Կիրակի, 18 օգոստոսի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Վանկարկումն արդեն խառնել է Արցախը Հայաստանին հակադրելու գործին կցված այս գործակալների խաղաքարտերը». Ա. Աղայան

«Վանկարկումն արդեն խառնել է Արցախը Հայաստանին հակադրելու գործին կցված այս գործակալների խաղաքարտերը». Ա. Աղայան
104
Հինգշաբթի, 08 օգոստոսի, 2019 թ., 02:25

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպիսի «ողբերգություն»։ Պարոն Տարասովը կոպտագույն սադրանք է համարում Նիկոլի «մի-ա-ցում» վանկարկումը և ՀՀ սահմանադրության անփոփոխ նախաբանի հիշատակումը։ Միացման ուղղությամբ իրական քայլերը չէ, այլ ընդամենը վանկարկումն ու հիշատակումը արդեն խառնել են Արցախը Հայաստանին հակադրելու գործին կցված այս գործակալների խաղաքարտերը։ Մարդը հիստերիկայի մեջ է, աչքին դավադրություններ են երևում։ Պատկերացրեք ինչ ծղրտոցներ ենք լսելու, երբ Միացումը վերջնականապես ամբողջանա ու իր նմանները այլևս անելիք չունենան։ Կարելի էր այսքանով ավարտել, բայց այս կերպարի խոսքում կան նրբություններ, կեղծ փաստարկներ, որոնք նա փորձելու է դնել ՀՀ վարչապետի որոշակի տեսակի քննադատների լեզվին։ Ուրեմն արժե դրանք մի քիչ պարզաբանել՝ ավելի շատ անկախության թատրոնի մեր տեղական դերասանների համար։

Ինչ է, Տարասովը չգիտի՞, որ Արցախի միացումը Հայաստանին 1991-ին չի եղել, այլ 1989-ին։ Բա որ իմանար, որ Արցախը այն ժամանակ ընդհանրապես սահմաններ չուներ, քանի որ մարզը և մարզային իշխանության մարմինները լուծարված էին, այդ դեպքում ի՞նչ կասեր։ Իրականությունն այն է, որ Հայաստանին, ոչ թե 1991-ին, այլ ԽՍՀՄ փլուզումից 2 տարի առաջ, միացել է Լեռնային Ղարաբաղը, ոչ թե որպես ինքնավար կազմավորում, այլ որպես երկրամաս՝ հանձինս իր ոչ ֆորմալ և ինքնաբուխ ստեղծված ներկայացուցչական մարմնի՝ Ազգային խորհրդի։ Իսկ երկրամաս ասելով մենք ստիպված չենք սահմանափակվել ԽՍՀՄ կողմից արդեն չեղյալ հայտարարված վարչատարածքային սահմաններով։ Ուստի Լեռնային Ղարաբաղ ասելով մենք կարող ենք հասկանալ ինչ ուզենք՝ առնվազն բոլոր արևելյան շրջանները մինչև Կուր, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը հավակնություններ ուներ նախքան խորհրդային բռնակցումը, ու հատկապես այն շրջանները, որոնք արդեն Հայաստանին էին վերապահվել այն ժամանակվա միջազգային փաստաթղթերով։ Անգամ եթե արցախահայությունը Հայաստանին միանալու որոշում կայացրած չլիներ, միևնույն է Հայաստանը այդ տարածքների նկատմամբ անժամանցելի իրավունքներ ունի։ Նախիջևանում կամ Գարդմանքում ոչ ոք էլ Հայաստանին մինալու որոշում չի կարող կայացնել, ինչը բոլորովին մեզ չի զրկում, հատկապես նոր պատերազմի դեպքում, այդ շրջաններին հավակնելու իրավունքից։

Բայց այստեղ մեկ այլ բան է հետաքրքիր։ Տարասովը, երբ քիթը խոթում է մեր գործերին և հանդես է գալիս Հայաստանից անկախ ԼՂՀ-ի օգտին, հիշատակելով 1991-ը, մատնում է, որ հենց իր նմաններն են փորձում տարածքների վերադարձման իրավական հիմքեր ստեղծել։ ԼՂՀ հռչակումը 1991-ին, ի տարբերություն 1989-ի, ակնհայտորեն եղել է սահմաններով։ Այն ըստ հայտարարությունների տեղի է ունեցել 1990թ ԽՍՀՄ օրենքի հիման վրա, որն իբր Ադրբեջանի անկախանալու պարագայում ինքնորոշման իրավունք էր տալիս նրա ինքնավարություններին և կոմպակտ բնակվող հատվածներին։ Այսինքն 1991թ որոշումներով Հայաստանին հաստատ չեն կարող միանալ ոչ Քարվաճառը, ոչ Քաշաթաղը, ոչ էլ Արաքսի ափը, Աղդամն էլ նորից դադարում է մեր հայրենիքը լինել։ Իսկ տարածքային վեճի դեպքում, դրանք արդեն մերն են, ազատագրված են։ Գանձակն ու Նախիջևանն էլ դեռ կարող են ազատագրվել և մերը դառնալ։ Այսինքն, Միացման իրավաքաղաքական հայեցակարգով կոնֆլիկտը Արցախի և Ադրբեջանի մեջ չէ, այլ միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտներ Հայաստանի և Ադրբեջանի։ Հայաստանը, որի համար Արցախը իր անբաժան տարածքն է, իր դեմ սանձազերծված պատերազմի պայմաններում միանշանակ իրավունք ուներ ազատագրել Ադրբեջանին բռնակցված բոլոր հայկական տարածքները ու դեռ իրավունք ունի ազատագրել մնացածն էլ (շուրջ 12 հազար քառ․ կմ)։

Մի խոսքով տարասովների նման բարեկամ ունեցողը ուրիշ թշնամու կարիք այլևս չունի։ Բայց գրածս, ինչպես ասեցի, ավելի շատ հասցեագրված է անկախության թատրոնի տեղական դերասաններին»։