Արմեն Հովասափյանն արձագանքել է Ռուբեն Հակոբյանի գրառմանը
147
Այսօր, 20:12
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էսօր աչքովս ընկավ Ռուբիկ Հակոբյանի գրառումը, որտեղ իմպիչմենտի գործընթացը ներկայացվում է որպես «ավանտյուրա», իսկ դրա նախաձեռնողները՝ որպես մանիպուլյատորներ, ովքեր իբր միայն ցանկանում են թիրախավորել ընդդիմադիր ուժերին։ Ընդունենք՝ նման մեկնաբանությունները գուցե ունեն սուբյեկտիվ վրդովմունքով պայմանավորված շարժառիթ, բայց հանրային հարթակներում հնչող կարծիքը պետք է հիմնված լինի փաստերի, ոչ թե ենթադրությունների ու անձնավորված պիտակումների վրա։ Մի քանի դիտարկումներ ներկայացնեմ, ու թերևս չհամաձայնեմ Հակոբյանի պնդումների հետ։ Ինչպես հայտնի է՝ իմպիչմենտը Սահմանադրությամբ նախատեսված լիովին լեգիտիմ գործընթաց է։ Այն որակել «օյինբազություն»՝ նշանակում է ժողովրդավարական պետության տարրական գործիքակազմը վիրավորել։ Եթե ընդդիմադիր խմբակցությունը փորձում է կիրառել այդ գործիքը, մյուսների անգործությունը չի կարող հիմք դառնալ այդ փորձը վարկաբեկելու համար։ Ավելին, ընդդիմության մեջ նախապես չհամաձայնեցված նախաձեռնությունը դեռ չի նշանակում դավադրություն։ Ի դեպ՝ քաղաքական կյանքում տարբեր ուժեր կարող են հանդես գալ տարբեր քայլերով, առանց դրանք նախապես բոլորի հետ համադրելու և կոնսեսուս ունենալու՝ չենք մոռանում չէ, որ քաղաքականությունը դա հնարավորինի արվեստն է։ Դրանից բուն քայլի արժեքը կամ լրջությունը չի նվազում։ Չի կարելի սահմանադրական գործընթացը մերժել միայն այն պատճառով, որ նախաձեռնողը դու չես եղել։ Այսինքն՝ անձնավորված վարկաբեկումը չի կարող փոխարինել բովանդակային քննադատությանը։ Եթե որևէ քայլի կամ նախաձեռնության քննադատությունը բերում է անձնական հարաբերությունների, նախկին պաշտոնյաների ազգականների կամ ենթադրյալ ստվերային ազդեցությունների մակարդակ, ապա դա խոսում է փաստարկների բացակայության, ոչ թե խորաթափանցության մասին։ Պարոն Հակոբյանին ասեմ նաև, որ որևէ մեկն իրավունք չունի իրեն համարել ընդդիմադիր դաշտի «դռնապան», որովհետև երբ սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն նախաձեռնողներին մեղադրում են իշխանությանը սպասարկելու մեջ՝ առանց մեկ կոնկրետ փաստի, դա արդեն հասարակության կարծիքի մանիպուլյացիայի փորձ է։ Իսկ սա, մեղմ ասած, պետական մտածողության պակաս է։ Այլընտրանքի մասին խոսելը՝ առանց այն հստակ ներկայացնելու, պարզապես դատարկ հռետորաբանություն է։ Եթե, ըստ որոշ ընդդիմադիրների, կա այլ ճանապարհ՝ առանց ընտրությունների իշխանափոխություն իրականացնելու, ապա դա պետք է հստակ ներկայացվի, ոչ թե անորոշ ու մշուշոտ «վաղը կգրեմ», «հետո կհանդիպենք, կասեմ» խոստումներով փոխարինվի։ Քաղաքականությունը գործողությունների դաշտ է, ոչ թաքնված սցենարների։ Մի անգամ էլ ասեմ՝ իմպիչմենտը պետականության պաշտպանելու սահմանադրական մեխանիզմ է։ Այն չի պատկանում մի ուժի, այլ ամբողջ խորհրդարանական համակարգին։ Նման իրավիճակում դրա կիրառումը ոչ թե աճպարարություն է, այլ՝ անհրաժեշտություն։ Ավելին ասեմ, ուժ(եր)ը, որոնք խիզախել են բարձրացնել այդ դրոշը՝ արժանի են քննադատության, եթե թերանում են, բայց ոչ՝ վարկաբեկման, երբ փորձում են։ Քայլեր չանել՝ հարմարության, «ժամանակը դեռ չի» արդարացումով՝ դա է նպաստում ազգակործան պատուհասի դիրքերի ամրապնդմանը։ Իսկ իմպիչմենտի նախաձեռնությունը վարկաբեկել՝ միմիայն նրա համար, որ այն գալիս է այլ ուժից, նշանակում է տրվել խմբակային շահի, ոչ թե պետական անհրաժեշտության տրամաբանությանը»։