Հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այլընտրանքը շուտով լինելու է». Ժիրայր Սեֆիլյան

«Այլընտրանքը շուտով լինելու է». Ժիրայր Սեֆիլյան
620
Երկուշաբթի, 03 հունիսի, 2019 թ., 21:05

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում այս տեսակը չի՛ վերարտադրվելու. Արցախում ազգադավների և ոճրագործների մրցավազք է։ Ամենաակտիվն Արայիկ Հարությունյանն է։ Մի մարդ, որ Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է։ Մի մարդ, որ եղել է Արցախում ժողովրդին կեղեքելու, պետական կառավարման համակարգը զավթելու, պետական գանձարանը սեփական գրպանի վերածելու, բանակը և պաշտպանունակությունը քայքայելու, բնական ռեսուրսները թալանելու, վերաբնակիչներին ստրկացնելու և, առհասարակ՝ կոռուպցիան կյանքի բոլոր ոլորտների շարժիչը դարձնելու քաղաքականության հիմնական մշակողն ու իրականացնողը։ Եվ այդ ամենի շնորհիվ բազմամիլիոնատեր դարձած այս մարդն իր ապօրինի հարստության միջոցով այսօր արդեն հայտ է ներկայացնում Արցախի ղեկավար դառնալու համար։ Շատ մտահոգիչ է, որ պաշտոնական Երևանը, այս ազգադավ ոճրագործի ձեռքը բռնելու փոխարեն դրական չեզոքություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Գաղտնիք չէ, որ կեղեքված ժողովուրդը, քանի դեռ չի պոռթկացել, հանդուրժում է նման կեղեքիչներին։ Եվ սրանք կարողանում են տպավորություն ստեղծել, թե օրինական ընտրապայքար են մղում և աջակիցներ ունեն։ Նույն վիճակն ընդամենը մեկ տարի առաջ Երևանում էր և բացառված էր ազատ ու արդար ընտրությունը, մինչև ժողովուրդը չտապալեց ռեժիմին։ Զուր են բոլոր ջանքերը, որ փորձում են այսօր տպավորություն ստեղծել, թե Ստեփանակերտի ռեժիմը և Արայիկ Հարությունյանի նման օլիգարխը կարող են ազատ և արդար ընտրություն կազմակերպել ու երաշխավորել։ Նրանք ընդամենն իրենց վերարտադրությունն են ապահովելու։ Ժողովրդի մասնակցությամբ թույլ չենք տալու, որ Ստեփանակերտում ազգադավ և ոճրագործ ռեժիմը վերարտադրվի ի դեմս Արայիկ Հարությունյանի կամ ուրիշ նախկինի՝ օլիգարխ, պաշտոնյա կամ ռեժիմի դրածո։ Նախկինում ասպարեզում եղած ոչ մեկը չի լինելու։ Ոչ մեկը։ Այն, ինչ տեղի ունեցավ Երևանում, երբ հնարավորություն տրվեց ազգադավ և ոճրագործ նախկին ուժերին մասնակցել ընտրություններին, Ստեփանակերտում չի լինելու։ Այոʹ, ներկայումս ժողովուրդն այնտեղ կեղեքված է և այլընտրանք չի տեսնում, սակայն այլընտրանքը շուտով լինելու է։ Եվ Արցախում տեղի է ունենալու համակարգային ու ամբողջական փոփոխություն»։