Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«ՍԴ-ի որոշումը Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հետ կապելը ֆանտաստիկայի դաշտից է». Արտակ Գալստյան

«ՍԴ-ի որոշումը Քոչարյանին կալանքից ազատ արձակելու հետ կապելը ֆանտաստիկայի դաշտից է». Արտակ Գալստյան
326
Հինգշաբթի, 05 սեպտեմբերի, 2019 թ., 11:10

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՍԴ որոշումը Քոչարյանի կալանքից ազատ արձակելու հետ կապելը ֆանտաստիկայի դաշտից է: Այսօր Սահմանադրական դատարանը որոշել է՝
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը Սահմանադրության ուժով, հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվին չնախատեսելու մասով ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր:
Քոչարյանի պաշտպանը դա համարեց հաղթանակ և հայտարարեց, որ Քոչարյանի կալանավորումը, ըստ ՍԴ որոշման, ապօրինի է:
Նախ, ՍԴ որոշման օրինականության մասին:
Այն մասին, որ այդ որոշումը կայացրել են բացարկի ենթակա ՍԴ անդամներ հանրահայտ փաստ է, քննարկվել է բազմիցս: Սակայն բացի այդ այսօրվա որոշումը կայացնելիս ՍԴ-ն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից և հանդես չի եկել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան: Այսպես՝

ՀՀ Սահմանադրության
Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները
Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝
1) որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:
Այստեղից հետևում է, որ հակասահմանադրական կարող է ճանաչվել այն նորմը, որը գոյություն ունի:

Մեր դեպքում Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել մի նորմ, որը գոյություն չունի, այլ կերպ ասած հակասահմանադրական է ճանաչել դրա բացակայությունը, որը ոչ միայն ՍԴ-ի լիազորությունների մեջ չէ, այլ նաև դուրս է իրավական տրամաբանությունից:
Նույն հաջողությամբ, ՍԴ-ն կարող էր հակասահմանադրական ճանաչել այն, որ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում դիցուք գրված չէ, որ քրեական հետապնդման ենթակա չեն այն անձինք, ովքեր Արցախը համարում են սուվերեն՝ Հայաստանից անկախ պետություն:
Ուշագրավ է նաև այն, որ ՍԴ-ն իր որոշմամբ նշել է հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձ տերմինը: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝
2. Պետական պահպանություն տրամադրվում է՝
1) Հանրապետության նախագահին,
2) վարչապետին,
3) Ազգային ժողովի նախագահին,
4) սույն օրենքի 6.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում՝ վարչապետի թեկնածուին։։
3. Այլ պետական պաշտոնյաներին, հասարակական, քաղաքական, կրոնական և այլ գործիչներին, ինչպես նաև այլ անձանց կարող է պետական պահպանություն տրամադրվել վարչապետի որոշմամբ։ Այդ անձանց պահպանությունը կարող է իրականացվել վարչապետի սահմանած իրավասու պետական մարմնի կողմից:
Ըստ ՍԴ որոշման՝ Քրեական Դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում պետք է նշվեն վերը թվարկած բոլոր անձինք, որն արդեն աբսուրդի դաշտից է:
Մի խոսքով, կարելի է արձանագրել, որ ՍԴ որոշումը ոչ միայն կայացվել է բացարկի ենթակա անձանց կողմից, զուրկ է իրավական հիմքից, այլ նաև որոշում է ոչնչի մասին: Իսկ կապել այս ոչնչի մասին որոշումը Ռ. Քոչարյանի կալանքից ազատելու կամ դրա իրավաչափության հետ, ֆանտաստիկայի դաշտից է:
Ամփոփեմ՝
ՍԴ այսօրվա որոշումը, ոչ մի կերպ չի կարող ազդել Ռ. Քոչարյանի կալանավորման գործնթացի վրա: Այս հիմքով նա չի կարող ազատվել կալանքից: Մի տրվեք սադրանքներին»: