Կիրակի, 17 նոյեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս». երեխային աղբանոց նետած մայրը սոցիալական խնդիրներ չի ունեցել

«Առանց Գայուշիկիս չեմ պատկերացնե կյանքս». երեխային աղբանոց նետած մայրը սոցիալական խնդիրներ չի ունեցել
597
Երկուշաբթի, 02 սեպտեմբերի, 2019 թ., 00:10

Արդեն երկրորդ օրն է Գյումրին չի կարողանում թոթափել մանկահասակ երեխային երիտասարդ մոր կողմից սպանելու սարսափը: Աղջնակն, ով սեպտեմբերի 27-ին դառնալու էր մեկ տարեկան, հավերժ մնաց 11 ամսական՝ ձեռքերն ու ոտքերը ժապավենով կապկպված, բերանը լաթով փակված, նախնական տվյալներով կենդանի վիճակում նետված աղբարկղը: Սրանք երեխայի 20-ամյա մոր՝ Անիի գործողություններն են, գրում է Armtimes.com-ը:

Անին երկկողմանի ծնողազուրկ է եղել, քույրեր ու եղբայրներ էլ է ունեցել: Տատիկն է եղել խնամակալը: Մեծացել է մանկատանը: Երբեք խնդիրներ չի ունեցել, առավել եւս՝ սոցիալական: «Տատիկն առևտրական է, և շատ լավ էր պահում իրենց»,- ՀԺ-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:

Անին մարզպետարանում առաջին անգամ հայտնվել է այս տարվա օգոստոսի 15-ին, երեխայի հետ, ասել է՝ ուզում է փոքրիկին մանկատուն հանձնել, սոցիալական խնդիրներ ունի, պահել չի կարողանում: Գորգինյանը նկատում է՝ երեխան շատ կոկիկ ու լավ էր հագնված, շատ մաքուր էր, տակդիրով, նորմալ պայմաններում ապրող, մեծացող երեխայի նման: «Մենք էլ ասացինք, եթե միակ պատճառը սոցիալականն է, բոլոր խնդիրները կլուծենք, ինչ չունի, կապահովենք, նույնիսկ տան վարձը, 35.000 դրամը ամեն ամիս կտանք, սնունդը, երեխայի համար ամեն ինչ, իրեն մասնագիտանալու հնարավորություն կտանք, որովհետեւ միայն 10-րդ դասարանն է ավարտել և վերջ, երեխային մանկապարտեզ կտեղավորենք: Այսինքն ամեն ինչ կանենք: Այդ ժամանակ չասեց, որ ամուսնալուծված է, ասեց չունի որեւէ մեկը: Ես էլ ասացի Անի ջան, ընդամենը երկու օր հետո բոլոր այդ աջակցությունները կկազմակերպեմ»:

Աղջիկը համաձայնել, հեռացել է, սակայն մեկ օր անց զանգել, ասել է, խոսելիք ունի, ուզում է հանդիպել: Մարզպետարանի պատասխանատուն հրավիրել է հանդիպման: Միեւնույն ժամանակ տեղեկացրել է ոստիկաններին՝ մտածելով, որ հնարավոր է Անին գալու է, որ երեխայից հրաժարվի: «Եկավ Անին ու ասեց, գիտեք, իմ խնդիրն ավելի շատ ամուսնուս հետ է, «իրան մռմռցնելու համար գուզեմ տամ մանկատուն»: Մենք երկու ժամ Անիի հետ առանձին զրուցեցինք, երեխայով զբաղվեցինք, ոստիկանությունն էլ գնաց, ինքն էլ լացեց, լիցքաթափվեց: Հետո ասեցի, կգրե՞ս դիմումը, որ հրաժարվում ես երեխայից: Բացատրեցինք, որ դա ընթացակարգ է, պարտադիր է: Ասեց չէ, ես առանց Գայուշիկի չեմ պատկերացնում կյանքս: Ես էլ ասեցի Անի ջան, հանկարծ երեխային չնեղացնես, չծեծես: Վերցրեցինք տատիկի, ամուսնու, սկեսուրի հեռախոսահամարները, որ բոլորի հետ կապ ունենայինք: Զանգեցի տատիկին, տատիկն էլ խնդրեց, թե հանկարծ չթողնեք երեխայից հրաժարվի, ինչ սոցիալական խնդիր, ինչ բան»,- պատմել է Լիլիթ Գորգինյանը:

«Ինքն ամեն ինչ ունի: Ով մե շուբըմ չունի, ինքը մե քանիմ հատ ունի, բռերով ոսկեղեն, ամեն ինչ: Ինչը՞ղ թե չունի, ես առևտուր կենեմ, սաղ մոտիցս շոր կառնին, մենք մեր երեխուն ուրեմն չենք կարող պահե՞նք»,- ասել է Անիի տատիկը:

Այս զրույցը ևս հաստատել է այն, որ երեխային աղբարկղը նետած մայրը սոցիալական խնդիր չի ունեցել: Գլխավոր պատճառն ամուսնու գործոնն է եղել:

Մարզպետարանի համապատասխան բաժնի պետը Անիի տատիկի հետ խոսելուց հետո զանգել է Անիի ամուսնուն՝ Արթուրին: Տեղյակ պահել, որ կինն ուզում է երեխային մանկատան խնամքին հանձնել: Հրավիրել է բաժին: «Ասեց քաղաքում չեմ, բայց վաղը կգամ, քանի որ էդ վաղն էլ շաբաթ օր էր, ասեցի, որ չենք աշխատում, երկուշաբթի կսպասեմ, եկեք: Այս անգամ էլ ես չսպասեցի երկուշաբթիին և շաբաթ օրը զանգեցի Անիին, խոսեցի, ասեցի, որ Արթուրի հետ պայմանավորվել ենք, գալու է մարզպետարան, խոսենք: Երեխայից հարցրեցի, Անին էլ ասեց, ամեն ինչ իր մոտ նորմալ է, երեխայի հետ դուրս է եկել զբոսանքի: Կիրակի զանգեց Անին: Ասեց Արթուրը գնացել, իրար հետ խոսել, հասկացել, եկել են ընդհանուր հայտարարի: Երեխայի հայրը համաձայնել է նաեւ ալիմենտ վճարել և հոգալ երեխայի բոլոր կարիքները: Հետո էլ թե՝ հաշտվել ենք, ոչ մի խնդիր չունենք, շատ շնորհակալություն մեզ օգնելու համար ու կխնդրենք, որ էլ էդ պետական դռները չգանք, Արթուրը կխնդրե, որ էլ էդ պետական դռները չգա: Ես Անիի խոսքերն եմ կրկնում»,- ասել է Լիլիթ Գորգինյանը:

Անկախ Անիի՝ իրեն այլևս չանհանգստացնելու խնդրանքից, Լիլիթ Գորգինյանը զանգել է նաև օգոստոսի 20-ին, երեքշաբթի օրը: Հարցրել է ինչպե՞ս ես, Անին ասել է շատ լավ է: «Ասաց լավ ենք, գնում ենք պամպերս առնելու: Հոգնակիով ասաց, այսինքն Արթուրի հետ էր: Հարցրեցի ամեն ի՞նչ նորմալ է, պատասխանեց՝ այո, ամեն ինչ լավ է, շնորհակալություն, որ օգնեցիք մեզ, եթե մի բան եղավ, ես ինքս կզանգեմ: Այսինքն, էլ իրեն չանհանգստացնենք: Բայց ես դրանից հետո էլի 3-4 անգամ զանգել եմ, ասել է ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն ամեն ինչի համար: Այսինքն մեր խրոնոլոգիայն այսպես է եղել, ինքը որպես քաղաքացի խնդիր է ունեցել, եկել է, խոսել ենք, մի քանի անգամ գնացել-եկել է, ընդհանուր աշխատանքի արդյունքում հաշտվել է ընտանիքի հետ: Մենք իրարից այդպես ենք բաժանվել, որպես դրական ավարտ ունեցած պատմություն, ինչն իրականում այդպես էր: Հիմա դրանից հետո թե ինքն էլի է կռվել, հեռացել տնից մենք չգիտենք, ինքը մեզ այլևս չի դիմել»,- զրույցի ժամանակ իրավիճակը ներկայացրեց պատասխանատուն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: