Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Իշխանություններին զգուշացնելով՝ խնդրում եմ հնարավորինս հեռու պահել եկեղեցին պետությունից». Ս. Կարապետյան

«Իշխանություններին զգուշացնելով՝ խնդրում եմ հնարավորինս հեռու պահել եկեղեցին պետությունից». Ս. Կարապետյան
50
Կիրակի, 06 հոկտեմբերի, 2019 թ., 13:15

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշմարտությունները հաճախ ցավոտ են լինում

Հայ առաքելական եկեղեցին և նրա կեցվածքն ու վերաբերմունքը առ հարազատ և օտար պետականությունները

Պետություն. քաղաքական միավոր, որն ժողովուրդների պատմության մեջ հանդիսացել է որպես ազգի կազմակերպման, զարգացման, նրա ամեն տեսակ առանձնահատկությունների և կարողությունների դրսևորման եզակի հնարավորություն և գրավական: Որքան տևական է եղել որևէ ազգի գոյընթացում սեփական պետության հարատևումը, այնքան ավելի բարձր ցուցանիշեր է գրանցել տվյալ հասարակությունը, իսկ այն երկրները, որոնք հաջողել են պետությունն ապրեցնել դարից դար, որպես կանոն ժամանակի մեջ թագավորություններից վերածվել են կայսրությունների:
Պետության առկայությունն ինքնին մեծագույն բախտավորություն է յուրաքանչյուր ազգի համար, որը, սակայն, չի կարող ինքն իրենով գոյություն ունենալ: Սրանով պայմանավորված պատահական չէ, որ սեփական պետության պահպանության համար ազգերից շատերը դարեր շարունակ կենաց-մահու պայքար են մղել՝ մատուցելով այդ բացառիկ արժեքի լինելիության համար ամեն տեսակ զոհաբերություններ:
Մշտական հոգածություն, խնամք, մինչև իսկ փայփայում և գուրգուրանք ենթադրող այդ արժեքը ի պատիվ և ի հպարտություն հայ ժողովրդի եղել է նաև մեր պատմության թանկագին, պարզապես երանելի էջերից:
428 և 1045, ահա պետականազրկման երկու տարեթվեր, որ արձանագրվել են որպես հայոց պատմության ամենից սև էջեր:

Անձամբ ինձ շատ տարիներ տանջել է այն հարցը, թե արդյոք ազգն ամեն ինչ էր արե՞լ սեփական պետություն ասված գանձը չկորցնելու համար և արդյոք պատմությունը չէ՞ր թողել թեկուզ մի նվազ ելք այդ մեծ ողբերգությունից խուսափելու համար:
Գուցե և հնարավոր է, որ այս հարցին երբևէ տրվի առավել լիարժեք պատասխան, այդուհանդերձ գոնե ներկա դրությամբ կարծում եմ ինձ հաջողվել է նկատել (ցարդ որևէ պատմաբանի կողմից ուշադրության չարժանացած) խիստ էական մի երևույթ, որն ըստ, իս ուղղակիորեն բացահայտում է պետականակորստյան խոր արմատներն ու նախադրյալները:
Վերջինս առնչվում է հայ հոգևոր բարձր դասի և մասնավորապես այդ կառույցը գլխավորող կաթողիկոսների կողմից ազգային պետության և այն խորհրդանշող առաջին դեմք՝ թագավորի նկատմամբ անթաքույց ոչ պատշաճ վերաբերմունքին:
Հարցն այն է, որ Բագրատունյաց թագավորությունը բնավ էլ կրոնապետություն չէր, սակայն կարևոր կառույցների որմերին փորագրվող շինարարական արձանագրություններում տեսնում ենք, որ թագավորը ստորադասված է (առկա են աննշան բացառություններ), փոխարենը կարևորված և առաջնային տեղում ենք գտնում կաթողիկոսի անվան հիշատակումները: Այստեղ միանգամից ցանկանում եմ նշել, որ սա չի կարող վերագրվել մեկ կաթողիկոսի անձնական փառասիրությանը, քանի որ, ինչպես Սարգիս (992-1019), այնպես էլ նրան հաջորդած Պետրոս (1019-1058) կաթողիկոսների վարքագծերը նույնական են: Այլ խոսքով, Անիում աթոռակալող Ամենայն Հայոց կաթողիկոսներն իրենք իրենց ավելի կարևոր էին համարում երկրի համար, քան պետության խորհրդանիշ թագավորներին: Խոսքս փաստելու համար ստորև առաջ եմ բերում թագավորության գոյության ժամանակաշրջանից ավանդված վիմագրերի մի քանի նմուշներ.

Այսպես, 1001 թ. ստեղծված Անիի Մայր տաճարի շինարարական արձանագրության սկզբնամասում ընթերցում ենք.
«Ի ժամանակս ա(ստուա)ծապատիւ եւ հոգեւոր տ[եառ]ն Սարգ|սի Հայոց կաթողիկոսի եւ ի մեծափառ թագաւորութեանն Գագկա Հայոց եւ Վրաց շահանշահի...

Նույն՝ 1001 թ. այլ շինարարական (Մակարավանք. Պեմզաշենի մոտ) արձանագրության մեջ.
ՆԾ (1001) թուականութեան հայոց, ի հայրապետութեան տեառն Սարգսի հայոց կաթողիկոսի եւ ի թագաւորութեան Գագկա շահանշահի...:

Խծկոնքի վանքի Սբ. Սարգիս եկեղեցում.
ՆՁԲ (1033) թուականիս հայոց, տեառն Պետրոսի հայոց կաթողիկոսի եւ ի թագաւորութեան Սմբատայ շահանշահի որդւո Գագկա Շահանշահի...

Բագարանում.
ՆՁԳ (1034) թուականութեանս հայոց, ի հայրապետութեան տեառն Պետրոսի հայոց կաթողիկոսի, ի թագաւորութեանն Յովաննիսի Շահանշահի...

Անիի Փրկչի եկեղեցում.
Ի :ՆՁԵ: (1036) թուականիս հայոց եւ ի մեծափառ| թագաւորութեանս հզաւր եւ տիեզերակալ Սմբատ|ա, որդւո Գագկա Հայոց եւ Վրաց Շահայնշահի. կամ եղեւ| ինձ, տեառն Պետրոսի հայոց կաթողիկոսի...
Նույն եկեղեցում.
Յամս ա(ստուա)ծապատիւ եւ հոգեւոր տեառն Պետրոսի Հայ|ոց կաթողիկոսի եւ ի թագաւորութեան Սմբատա|, որդւո Գագկա շահանշահի ի :ՆՁԵ: (1036) թուականիս...

Մրենի տաճարի արևմտյան ճակատին.
ՆՂ (1041) թուականութեանս Հա(յ)ոց, ի հայրապետութեան տ(եառ)ն Պետրոսի եւ Խաչ|կա Հա(յ)ոց Կաթողիկոսաց այս իմ հրամանք են Գագկա Շահանշահի որդոյ Ա|շոտո ազատ...

Դարձյալ Մրենից.
Ի ՆՂ (1041) թ., ի հայրապետութեան տեառն Պետրոսի Հայոց կաթողիկոսի և թագաւորութեան Սմբատայ որդւոյ Գագկայ Շահնշահի...

Բագնայրի վանքի Մայր եկեղեցու արևելյան կողմում.
Ի ՆՂԱ (1042) թւին, ի հայրապետութեան տեառն Պետրոսի հայոց կաթողիկոսի եւ ի թագաւորութեանն Գագկա Շահնշահի որդւո Աշոտոյ...

Բագնայրի վանքի Մայր եկեղեցու ավանդատան պատին, ներքուստ.
Ողորմութեամբն աստուծոյ եւ ի հայրապետութեան տեառն Պետրոսի եւ ի թագաւորութեան Գագկայ շահնշահի որդւոյ Աշոտոյ...:

Դարձյալ Անիի Փրկչի եկեղեցում.
Ի ՆՂԹ (1050), ի հայրապետութեան տեառն Պետրոսի հայոց կաթողիկոսի եւ ի թագաւորութեանն Սմբատա որ|դւո Գագկա Շահանշահի...

Անիի պայմանականորեն Շախմատային կոչված եկեղեցում.
... յամս տեառն ... հայոց կաթ[ողիկոս]ի եւ ի թագաորութ[եան Հայոց...»

Ամփոփելով նյութի այս բաժինը՝ հարկ է արձանագրել, որ հարազատ թագավորության գոյությունն ու նրա խորհրդանիշ հայոց թագավորը (նույնիսկ եթե նա շահնշահ էր՝ արքայից արքա) Ամենայն Հայոց կաթողիկոսների համար գերագույն արժեք չէր: Բոլոր այդ արձանագրություններում կաթողիկոսները ստորադասում էին թագավորներին, փոխարենն իրենց անունները վեր դասելով: Սրանում, անշուշտ թագավորներն էլ մեղքի իրենց բաժինն ունեին, բայց չէ որ իրենք էլ կրողն էին նույն այն գաղափարաբանության, որն արտածում էր եկեղեցին:
Արդյոք որքա՞ն կարող էր դիմակայել ու գոյատևել մի պետություն, որի հոգևոր կառույցը ամեն կերպ նվիրվելու, սատարելու, ազգային պետականության կարևորությունը քարոզելու փոխարեն՝ արհամարում, ստորադասում էր պետականությունն ու նրա խորհրդանիշ թագավորին՝ իրեն ավելի կարևոր կարծելով: Ինքնին հասկանալի է, որ ոչ երկար...

Արդ, ի՞նչ տեղի ունեցավ 1045 թ.-ից հետո, երբ աշխարհի քաղաքական քարտեզից ջնջվեց Բագրատունյաց Հայաստանի թագավորությունը: Արդյոք իրարահաջորդ օտար տիրապետողների օրոք ևս Ամենայն Հայոց կաթողիկոսները շարունակեցի՞ն սերունդներին վիմագրերն ավանդել այնպես, ինչպես դա անում էին ազգային պետականության գոյության ժամանակներում:
Ոչ, հարգելիներս, այլևս ոչ մեկ կաթողիկոս իր անունը սկզբից արձանագրել չի տվել: Կարելի՞ է այդ կտրուկ փոփոխությունը վերագրել կաթողիկոսների մեկեն «համեստանալուն» կամ անհաղթահարելի եսականության հանկարծակի հաղթահարումին...: Ոչ, և կրկին ոչ, պարզապես ի դեմս կաթողիկոսների կամ բարձրաստիճան այլ հոգևորականության ի դերև էր ելել ՀԱԵ-ի ստրկաբարո և ստորաքարշ էությունը:
Պատկերացում կազմելու համար, թե ինչ է տեղի ունեցել օտար տիրապետությունների հաստատման հենց սկզբներից կաթողիկոսների վարքագծում, կրկին դիմենք վիմագրերին.

Անիական արձանագրություններից մեկում Բյուզանդիայի կայսր Կոստանդին Դուկասն (1059-1068) այլևս չի ստորադասված.
«Անուամբ տեառն ամենակալի եւ ողորմութեամբ սուրբ եւ ինքնակալ թագաւորին Կոստանդեա Դուկի, կամ եղեւ իմ Բագր[ա]տա Մագիստռոսիս | եւ Արեւելից Կատապանիս վխկացոյս...»

Չի ստորադասված նաև սելջուկ տիրակալ Փատլունը Անիի Ծաղկաձորի կողմի Աբրահամի աշտարակին.
«Ի թուին. ՈԹ (1160), ի թագաւորութեան Փատլնոյ, ի հայրապետութեանն տէր Բարսղի...»

1180 թ.-ին Հաղպատի Սբ. Նշան եկեղեցու արևմտյան մուտքին պատված ենք տեսնում նաև վրաց թագավորին.
«Յամս աստուածազոր եւ քրիստոսասէր թագաւորին Գեորգաեայ, որդւոյ թագաւորին Դաւթի, ես՝ Բարսեղ առաջնորդ տանս Հաղբատայ...»

1184 թ.-ին Հաղարծնի գավթին իր «համեստ» կարգավիճակում է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը (1173-1193).
«Ի ՈԼԳ (1184) հայոց, ի թագաւորութեանն Ափխազաց Գեորգա, ի հայրապետութեանն հայոց տեառն Գրիգորիսի...»

Մրենի ավերակներում գտնվող մատուռի մուտքին հայոց արքային ստորադասելու առիթը բաց չի թողնում Հակոբ Ա Կլայեցի (1268-1286) կաթողիկոսը.
«Թ(վին) ՉԻԶ (1277) ի հայրապետութեան եւ թագաւորութեան Հայոց տեառն Յակոբա եւ Լեւոնի...»

«Համեստ» է նաև Աղջոց վանքից Մայր աթոռ փոխադրված խաչքարին հիշված Հովհաննես կաթողիկոսը (1287 թ.)
«Աշխարհակալութեան Արղուն ղանին եւ ի թագաւորութեան Դաւթի եւ ի հայրապետութեան տէր Յովանիսին...»

Նույնպիսին են նաև ուշ միջնադարյան և նոր ժամանակներին վերաբերող վիմագրերը: Ահա դրանցից մի քանիսը ևս.
«Հաղարծնի վանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու հարավային որմին.
Ի թվին հայոց ՌՃ (1651)-ին, ի թագաւորութեան պարսից շահ Սուլէմանին որդոյ փոքր շահ Աբասին ... եւ ի հայրապետութեան Յակոբա Ջուղաեցոյ եւ...»

Սանահնի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու գավթին.
«Ի թվիս հայոց ՌՃԱ (1652), ի թագաւորութեան պարսից փոքրն շահ Ապազի եւ ի վրաց Բագրատունի Ռոստամ շահնշահի եւ հայրապետութեան տեառն Փիլիպոսի եւ Յակոբա...»

Էջմիածնի Մայր տաճարի զանգակատան շինարարական արձանագրությունը.
«Ի թագաւորութեան պարսից շահ Աբասին նաեւ ի հայրապետութեան տեառն Փիլիպոսի թվին ՌՃԳ (1654) հիմնարկեցաւ...

Մաղարդավանքի եկեղեցու ներսում, 1826 թ.
...ծաղկեցաւ ի ժամանակս Բաբախան շահին, Աբաս Միրզային եւ աթոռուն սրբոյ Էջմիածնա կերընտիր Եփրեմին...

Աղթամարի վեհարանի մուտքի ճակատին.
...ի կայսրութեան ինքնակալին օսմանեան Համիր երկրորդ վեհապետին. ...Տէր Խաչատուր կաթողիկոս Ռշտունցի...»:

Ամփոփելով նյութի նաև այս բաժինը՝ ցանկանում եմ ընդգծել, որ գոնե վերջին 1000 տավա կտրվածքով ՀԱԵ փաստել է, որ իր կրոնապետերն առ հայոց հարազատ թագավորները (որ նույնն է, թե պետությանը) մեծարանքի, ակնածալից և գորովալից վերաբերմունքի տածման փոխարեն, ստորադասել են այն, եսասիրաբար իրենք իրենց ավելի արժևորել, մինչդեռ օտար տիրակալների առջև «համեստաբար» ստորադասվել և պատվել նրանց:
Ահա, սա է իրականությունը, չբարձրաձայնված (գուցե և չնկատված) կամ թե զգուշորեն շրջանցված իրականությունը:

Վերջում ցանկանում եմ առաջ բերել մեր թեմակալներից մեկի վերջերս արած արտահայտությունն առ այն, թե «Պատմությունը փաստել է, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում պետությունը ժամանակավոր երևույթ է, ուստի մեզ լավ նայեք, քանի որ վաղը, երբ էլի պետություն չենք ունենա, կարողանանք ձեզ էլի տիրություն անել»:
Ելնելով այս ամենից հայաստանյան իշխանություններին զգուշացնելով՝ խնդրում եմ. հնարավորինս հեռու պահեք ՀԱԵ-ն պետությունից և պետական կառույցներից (դպրոց, բանակ): Կառույց, որը ժխտել-ստորադասել է ազգայինն ու ստրկաբարո կեցվածքով դարեր քծնել ու որպես հարկահավաք կառույց (պարզապես գզիր) ծառայել մեզ նվաճած իրարահաջորդ օտար երկրներին չի կարող պետության մոտ լինել, դա պարզապես վտանգավոր է...»: