Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Չեմ ընդունում իշխանության այն տեսակետը, թե դատարանների վրա ճնշում չի կարելի գործադրել». Լևոն Շիրինյան

«Չեմ ընդունում իշխանության այն տեսակետը, թե դատարանների վրա ճնշում չի կարելի գործադրել». Լևոն Շիրինյան
405
Երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ., 12:30

ՀՀ ներքաղաքական հարցերի շուրջ MAMUL.am-ը զրուցել է քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

- Պարոն Շիրինյան, հունիսի 16-ին տեղի ունեցած ՔՊ վարչության ընտրությունների արդյունքում Սասուն Միքայելյանը չընտրվեց վարչության անդամ: Նշվում է, որ դա պատասխան էր Աբովյանի ընտրություններին, երբ նա չաջակցեց ՔՊ թեկնածուին: Դուք և՞ս կարծում եք, որ տեղի ունեցածը Սասուն Միքայելյանի աշխատանքից դժգոհության արտահայտություն էր:

- Որքան ինձ է հայտնի, ընտրվեց այն կազմը, որը եղել է: Դրական փաստ է նաև այն, որ ինքը՝ վարչապետը չցանկացավ լինել վարչության անդամ: Դրական փաստ եմ համարում նաև այն, որ վարչության կազմում երիտասարդներ են: Շատերը նախկին ավանդույթի ուժով այդ հանգամանքը դրական չեն ընկալում, սակայն ես հակառակ տեսակետին եմ:

Ես ՔՊ ներսում եղած մարդ չեմ, բայց եթե անգամ տարաձայնություններ եղել են, դրա մեջ վատը փնտրել պետք չէ: Երկրում անցումային շրջան է, նախկին իշխանության ներկայացուցիչների գրոհը շատ ուժեղ է, և հենց դա էլ շատ-շատ բաներ է պայմանավորում ազդեցություն-հակազդեցություն մեխանիզմով: Ուստի՝ տարաձայնություններ կարող են լինել, որովհետև զարգացման մոդելների ընտրությունը՝ տնտեսական, քաղաքական դժվար է, լավ կլիներ, որ քննարկում լիներ:

- Այսինքն՝ Սասուն Միքայելյանի աշխատանքից դժգոհություն ՔՊ կողմից, չե՞ք տեսել:

- Եթե անգամ եղել է, ես տեղյակ չեմ: Սասուն Միքայելյանի ելույթը համագումարում շատ ավելի զգացական էր, բայց համագումարներում պետք է ոչ թե զգացական ելույթներ լինեն, այլ պլատֆորմի քննարկումներ: Հատկապես, որ այս պարագայում գործ ունենք կառավարող կուսակցության հետ, որն առաջիկայում պետք է իրագործի իր իսկ ընդունած որոշումները: Սասուն Միքայելյանն առանցքային դեմք է կուսակցությունում, սակայն իր դեպքում թերևս խառնվածքի խնդիր է, նրա ելույթները միշտ են այդպիսին եղել:

Մի կարևոր հանգամանք էլ նշեմ. մեր կուսակցություններում չկան տեսաբաններ, ինչը կարևոր հանգամանք է: ՀՀ-ում տուժում ենք տեսության չկիրառման արդյունքով:

- Օրերս ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ: Դա որքանո՞վ է տեղավորվում քաղաքական էթիկետի մեջ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն չպետք է ռուս դեսպանին չկանչեր ԱԳՆ՝ բացատրությունների համար:

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փայլուն պատասխանեց: Պետք է նկատի ունենալ, որ խորհրդարանական պետության մեջ ԱԺ նախագահի հայտարարությունն այլ կերպ չի ընկալվում, քան պետական մարկարդակի հայտարարություն:

Եթե ԱԺ նախագահն այդպես է արձագանքում, այստեղ արդեն դիվանագիտության հարցը դուրս է գալիս:

Հայ հասարակության մեջ Ռ. Քոչարյանը դիտվում է որպես քրեական հանցագործություն իրականացրած մեկը, և այս իմաստով ես կարծում եմ, որ ՌԴ միջամտությունը մեր ներքին գործերին անտեղի է ու անթույլատրելի: (խմբ.- հիշեցնենք, որ Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պարզաբանել է, որ արարողակարգի և դիվանագիտական նորմերի շրջանակում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել, դեսպանի գործողությունները չեն կարող դառնալ դատապարտման կամ հատուկ քննության առարկա մեր գերատեսչության կողմից)։

Ռուսաստանը Նիկոլայ 1-ինի գահակալության տարիներին ընկալվում էր Եվրոպայի ժանդարմ, լավ կլինի, որ Ռուսաստանն այդ ավանդույթը խախտի և հանդես գա քաղաքակիրթ քաղաքական հարաբերություններով:

- Դատական համակարգի առողջացման մասին. հայտարարված վեթինգը, ԲԴԽ անդամների հրաժարականներն ի՞նչ են ասում՝ որքա՞ն ժամանակ կպահանջվի «ոչ խամաճիկ», իսկապես արդար դատական համակարգ ունենալու համար:

- Վեթինգը տևական գործընթաց կարող է լինել, այսինքն՝ լավ նախաձեռնությունը զրոյացվի իր բովանդակության մեջ: Քրեական օրենսգիրքն անօրինական հարստացման, պետական պաշտոնը չարաշահելու վերաբերյալ հազար ու մի հոդված ունի, կարծում եմ՝ պիտի գնալ այս ճանապարհով: Դա շատ ավելի մեծ արդյունք կտա: Հայ հասարակությունը դրվում է արհեստական խնդրի առաջ: Դատական համակարգը կանգնած չի եղել, այն սպասարկել է լյուտոկրատական (գողապետական) շահերին: Հետևապես, ես չեմ ընդունում իշխանության այն տեսակետը, թե դատարանների վրա ճնշում չի կարելի գործադրել: Դատարաններն ընդգրկված են եղել գործարքների մեջ, դատավորներն ապօրինի հարստացել են, նրանք իրենց քաղաքական ու սոցիալական ուղղվածությամբ այսօր չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին օրինակ՝ Իսրայելի դատավորներն են: Իշխանությունը պետք է ճնշի: Եվ երկրորդ՝ ֆետիշացվում է նաև ՀՀ իշխանության 3 թևերի անկախությունը: Եթե այդ 3 թևերը այն իմաստով, ինչպես մեկնաբանվում է, անկախ լինեն, այս պետությունը կփլուզվի: ՍԴ-ն իր ֆունցիայի մեջ չի եղել, այն իրականում կատարել է Խորհրդային տարիների Գերագույն դատարանի գործառույթը՝ Վիշինսկու իրավունքի ընկալման շրջանակներում:
Շատ երկրներում այդ հարցը լուծում են Սահմանադրական դատարանի, ԱՄՆ-ում էլ՝ Գերագույն դատարանի միջոցով: Մեզ մոտ ՍԴ-ն եղել է կրկին ռոբերտասերժական իշխանությանը ծառայող, զեղծարարությունները կոծկող, լեգիտիմացնող գործիք: Հեգելը ևս չէր ընդունում ու չէր հասկանում, թե ինչ ասել է 3 ճյուղերի բացարձակ անկախությունը: Այնպես որ, անկախությունը բացարձակ չի կարող լինել, այն հարաբերական է:

- Այսինքն՝ ՍԴ-ն և՞ս պետք է վեթինգի ենթարկվի:

- Անպայման: Բոլորը: Այն Մարտի 1-ի ոճրագործությունն իրականացրած մարմին է: Հասարակությանը պետք է հայտնի լինի, թե ովքեր են ստորագրել Մարտի 1-ի սպանդից հետո Ս. Սարգսյանի ներկայացրած փաստաթղթերը: ՍԴ-ն իրավունքի տեսք է տվել մարդասպանությանը:

- Ինչպե՞ս եք գնահատում Զարեհ Սինանյանին Սփյուռքի հանձնակատար նշանակումը, ընդդիմախոսներն ասում են, որ նա Սփյուռքը լավ չի ճանաչում:

- Չափազանց լավ: Մենք համահայկական մոբիլիզացիայի խնդիր ունենք կառավարչական ապարատի մեջ, և դա լավագույն նշանակումներից մեկն է: Մենք մեր հայրենակիցների հայրենադարձությունը բյուրոկրատիայի մեջ ավելի շուտ պետք է անենք, քան մնացածինը: Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքը ճանաչելուն, ապա ասեմ, որ Սփյուռքը ոչ մեկն էլ չի ճանաչում: Զ. Սինանյանը համենայն դեպս, ամենաազդեցիկ ու հզոր հատվածը շատ լավ է ճանաչում:

Հետգրություն

Հարցազրույցից հետո երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ «Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»: