Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +22 °C

«Չէ՛, պարո՛ն Քոչարյան, Ձեր ձեռքերն ու խիղճը մաքուր չեն». Մարի Բարսեղյան-Խանջյան

«Չէ՛, պարո՛ն Քոչարյան, Ձեր ձեռքերն ու խիղճը մաքուր չեն». Մարի Բարսեղյան-Խանջյան
58
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 17:45

Գրող, հրապարակախոս Մարի Բարսեղյան-Խանջյանի հոդվածը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ.

«Անկեղծորեն ասած՝ չկարողացա մինչև վերջ լսել Ռ. Քոչարյանի բացառիկ հարցազրույցն իր սեփական 5-րդ հեռուստաալիքով: Այն տպավորությունն էր, որ լրագրողի հարցերը նախապես համաձայնեցված էին պատասխաններին…
Ես կես ժամից ավել լսելուց հետո հասկացա, որ եթե ե՛ս չլինեի լսողը, հաստատ կհավատայի նրա փաստերին և փաստարկներին և կդառնայի Քոչարյանի կողմնակիցներից մեկը…Այո՛, նա տիրապետում է հռետորական խոսքի արվեստին, կարողանում է ձայնի հնչերանգով և բառը ճիշտ տեղում գործածելով՝ ճշմարիտ և արդար լինելու տպավորություն թողնել մարդու վրա:
Չէ՛, պարո՛ն Քոչարյան, Ձեր ձեռքերն ու խիղճը մաքուր չեն:
Դուք հո՞ղ եք ազատագրել...բայց չէ՞ որ Ձեր՝ որպես նախագահների առաջին և հիմնական պարտականությունը հենց դա է եղել:
Ասում եք՝ երկրի տնտեսությունն է զարգացել Ձեր կառավարման տարիներին:
Բա Դուք ինչո՞ւ էիք ստանձնել նախագահի պաշտոնն իր ողջ պատասխանատվությամբ ու պարտականությամբ. դա ևս Ձեր աշխատանքի պարտադիր բաղադրիչն է եղել:
Ասում եք՝ աղքատության շեմը Ձեր կառավարման տարիներին 24 տոկոսից իջել է մինչև 4 տոկոս: Դո՞ւք ևս այդ 4 տոկոսի մեջ եք մտնում Ձեր 4 միլիարդ դոլար հարստությամբ, որ կուտակեցիք Ձեր՝ նախագահ լինելու տարիներին:
Պարզաբանում. ժամանակն է հարց տալու մեր երկրի երեք նախագահներին անձամբ, նաև բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներին.
- Դուք ձեր պաշտոնեական գո՞րծն եք արել աշխատանքի ժամերին և տարիներին, թե՞ բիզնեսով եք զբաղվել և ահռելի հարստություն կուտակել:
Լևոն Տեր-Պետրոսյանը, Դուք և Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի նախագահներ, ի պաշտոնե պատասխանատու եք եղել հայանպաստ-հայաստանանպաստ՝ Արցախը՝ ներառյալ, արտաքին քաղաքականություն՝ ռազմավարություն և մարտավարություն մշակելու և իրականացնելու համար: Բայց մեր երկրի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը տանուլ տված քաղաքականություն են եղել: Իսկ ներքին քաղաքականությունը՝ տնտեսություն, գիտություն-կրթություն, մշակույթ, ներքին գործեր և էլի ուրիշ շատ բաներ, ոչնչացված են մեր բոլոր վարչապետերի տքնաջան աշխատանքով:
Հայտնի իրողություն է. Աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածով աշխատավարձով աշխատող այն քաղաքացուն, այսինքն՝ վարձու աշխատողին, պատասխանատվության են ենթարկում, ընդհուպ մինչև կալանք, բանտարկություն, ունեցվածքի բռնագրավում և բանկային հաշիվների բռնագանձում, երբ նա իր աշխատանքային ժամերին (զգոն և շահագրգիռ կազմակերպությունները, իհարկե, չեն թողնի, որ տարիների հասնի, եթե նա բարձրակարգ լրտես չէ, ինչպիսին եղել է, զորօրինակ, Շտիռլիցը) զբաղվում է այլ գործունեությամբ, ինչը նյութական, քաղաքական, բարոյական վնաս է հասցնում առևտրային, արդյունաբերական, լրատվական, քաղաքական- դիվանագիտական կազմակերպությանը կամ երկրին:

Մեր երկրում նախագահները և բարձրաստիճան պաշտոնյաները հենց այդպիսի վարձու աշխատողներ են և վարձատրվել են մեր քաղաքացիների հարկերից առաջացած գումարներից: Հետևաբար, Ձեզնից, պարո՛ն Քոչարյան և նրանցից պետք է հաշիվ պահանջել. Դուք և նրանք՝ վարձու աշխատողներդ, աշխատանքային ժամերին և տարիներին Ձեր պաշտոնի գործերո՞վ եք զբաղվել, թե՞ բիզնես եք արել ու պետության և ժողովրդի հաշվին հարստացել՝ երկիրն ու ժողովրդին աղքատացնելով:
Ասում եք՝ դատավորներին հրահանգ չե՞ք տվել: Անձամբ՝ գուցե և ոչ. Ձեր արժանապատվությունից ցած կլիներ հասարակ դատավորի հետ անմիջական հանդիպելն ու խոսելը:
Ասում եք՝ վեթինգի կենթարկվեն բանիմաց, համարձակ դատավորնե՞րը:
Դեռ ոչ մի դատավոր, վաղնջական ժամանակներից, ազնիվ դատավարությամբ հսկայական հարստություն չի դիզել: Մեր դատավորներից մի քանիսի հարստությունը, կարծեմ, Ձեզ նույնպես հայտնի է…
Մարտի 1-ի դեպքե՞րը…Այո՛, Դուք Ձեր միլիարդները պաշտպանելու և պահպանելու հնարավորություն եք ստեղծել՝ «էստաֆետը» փոխանցելով մեկ ուրիշին, որը նույնպես կանցներ (թեև արդեն իր տարբեր պաշտոնների ժամանակ վարպետացել էր այդ գործում ) Ձեր անցած ճանապարհով և Ձեզ հանգիստ կթողներ՝ վայելելու, ինչպես որ10 տարի վայելեցիք Հայաստան պետությունից և հայ ժողովրդից «տնտեսագիտական օրենքներով և սրտացավորեն» պարզապես վերցրած ահռելի հարստությունը… Եվ այլն…Էլ չեմ շարունակում. նյարդերս չեն բավականացնում…»:

Մարի Բարսեղյան-Խանջյան
25.6.2019թ.