Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անպատժելիությունը հիմնավոր տեղ է զբաղեցնում հայկական բանակում». Ժաննա Ալեքսանյան

«Անպատժելիությունը հիմնավոր տեղ է զբաղեցնում հայկական բանակում». Ժաննա Ալեքսանյան
372
Հինգշաբթի, 25 հուլիսի, 2019 թ., 16:55

«Ընդհանուր առմամբ դեմ չեմ նախագծին, սակայն խնդիրը այլ տեղում է: Բուն խնդիրը հանցագործության բացահայտումն է, և պատժաչափը չէ, որ պետք է այն կարգավորի: Խնդիրը Քննչական կոմիտեում է, որ չի բացահայտում դեպքերը: Բազմաթիվ դեպքերով մենք համոզվել ենք, որ դրանք սպանություններ են և ոչ թե ինքնասպանություններ: Այդպես որակում են դեպքերն ու չեն բացահայտում: Եթե իրական ինքնասպանություններ են, դեմ չեմ՝ թող պատիժները խստացվեն». MAMUL.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը:

Հիշեցնենք՝ պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Քրեական օրենսգրքում» և զինվորին ինքնասպանության դրդելու համար սահմանել 5-7 տարի ազատազրկում՝ ներկայիս 3 տարվա փոխարեն:

Ըստ Ժաննա Ալեքսանյանի՝ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ այժմ նույն պատկերն է: Ինքնասպանության դեպքերը հայտարարվում են, դատարանում այլ իրավիճակ ես տեսնում, նույնիսկ ամենակարևոր վկաներին չեն ուզում հարցաքննել, որ հանկարծ հանցագործությունը չբացահայտվի: Այսինքն՝ դատարանը հաստատում էր դատախազության կամ Քննչական կոմիտեի առաջ քաշած վարկածը:

«Բազմափիվ հարուցված քրեական գործեր կան, որոնցում որևէ մեկը պատասխանատվություն չի կրում: Մարդը ստիպված է գնում ինքնասպանության, որովհետև իրեն շրջապատող միջավայրում բռնություն կա: Եթե դուք հիմա Քննչական կոմիտեին հարցում անեք, կպարզվի, որ մի դեպքով է, որ մեղադրյալ է ներգրավված ինքնասպանության փաստով, իսկ դատարանն էլ նրան շատ մեղմ պատիժ է տալիս»,- ասաց իրավապաշտպանը:

Նա պնդեց, որ իրական ինքնասպանությունների պատճառները թաքնված են զորամասում:

«Զորամասի բռնի մթնոլորտի արդյունքում է զինվորը ստիպված լինում ինքնասպանության դիմել: Պաշտպանության նախարարությունը երբեք չի խորանում, որպեսզի բացահայտվեն այդ խնդիրները: Նախարարը չի գիտակցում, որ ինքն է պատասխանատու ցանկացած զինվորի մահվան համար: Պետության պարտականությունն է պաշտպանել մարդու կյանքի իրավունքը: Զինվորի մահվան համար պատասխան է տալիս մեկ այլ զինվոր: Սպայական կազմից որևէ մեկը պատժի չի ենթարկվում: Անպատժելիությունը հիմնավոր տեղ է զբաղեցնում հայկական բանակում»,- գնահատեց Ժ. Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը նկատեց, որ պաշտպանության նախարությունն ու դատախազությունը հայտարարում են, որ մահվան դեպքերը նվազել են, սակայն իրավիճակը փոխելու համար քայլեր չեն արվում:

«Եթե բացահայտվեն իրական կատարողները, բանակում իրավիճակը արագ կփոխվի: Դրա համար քաղաքական կամք է պետք: Ես վստահ էի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ոչ անտարբեր մարդ, այդ խնդիրը կլուծի, հարցն այնպիսի խստությամբ կդնի, որ ոչ մի Քննչական կոմիտե չէր համարձակվի այնպիսի նկարագիր տալ, ինչպիսին երեկ է նկարագրվել: Զինվորը սպանության փորձ է կատարել, 4 ժամ հետո 50 մետր հեռավորության վրա ինքնասպանություն է գործել: Եթե նա կրակ էր արձակել, զորամասն ինչո՞վ էր զբաղված: Դա ուղղակի հեքիաթ է: Իսկ ինչո՞ւ է զինվորը կրակել, հաղորդագրության մեջ դա չկա: Զինվորն Արագածոտնի մարզի համանուն գյուղից էր զորակոչվել, գնացել էր հայրենիքը պաշտպանելու, նա օրինավոր ընտանիքից էր և ոչ թե բանտից»,- ամփոփեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: