Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հանցավոր ռեժիմի իրավական ճարտարապետներն անուղղակիորեն կմասնակցեն սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին». Արման Բաբաջանյան

«Հանցավոր ռեժիմի իրավական ճարտարապետներն անուղղակիորեն կմասնակցեն սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին». Արման Բաբաջանյան
357
Հինգշաբթի, 30 հունվարի, 2020 թ., 14:45

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանցավոր ռեժիմի իրավական ճարտարապետները՝ Աղվան Հովսեփյանը, Գագիկ Հարությունյանն ու Դավիթ Հարությունյանն անուղղակիորեն կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին. Արդարադատության նախարարությունը հրապարակել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները: Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:

Հանձնաժողովի ընտրված անդամների կազմը բավական մտահոգիչ է: Բանն այն է, որ հանձնաժովում ընտրված իրավաբան-գիտնականների թվում ներառվել են մարդիկ, ովքեր տարբեր թելերով կապված են նախկին իշխանության իրավական պատասխանատուների՝ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ՝ նրանց, ովքեր համարվում են մեր պետության ժողովրդավարացման թշնամիներ, ովքեր առանցքային դերակատարություն և մասնակցություն են ունեցել պետության բռնազավթման գործում, ովքեր ոչ մի միջոցի առջև կանգ չեն առել կոծկելու համար Հոկտեմբերի 27-ի, ապրիլի 12-ի, Մարտի 1-ի և այլ հանցագործություններ, որոնց որոշումներն ու գործողությունները տարիներ շարունակ հուսահատություն և անվստահություն են առաջացրել երկրի իրավապահ համակարգի հանդեպ։

Խնդիրն իրականում ոչ թե ընտրված թեկնածուների անձերն են, որոնք գուցե որակավորված իրավաբաններ են, այլ նրանց փոխառնչությունները նախկին իշխանության իրավական ճարտարապետների հետ, իսկ դա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններն այս անդամների ակնհայտ կամ թաքնված մասնակցությամբ կարող են ընթանալ նույն նախկին իշխանությունների ներկայացուցիչների նախանշած սցենարով և անուղղակի մասնակցությամբ: Սա ուղղակի անթույլատրելի է և մեծապես ստվերում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ու ողջ գործընթացի բովանդակային լեգիտիմությունը:

Կոչ եմ անում իշխանություններին օգտագործել իրավական հասու ընթացակարգերը հանձնաժողովի այս կազմը չհաստատելու և հնարավարության դեպքում նոր մրցույթ հայտարարելու համար: Այլապես մենք ամիսներ անց կարող ենք որպես այս հանձնաժողովի աշխատանքի արդյունք ստանալ սահմանադրական բարեփոխումների այնպիսի փաթեթ, որն իրականում գրվել է նախկին իշխանության կարկառուն ներկայացուչիների աշխատասենյակներում»: