Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է այդ առաջադրանքի կատարումը». Արման Բաբաջանյան

«Նիկոլ Փաշինյանը ձախողել է այդ առաջադրանքի կատարումը». Արման Բաբաջանյան
80
Կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ., 23:10

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանը դեռևս սպասում է հիմնարար, արմատական փոփոխություններ: Քաղաքական համակարգը շարունակում է մնալ դեգրադացված, խորհրդարանի դերը հասցվել է նվազագույնի, իսկ տնտեսության շարժիչ ուժը շարունակում է մնալ օլիգարխիան: Անցած մեկուկես տարիների ընթացքում, այո՛, կատարվել են փոփոխություններ, սակայն դրանք կրել են առավելապես ցուցափեղկային, մակերեսային բնույթ: Խորքային առումով, սակայն, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական համակարգերը շարունակում են գործել նախկինից եկող իներցիայով՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Քաղաքական համակարգի ամենամեծ ինստիտուցիոնալ արատը սուպերվարչապետական համակարգն է, որը վերցնելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն շատ արագ հարմարվեց դրան. այսօր Հայաստանն ապրում է Սերժ Սարգսյանի համար կարված սուպերվարչապետական համակարգում: Մեր քաղաքական համակարգի մյուս ամենամեծ արատը խորհրդարանի դերի, նշանակության գրեթե զրոյացումն է: Պառլամենտական կառավարման կարգ ունեցող երկրում խորհրդարանը չունի որևէ գործառութային նշանակություն, քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել է խորհրդարանից դուրս, քաղաքական օրակարգը՝ իշխանության թեթև ձեռքով ձևավորվում է գործող իշխանության ու նախկին համակարգի դիմակայության տրամաբանությամբ, ինչն ամբողջությամբ դուրս է դնում Ազգային ժողովն ընթացիկ քաղաքական գործընթացներից: Այս պայմաններում առողջ, մրցակցային քաղաքական համակարգի մասին խոսակցություններն անգամ դառնում են ծիծաղելի: Այսպիսով, ունենք սուպերվարչապետական համակարգ, զրոյական նշանակություն ունեցող խորհրդարան, Ազգային ժողովի պատերից դուրս ընթացող քաղաքական գործընթացներ և օլիգարխիկ տնտեսություն: Ճիշտ նույն պատկերը, ինչ նախորդ՝ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում: Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, հանդես է եկել բազմաթիվ խոստումներով, որոնց մեծ մասը ոչ միայն չի կատարվել, այլ իշխանությունն անգամ ուղերձներ չի հղում, որ դրանք կարող են կատարվել: Սահամանադրական փոփոխություններ, սուպերվարչապետական համակարգի վերացում, Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում, օլիգարխիկ տնտեսության ապամոնտաժում, բիզնեսի ու քաղաքականության սերտաճում... Չկատարված խոստումների շարքը կարելի է շարունակել, սակայն նշվածները բավական են արտացոլելու համար այն պատկերը, որը նկարագրեցի վերևում: Քաղաքական ու տնտեսական համակարգի նշածս բոլոր արատները տրված, բայց չկատրաված խոստումների հետևանքն են: Առանց քաղաքական համակարգի հիմնարար բարեփոխման, առանց մրցակցային քաղաքական համակարգի արմատավորման ու զարգացման, առանց բիզնեսի ու քաղաքականության իրական տարանջատման Հայաստանում հնարավոր չէ արձանագրել տնտեսական հաջողություններ: Տնտեսական հեղափոխության մասին հայտարարած իշխանությունը պարտավոր է ձեռնարկել բարեփոխումներ առաջին հերթին քաղաքական համակարգում՝ ի դեմս Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունման, Սահմանադրական փոփոխությունների ու որպես դրա հետևանք սուպերվարչապետական համակարգի վերացման, բիզնեսի ու քաղաքականության սերտաճման վերացման ու օլիգարխիկ տնտեսության իրական կազմաքանդման ու ազատ մրցակցության արմատավորման: Մինչև այս հիմնարար փոփոխությունների իրականացումը տնտեսական կյանքում չենք կարող ակնկալել ոչ միայն բեկումնային, այլ անգամ սովորական զարգացում: Հայաստանի տնտեսության զարգացման համար այդքան անհրաժեշտ օտարերկրյա ներդրումները կարող են կատարվել միայն քաղաքական ու տնտեսական առողջ միջավայրի առկայության պայմաններում: Տնտեսությունն ու քաղաքականությունը կապված են օրգանական, դիալեկտիկական կապով: Այդպիսին է նաև այդ համակարգերի զարգացման միջև կապը: Եվ ուրեմն, առանց քաղաքական համակարգի բարեփոխման հնարավոր չէ տնտեսության իրական զարգացում: Նույն կերպ՝ առանց մրցակցային տնտեսության, առանց օլիգարխիկ համակարգի վերացման հնարավոր չէ ունենալ առողջ, մրցակցային քաղաքական համակարգ:

Հ.Գ. Արձակուրդի օրերին վարչապետի տարածած լուսանկարներից մեկում երևում է, որ Նիկոլ Փաշինյանն ընթերցում է աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի «Ինչպես են ձախողում պետությունները» աշխատությունը: Մեր հայրենակցի հիմնական թեզն այն է, որ տնտեսական իրական հաջողությունների հնարավոր է հասնել միայն քաղաքական համակարգի արմատական բարեփոխման ու առողջացման միջոցով: Նիկոլ Փաշինյանն անցած մեկուկես տարիներին ձախողել է այդ առաջադրանքի կատարումը: Նա, սակայն, դեռևս հնարավարություն ունի Հայաստանը զերծ պահել ձախողված երկրների շարքին դասվելու տխուր հեռանկարից: Հուսանք՝ Աճեմօղլուի գրքի ընթերցանությունը կմոտիվացնի Նիկոլ Փաշինյանին այդ հարցում: Այլապես վաղը կարող է ուշ լինել»: