Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը՝ Մարաղայի ջարդերի 27-րդ տարելիցի վերաբերյալ
298
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2019 թ., 15:10

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել․ «Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ տարվող հայատյաց և ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումը եղավ 1992թ. ապրիլի 10-ին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված կոտորածները: Ապրիլի 10-ի առավոտյան սկսվեց գյուղի հրետակոծությունը, այնուհետև ադրբեջանական զորքերը մտան Մարաղա: Բնակչության հիմնական մասը հասցրեց լքել գյուղը, իսկ ովքեր չհասցրեցին, ադրբեջանական զինված ուժերի վայրագությունների զոհ դարձան։ Երբ հաջորդ օրը հայկական ուժերը գյուղն ազատագրեցին, հայտնաբերեցին ազգությամբ հայ քաղաքացիական անձանց բազմաթիվ խեղված դիակներ: Ըստ տարբեր տվյալների՝ Մարաղայում սպանվել է ավելի քան 57 քաղաքացիական անձ, և ավելի քան 60-ը գերի են վերցվել, որոնցից 9 երեխա և 29 կին: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսն այսպես է նկարագրում Մարաղայում տեղի ունեցածը. «Այն ինչ որ մենք տեսանք՝ նկարագրության ենթակա չէ։ Գյուղը ամբողջովին ավերված էր։ Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակի մասեր։ Մի մասին թաղել էին նախորդ օրը. նկարահանելու համար նրանց հանեցինք, թեև հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար։ Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված և կտրտված դիակներ, երեխաների դիակներ, մարմնի մասեր և արյունոտ հող, որտեղ սղոցել էին նրանց։ Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղեռնագործությունը: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել և այրել էին գյուղը»: Ինչպես Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, այնպես էլ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանի կողմից շարունակվել է հայերի էթնիկ զտման քաղաքականությունը, որը, ըստ մեր վերլուծության, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը: Ավելին, բացի հարյուրհազարավոր ադրբեջանահայության հայրենազրկումից, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց սեփականության, ազատ տեղաշարժի և մի շարք այլ իրավունքներ շարունակաբար մնում են խախտված, և շատերն առ այսօր կրում են այդ քաղաքականության ֆիզիկական, հոգեբանական ու նյութական հետևանքները: Կատարված հանցագործությունները մինչ օրս պատշաճ իրավական գնահատական չեն ստացել և փաստացի մնացել են անպատիժ, ինչի հետևանքներից է նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության կողմից հայատյացության պետական քաղաքականության իրականացումը: Դրա զոհերն են շարունակում դառնալ ոչ միայն ադրբեջանահայությունն ու Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բնակչությունը, այլև հայ ազգի բոլոր ներկայացուցիչները և Արցախ այցելող օտարերկրացիները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վերաբերյալ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը 2018թ. հրապարակել է հատուկ զեկույց՝ ներկայացնելով դրա դրսևորման կոնկրետ օրինակներ և վերաբերելի միջազգային իրավունքի վերլուծություն: Ադրբեջանական հասարակության մեջ սերմանված հայատյացության դրսևորման ակտիվ փուլ արձանագրվեց նաև 2016թ. ապրիլին Արցախի վրա Ադրբեջանի լայնածավալ հարձակման ժամանակ, և Մարդու իրավունքների պաշտպանն իր փաստահավաք առաքելության շրջանակներում 2016թ. հատուկ զեկույցով ներկայացրել է քաղաքացիական ու զինվորական անձանց սպանության, գլխատման, խոշտանգման և իրավունքների խախտման ու պատերազմական հանցագործությունների մի շարք այլ դեպքեր: Հատկանշական է, որ այդպիսի հանցագործություններ կատարած ադրբեջանցի զինվորականներն այնուհետև պարգևատրվել ու խրախուսվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ իրավական գնահատական տալ 1992թ. ապրիլին Մարաղայում մարդկության դեմ կատարված հանցագործությանը և ռազմական հանցագործություններին՝ համաձայն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև գործուն միջոցներ ձեռնարկել ներկայումս Ադրբեջանում շարունակվող հայատյացության քաղաքականության դադարեցման ուղղությամբ: Ռասիստական ատելության այդ ճանապարհը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին, այլև ավելի ու ավելի է հեռացնում երկու ժողովուրդներին հակամարտության կարգավորումից և տևական խաղաղությունից»: