Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը մեղադրում եմ անօրինական գաղտնալսումներ կատարելու մեջ». Կարո Եղնուկյան

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը մեղադրում եմ անօրինական գաղտնալսումներ կատարելու մեջ». Կարո Եղնուկյան
369
Կիրակի, 15 դեկտեմբերի, 2019 թ., 17:15

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ չէր ընդունել իմ բողոքն ԱԱԾ-ի և ոստիկանության դեմ ապօրինի գաղտնալսումներ անելու համար: Դատական համակարգն այս նոր իշխանությունների օրոք շարունակում է աշխատել անցած հանցավոր ռեժիմի գործելավոճով՝ կոծկելով ապօրինությունները մարդու իրավունքների ոտնահարման դեպքերում:

Ես մեղադրում եմ ԱԱԾ-ին և ոստիկանությանը կամայական, անթույլատրելի և, հետևաբար, անօրինական գաղտնալսումներ կատարելու մեջ, որը հիմնված է այն փաստի վրա, որ իմ ձերբակալությունը հիմնավորվել էր այսպես կոչված «օպերատիվ տեղեկության» հիման վրա, որ իբրև թե ես զենք-զինամթերք և «անթույլատրելի» ռադիոկապի սարքավորումներ ունեմ թաքցրած իմ տանը, որը մտադիր եմ եղել տրամադրել «Սասնա Ծռեր»-ին: Այս (իմ կարծիքով գոյություն չունեցող կամ էլ շինծու սարքած) «օպերատիվ տեղեկության» հիման վրա ուժային հանցավոր մարմինները դատարանից սանկցիա են ստանում իմ հեռախոսը գաղտնալսելու (հիմա արդեն օրինական դատարանի որոշմամբ) և իմ տունը և այլ տարածքները խուզարկելու: Իհարկե, ոչ մի արգելված առարկա չեն հայտնաբերում, բայց համենայնդեպս «պրոֆիլակտիկ» և ձեռքի հետ ձերբակալում են և անօրինական կալանավորում են 22 ամիս (հեղափոխությունից մեկ ամիս անց ազատ արձակվեցի այն ժամանակվա համար աննախադեպ 10 միլիոն գրավի դիմաց):

Ես պահանջում եմ ԱԱԾ-ից և ոստիկանությունից, որ գաղտնազերծեն ապօրինի գաղտնալսումները, ներողություն խնդրեն ինձանից, պատժեն ապօրինի գաղտնալսում պատվիրողներին և պաշտոնապես հայտարարեն, որ այլևս չեն գաղտնալսելու ինձ և իմ ընտանիքի անդամներին և մեզ պատկանող տարածքները: Հիմնավորում եմ այս իմ մեղադրանքը նրանով, որ այսպես կոչված «օպերատիվ տեղեկությունը» կամ գոյություն չունի կամ էլ սարքված է հենց հանցավոր պատկան մարմինների կողմից: Որպես ապացույց՝ պահանջում եմ ԱԱԾ-ից և ոստիկանությունից գաղտնազերծել այսպես կոչված «օպերատիվ տեղեկությունը», որպեսզի տեսնենք, թե դա նույնիսկ գոյություն ունի և եթե դա իսկապես գոյություն ունի, ապա ինչքանով է այդ «օպերատիվ տեղեկությունը» հիմնավորում դատարանի սանկցիան:

Առաջին ատյանի դատարանը մերժեց իմ պահանջը՝ հղում անելով այն օրենքին, որ մեղադրյալը կարող է գալտնազերծել իրեն վերաբերվող «օպերատիվ տեղեկությունը» միայն այն դեպքում, եթե նա արդարացվի դատական որոշմամբ: Աբսուրդը նրանում է, որ արդարացվելուց հետո ինձ այդ գաղտնազերծումն այլևս պետք չէ: Գաղտազերծելու դեպքում կբացահայտվեր, որ «օպերատիվ տեղեկությունը» գոյություն չուներ, հետևաբար, մեղադրող կողմի ամբողջ շինծու գործը միանգամից կփլվեր:

Մերժելով իմ գաղտնազերծման պահանջը՝ դատարանը նաև կոպտորեն խախտում է սահմանադրորեն ինձ ընձեռնված բազմաթիվ իրավունքներ, որոնք նաև երաշխավորված են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով, հատկապես՝ քրեական մեղադրանքի դեմ պաշտպանության իրավունքը, տեղեկատվություններ ստանալու իրավունքը, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, և այլն: Կոռումպացված և հանցավոր դատական համակարգն այս հեղափոխական իշխանության օրոք, ի դեմս վերաքննիչ և վճռաբեկ դատարանների, առանց քննության և, հետևաբար, առանց բացատրության անփոփոխ թողեցին առաջին ատյանի անօրինական և հակասահմանադրական որոշումը:

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը բնութագրում է այս, մեղմ ասած, «օրեսդրական անհամատեղելիությունը» հետևյալ կերպ: «Այլ խնդիր է, որ պետք է բացառել կամայական գաղտնալսումների հնարավորությունը, բայց սա արդեն ոչ թե առանձին պատգամավորների, այլ կառավարության և պառլամենտի տնօրինման հարցն է: Գործող օրենսդրությամբ գաղտնալսումների օրինականության երաշխավորման մեխանիզմները, մեղմ ասած, անկատար են: «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքն այլևս «արխայիկ» իրավական ակտ է, չի արտացոլում հատուկ օպերացիաների վերաբերյալ միջազգային ստանդարտներն ու միջազգային լավագույն փորձը»»: