույզ անել հակառակորդի նավերը: Ընդունելության ընթացքում նախարար Էնվեր փաշան, իր հերթին, Սարգիս Թորոսյանին ներկայացնում է գերմանացի բարձրաստիճան սպաներ մարշալ Լիման ֆոն Սանդերսին և գեներալ Ֆոն դեր Գոլցին՝ որպես «Դարդանելի հայ հերոսի», հաղորդում է Genocide-museum-ը: «Ինձ տարան Էնվեր փաշայի անձնական սենյակը: Մի րոպե համարյա Ձերդ գերազանցությունն ուշադիր զննում էր ինձ, հետո վեր կացավ ու ներկայացրեց ինձ իր գերմանացի խորհրդականներին՝ անվանելով ինձ Դարդանելի հայ հերոս»,- գրում է Թորոսյանն իր հուշերում: Հանդիպման ընթացքում Էնվերն ու գերմանացի զինվորականները խորհրդակցում են Սարգիս Թորոսյանի հետ Չանաքկալեի ռազմաճակատում ստեղծված ռազմական իրադրության և բրիտանացիների հաջողության հասնելու հնարավարությունների մասին: Ավելին, ցուցաբերած քաջության համար Էնվեր Փաշան Թորոսյանին նաև մեդալներով է պարգևատրել: «Միություն և առաջադիմություն կուսակցության առաջին դեմքը Թորոսյանին պատվոգիր էր ուղարկում, միևնույն ժամանակ նրա ընտանիքին էր կոտորում»,- նշում է թուրք սյունակագիր Էնգին Արդըչը: 1915թ. հունիսից, երբ սկսվեց կայսրության հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը, Սարգիս Թորոսյանի ծնողներն ու քույրը ևս տեղահանվեցին ու ուղարկվեցին Դեր Զոր: Էվերեկի կայմակամ (շրջանի ղեկավար) Զեքին, նախքան տեղահանելն, առաջարկել էր Թորոսյանի ծնողներին իսլամ ընդունել և իրենց փոքր դստերը կնության տալ իր զարմիկին: Սակայն առաջարկը մերժվել է: Թորոսյանն Էնվեր փաշայից փորձում էր իր ընտանիքի փրկության համար միջնորդություն հայցել: «…Հեռագիր ստացա, որտեղ ասվում էր, որ ծնողներիս սխալմամբ արտաքսել են: Պաշտպանության նախարարին ուղղված խնդրագիր կազմեցի, զեկուցեցի Էվերեքի քաղաքապետի քայլերի մասին ու խնդրեցի անմիջապես շտկել իրավիճակը: Գերագույն օրենքն ասում էր, որ քրիստոնյա զինվորականների ընտանիքներին չի կարելի հետապդնել, սակայն Թալեաթ փաշան՝ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը, խախտեց այդ օրենքը»,- գրել է իր հուշերում Թորոսյանը: Ավելին, Թալեաթ փաշան ոչ միայն խախտեց օրենքը, այլ նաև նրա կարգադրությամբ Թորոսյանի դեմ մահափորձ կատարվեց: Որոշ ժամանակ անց Թորոսյանի դեմ Պաղեստինում իրականացվեց երկրորդ մահափորձը: «Լավ կլիներ՝ Դաշնակից զորքերը ճեղքեին օսմանյան պաշտպանությունը, այդ դեպքում գուցե ընտանիքս փրկվեր…»,- գրել է Թորոսյանը: Երիտթուրքերի հանդեպ ունեցած ատելությունը ստիպում է Թորոսյանին միանալ արաբներին, որոնք Նուրի Յուսուֆի ղեկավարությամբ գործում էին Դաշնակիցների հովանու ներքո: Արաբական անապատներից մեկում Թորոսյանը գտնում է իր քրոջը՝ Բայզարին, սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է հիվանդությունից: Կիլիկիահայերի վերադարձից հետո Թորոսյանը մասնակցում է քեմալականների դեմ կազմակերպված տեղական ինքնապաշտպանական մարտերին, սակայն դրա անհաջող ավարտից հետո տեղափոխվում է Միացյալ Նահանգներ: 1927 թ. Բոստոնում Սարգիս Թորոսյանը հրատարակում է իր հուշերը՝ «Դարդանելից Պաղեստին» վերնագրով, որն ուշագրավ տեղեկություններ է պարունակում ինչպես Գալիպոլիի ճակատամարտի, այնպես էլ Հայոց ցեղասպանության մասին: |

Անդրանիկ Թևանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից
913:30
Ակցիայի մասնակիցները երթուղայինների ուղևորներին հորդորում են միանալ իրենց
3513:24
Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության շենքի մոտ են
4813:18
Լևոն Քոչարյանին հոսպիտալացրել են
7313:12
«Մի՛ բրդիր. ոստիկա՞ն ես, թե՞ Նիկոլի պաշտպանը». լրագրողը՝ կարմիր բերետավորին (տեսանյութ)
7413:06
«Ժողի ռեկտորի մայրիկն է». Գևորգ Էմին-Տերյան
11212:54
Քաղաքացին, որին ոստիկանները մեքենայի մեջ ծեծում էին, Լևոն Քոչարյանն էր (տեսանյութ)
17112:36
Ակցիայի մասնակիցներն աղբամաններով փակում են Սարյան փողոցը
11512:30
