Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հայաստանը անդառնալի կորուստներից հետո միայն ընդունակ եղավ դա հասկանալ». Ա. Բաբաջանյան

«Հայաստանը անդառնալի կորուստներից հետո միայն ընդունակ եղավ դա հասկանալ». Ա. Բաբաջանյան
144
Ուրբաթ, 28 հունիսի, 2019 թ., 00:40

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս, որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց բերեց, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ։ Այդ առումով, երբ ունենք զոհեր և զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է այնպիսի գործառույթների կարևորությունն, ինչպիսին է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Փաստորեն Հայաստանը անդառնալի կորուստներից հետո միայն ընդունակ եղավ հասկանալ, որ Դուշանբեի՝ ոտքի վրա ձեռք բերված վերելակային պայմանավորվածությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև չի կարող երկարատև խաղաղության ապահովման բանակցային գործընթացը շարունակելու ապահով հիմք դառնալ։

Ավելին, վերջին շրջանում հակառակորդի ձեռնարկած գործողությունները ռազմական և դիվանագիտական ասպարեզում հաստատում են քանիցս նաև իմ կողմից հնչեցված ահազանգը, որ հարաբերական մեկամյա խաղաղությունը հակառակորդի կողմից օգտագործվել է լայնածավալ ռազմական գործողությունների նախապատրաստման համար անհրաժեշտ քաղաքական և ռազմական հող և միջավայր ստեղծելու համար։

Արցախյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի առանցքը պետք է շարունակի մնալ ոչ թե Դուշանբեի վերելակային պայմանավորվածությունը կամ դրա մոդիֆիկացված «Դուշանբե+»-ը, այլ 2016թ․ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ գագաթնաժողովների ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանին առավել հաշվետու են դարձնում խաղաղ բանակցային տրամաբանությունից դուրս ձեռնարկվող քայլերի համար։

Վաշինգտոնում կայացած ԱԳ նախարարների վերջին հանդիպման վերաբերյալ Մինսկի խմբի տարածած հայտարարությունը և այսօր նախարար Զ․ Մնացականյանի կողմից ասուլիսում հնչեցված բազմաթիվ անորոշությունները ապացուցում են, որ սին են հայկական կողմի լավատեսությունն ու մարդասիրական մղումները, որ դրանք ոչ մի դեպքում չեն արտացոլում ոչ Ադրբեջանի, ոչ միջազգային հանրության տարածաշրջանային միասնական և առանձին ծրագրերին և նպատակներին։

Այսու, արցախյան կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիվանագիտական ջանքը պետք է ենթարկվի որակապես նոր փաթեթավորման, որի շուրջ մանրամասները քննարկելու համար առաջիկայում պիտի խնդրեմ ԱԺ արտահերթ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին նախաձեռնել հանձնաժողովի անդամների հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»։