Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Լյուստրացիան հաշվեհարդարի գործիք համարելը կամ այդ համարելը վնասակար բան համարելը նույնն է». Լևոն Բարսեղյան

«Լյուստրացիան հաշվեհարդարի գործիք համարելը կամ այդ համարելը վնասակար բան համարելը նույնն է». Լևոն Բարսեղյան
357
Երեքշաբթի, 07 մայիսի, 2019 թ., 10:55

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկության իսկական մոմենտը. լյուստրացիան քաղաքական հաշվեհարդարի գործիք համարելը կամ այդ համարելը վնասակար բան համարելը նույնն է, թե մարդու օրգանիզմում վիրուսի գոյությունն անվտանգ համարեն, ու ասեն՝ այ մարդ պենիցիլինն ինչ մեղքս է, ախր դրանով կենդանի օրգանիզմ եք ոչնչացնում կամ առնվազն ցույց եք տալիս բոլորին, որ օրգանիզմում կանոնավոր գործունեությանը վնասող մարմիններ կան: Դրանց չեզոքացումը հաշվեհարդար է, ինչ իմաստ ունի այդպես չար լինել:

«Հայկական ժամանակն» անցած 3 ամսում երևի երրորդ անգամ է գրավում ուշադրությունս՝ ուշադրությունից կորող լրատվամիջոցների շարքում: Մինչև էսօր պարբերաբար նայում էի որպես լուրջ, հուսալի լրատվամիջոցի: Իհարկե, հեռու է դեղին համարվելուց և, հավանաբար, երբեք չի դառնա այդպիսին, մի շարք հանգամանքների բերումով, բայց էսօրվա քանդակը կամ գոռելիեֆը սիմպտոմատիկ է, կամ ինչպես ասում էր Ամիրդովալթ Ամասիացին՝ ախտանիշային: Բարեբախտաբար, դեռ ոչ համախտանշային: Երբ թերթում որևէ բան լույս է տեսնում առանց հեղինակի հիշատակման, ես, որպես միամիտ ընթերցող, համարում եմ, որ հեղինակային իրավունքը պատկանում է խմբագրին, խմբագրականը խմբագրինն է որպես կանոն, եթե խմբագիրն էլ չի հիշատակվում, ուրեմն հիմնադրի մտքերն են: Ուրիշ ինչ կառաջարկեք: Էսօրվա քանդակը ֆանտաստիկ է մտքի սլացքով և, ներեցեք՝ գահավիժմամբ, հեղափոխականության անկմամբ: Սխալ ասացի՝ հարմարվողականության ճախրով: Լիներ այդ գրվածքն էն շարքում, որ չեմ կարդում վաղուց, չէի տեսնի երևի: Կարճ, քանդակը կոչվում է «Լյուստրացիան քըխ է»: Ավելի ընդարձակ, «դա վնասակար բան է, չարժե այլևս քննարկել», ավելի ընդարձակ՝ այսպես. «լյուստրացիայի մասին խոսում են օտարերկրյա գործակալները, ուրեմն հաստատ քըխ է»: Մառնեուլ իջնողները պատրաստվեն, հասել ենք, աժժ ջան: Ես երևի արդեն 10 տարի է խոսում եմ այդ մասին, խոսել եմ հեղափոխությունից առաջ, հեղափոխության օրերին, ապրիլի 24-ին, օրինակ, և անցած մեկ տարում երևի 28-30 անգամ հիշատակել եմ այդ գործիքը՝ որպես հասարակության մեղքերի բացահայտման գործիք, դերակատարների բացահայտման մեքենա, և հետագա կառավարման համակարգից բացահայտված գործակալներին հեռու պահելու և այդով առաջիկա ռիսկերի կանխարգելման մեխանիզմ: Ուրեմն իրավունք ունեմ «Հայկական ժամանակի» քանդակում նաև ինձ նկատել և արձագանքել: «Հայկական ժամանակն» իր քանդակում 5 կետանոց հայեցակարգ է առաջ քաշում, որի կետերը մեկը մյուսից զվարճալի են, խորհուրդ չեմ տալիս կուշտ կերած կարդալ: Հետո չասեք, թե չէի զգուշացրել:

1. «... խորհրդային ԿԳԲ-ն բավականաչափ ժամանակ ուներ ամենակարևոր փաստաթղթերը երկրից դուրս բերելու համար», պատասխան. -առանց լյուստրացիայի չեք իմանա՝ ինչ են տարել, որքանով էին դրանք կարևոր կամ ամենակարևոր, երբ են տարել, ինչքան են տարել:

2. «Եթե անգամ ենթադրենք, որ այդ արխիվներն ամբողջությամբ (առանց «խմբագրման») պահպանվել են, միևնույն է՝ դրանց հրապարակումից հետո հասարակության մեջ կասկածներ են մնալու...», պատասխան. -հա, դե եթե կասկածելի մարդիկ են զբաղվելու լյուստրացիայով, կասկածներ հա էլ մնալու են, իսկ հնարավո՞ր չէ հուսալի և հանրային վստահություն վայելող մարդկանց ճարել էդ գործի համար, լուրջ՝ հնարավո՞ր չէ:

3. ««ԿԳԲ-ի արխիվները բացելու» արդյունքում կարող են բացահայտվել միայն Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցած ու մինչև հիմա համագործակցող անձինք, մինչդեռ այլ պետությունների գործակալները ոչ միայն չեն բացահայտվի, այլև ավելի ազատորեն գործելու հնարավորություն կստանան...»: Պատասխան. - էս գրողին արդեն կարելի է հարցաքննության կանչել, մարդն ահագին բան գիտե, պարզվում է:

4. «Գերտերությունները, որպես կանոն, Հայաստանի նման երկրներում աշխատում են ոչ այնքան «հաստիքային», որքան ազդեցության գործակալների միջոցով, իսկ այդ հարցում լյուստրացիան անզոր է։»: Պատասխան. -կարելի՞ է հարցնել՝ ում է ՀԺ-ն համարում գերտերություն, իսկ, գոնե, «հաստիքային գործակալների» բացահայտումը վնա՞ս է ՀՀ առողջությանը:

5. «Լյուստրացիան հասարակության մեջ բաժանարար նոր գծեր կառաջացնի և որոշակիորեն կմեծացնի լարվածությունը, ինչը բացարձակապես անընդունելի է աշխարհաքաղաքական մարտահրավերների ներկա պայմաններում։»: Պատասխան. -իսկ անտեղյակ ապրել այն մարդկանց կողքին, որոնք ամեն րոպե կարող են նաղդել երկիրը ցանկացած վճարողի և նաղդել են ինչքան կարեցել են՝ մարտահրավե՞ր է, թե՞ շատ քաղցր սեր և համերաշխություն այն մարդկանց հետ, որ չեն էլ համարում, թե Հայաստանի կենտրոնը Հայաստանն է, ու համարում են, որ Հայաստանը հազիվ մի զոն է իրենց վճարողների համար»:

Վերոհիշյալ դրույթների միջկետային հակասականության մասին հարկավոր է 10-րդ դասարանցիներին մրցութային շարադրություն գրել հանձնարարել, և նրանց կեսին կարելի կլինի 12-րդ փոխադրել անվարան: Գայթակղությունը մեծ է այս ամենի փոխարեն գուգլից մի քանի հղում դնել, որ կարդան ՀԺ քանդակագործները լյուստրացիայի մասին, իմանան, թե ինչ հիմար և ապուշ են եղել սովետի և այլ լծերից ազատված պետությունները, որ լյուստրացիայի քավարանով են անցկացրել իրենց կառավարման համակարգերը պատասխանատու և արդար պետություն կառուցելու համար: Սակայն մտածեցի, որ նման հղումները քաղել-դնելը մի կողմից իմ արժանապատվությունն է նվաստացնում, մյուս կողմից՝ ՀԺ քանդակագործների, ինչ, ուրեմն լո՞ւրջ գուգլի տեղը չգիտեին: Ախր սա զոնդաժի առարկա էլ չէ, որ մտածեմ, թե հանրային կարծիքն են ուզում հասկանալ: Գործին տեղյակ ԱԺ մի քանի պատգամավորի կարող էին հարցնել, կբացատրեին, վստահ եմ, կարո՞ղ է հարցրել են, նրանք էլ ասել են՝ զահլա չունենք, ջանըմ: Կարի՞ք կա բացատրելու, որ հացը չի կարելի աղտոտ ամաններով մատուցել, հարկավոր է նախ ամանները լվալ, հետո միայն մատուցել: Էլի փոխաբերե՞մ, թե՞ բոլ է: Այս պատմության մեջ այնուհանդերձ մի մխիթարական բան կա: Իսկական ժողովրդավարությունը թերևս այն է, երբ վարչապետի հիմնադրած թերթը պիտի կարողանա վարչապետի համոզմունքներին հակառակ գաղափարներ առաջ քաշել և պնդել նույնիսկ, այդ պնդումները նույնիսկ համարակալել լուրջ տեսք տալու համար ու չնկատել, որ թերթի հիմնադրին ակամա վերագրում է գործակալական գաղափարներ: Ահա եկավ այն իսկության պահը, երբ իշխանություն ունեցողները (Գագիկ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը մտքներս), պետք է բաց ու միանշանակ արտահայտվեն՝ կո՞ղմ են լյուստրացիային, թե՞՝ դեմ, կուզե՞ն, որ լյուստրացիա լինի երկրում, բացահայտվեն բոլոր НКВД-КГБ-այլոց ուղղակի և անուղղակի գործակալները, նրանց անհայտ հանցագործություններն ու տված վնասները, թե՞ դեմ են: Եթե կողմ են, ուրեմն (1) ի՞նչ է պատրաստվում անել խորհրդարանը, (2) ի՞նչ է պատրաստվում անել կառավարարությունը, (3) ի՞նչ է պատրաստում անել արդարադատության նախարարությունը: Ի՞նչ տեսակ լյուստրացիա են անելու.

1. Կո՞շտ, երբ քննվում ու ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ են բոլոր տեղեկությունները, որոնք վկայում են Հայաստանի առաջին հանրապետության կործանումից ի վեր մեր երկրի դեմ գործված բոլոր հանցագործությունները և վնասարարությունները մինչ օրս, թե՞՝

2. Ուսումնասիրվում, քննվում, բայց ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ վնաս տված անձանց մասին տեղեկությունները, զավթարար ռեժիմների գործակալների մասին տեղեկություններն ու հրապարակվում են միայն այն դեպքում, երբ նրանք հավակնում են զբաղեցնել հանրային նշանակության պաշտոններ, լինել համայնքային իշխանության, կամ պետական իշխանության այս կամ այն պաշտոնի հավակնորդ: Իսկ եթե պետական իշխությունը հրաժարվում է որևէ լյուստրացիայի մտքից ընդհանրապես, արդեն ժամանակն է, որ հայտարարվի այդ մասին, իմանանք ինչի տեր ենք, ինչի է հասել հեղափոխությունը և ինչ խորություն ուներ այն իրականում: Եթե իշխանությունը, նորընտիր խորհրդարանն ու կառավարությունը մատը մատին չի տալու լյուստրացիայի մասով ու էս հարցերին չեն պատասխանելու, մնում է վերջին ճանապարհը: Այն է՝ ում մտահոգում է լյուստրացիան, գրում է «Լյուստրացիայի մասին» օրենք, կես ժամ անց ուղարկում է ԱԺ և կառավարություն և արդարադատության նախարարություն ու սպասում, թե հատկապես որտեղ են փոս փորում այն թաղելու համար՝ Բաղրամյան 19-ի պուրակո՞ւմ, կառավարական տան բակո՞ւմ, թե՞ ԱՆ նկուղում: Ու պրծ, ինչպես ասում էին Ագորայում: Իրականում, որքան էլ չկամենա «Հայկական ժամանակի» խմբագիրը, լյուստրացիան Հայաստանում ընթանում է արդեն մեկ տարի, բազմաթիվ հրապարակային ելույթներում և գրվածքներում, հաղորդումներում և ճառերում մենք տեսնում ենք մարդկանց վերաբերմունքի և կենսագրության ակամա բացահայտումները: Սա պետական մակարդակով լյուստրացիան չէ, ինչ սպասում ենք շատերս, սա հասարակական լյուստրացիա է, քիչ չէ, բայց բավարար չէ: Իմացանք նաև, թե ով է Իսագուլյանից ու Գեղամյանից բացի լյուստրացիային դեմ: Ինքս չէի սպասում, բայց դե ես այնքան հին եմ, որ պարտավոր եմ ահագին բան սպասել, դաս առա, ուրեմն և, վերջապես, մենք Ցեղասպանություն, սերժիկ ու ռոբիկ տեսած ժողովուրդ ենք, սա էլ կհաղթահարենք: Խնդրում եմ պարոն Վանեցյանին, իր ներկայացուցչին հանձարարել այս տեքստն իր անունից ոչ մի դեպքում չուղարկել «Հայկական Ժամանակին» որպես հերքում այն քանդակի, որ խռովեց մեր անքուն հոգիներն այնպես անպատեհ, որ էլ ասելու չէ: Էն էլ՝ ԱԱԾ ձևաթղթի վրա»։