Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Գերսրության հասած ռուս–թուրքական առճակատումը գոնե առժամանակ կթուլանա». Արման Բաբաջանյան

«Գերսրության հասած ռուս–թուրքական առճակատումը գոնե առժամանակ կթուլանա». Արման Բաբաջանյան
330
Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 12:45

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գառումը. «Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպումը՝ կապված սիրիական Իդլիբում ռուս–թուրքական առճակատման հետևանքով ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու հետ։

Ռուս-թուրքական բանակցությունները տևել են ավելի քան 6 ժամ. սկզբում՝ երեք ժամից ավելի երկու նախագահները բանակցել են դեմ առ դեմ, ապա նրանց են միացել երկու երկրների պատվիրակությունները:

Բանակցությունների արդյունքում Պուտինն ու Էրդողանը համաձայնություն են ձեռք բերել Իդլիբում կրակի դադարեցման վերաբերյալ: Նրանք ընդունել են համատեղ հայտարարություն, որը պարունակում է հետևել կետերը.

- Մարտի 6-ի կեսգիշերից սկսած շփման գծի երկայնքով բոլոր ռազմական գործողությունների դադարեցում

- Ռուսաստանն ու Թուրքիան ստեղծում են անվտանգության միջանցք՝ 6 կիլոմետր երկարությամբ՝ Սիրիայի М-4 մայրուղուց դեպի հյուսիս և հարավ ընկած տարածքով

- Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն են ձեռք բերել մարտի 15-ից համատեղ պարեկություն իրականացնել Սիրիայի М-4 մայրուղու երկայնքով

Այսպիսով, ըստ ամենայնի, ծանր ընթացած երկարատև բանակցություններից հետո, ի վերջո Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվեց համաձայնության հասնել և խուսափել ռազմական ավելի լայնածավալ առճակատումից: Սա նշանակում է, որ գերսրության հասած ռուս–թուրքական առճակատումը գոնե առժամանակ կթուլանա։

Այս հանդիպումն ու ձեռք բերված համաձայնությունը, ընդհանուր առմամբ ռուս–թուրքական հարաբերությունների բարելավումը ուղղակիորեն բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ գլոբալ առումով Հարավային Կովկասի տարածաշրջանի շահերից։ Հակառակ պարագայում, ռուս–թուրքական հարաբերությունների էլ ավելի սրման դեպքում, երկու երկրների առճակատումը կարող էր տարբեր արտահայտություններ գտնել այդ թվում մեր տարածաշրջանում։

Բավական է միայն հիշել, որ Հայաստանում՝ Գյումրիում է տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանը և հնարավոր ռազմական էսկալացիայի դեպքում այն կարող էր ներքաշվել պատերազմական գործողություններում՝ դրանից բխող նաև մեզ համար անցանկալի ու վտանագվոր հեռանկարներով։

Ընդհանարպես ռուս–թուրքական հարաբերությունները Հայաստանի ու մեր տարածաշրջանի համար ունեն կենսական, անվտանգային նշանակություն։ Ընդ որում, իրավիճակը երկակի է ու երկսայր։ Խնդիրն այն է, որ մեզ համար վտանգավոր զարգացումներ կարող են լինել ինչպես ռուս–թուրքական հարաբերությունների մերձեցման, այնպես էլ դրանց լարումների դեպքում։ Պատմությունը բավական հարուստ է նման օրինակներով։

Ընթացիկ քաղաքական ռեժիմում ռուս–թուրքական հարաբերությունների լարվածության աճը կարող է տեղափոխվել տարածաշրջան, այդ թվում արցախյան տարածաշրջան, քանի որ Թուրքիան կարող է որպես հակառուսական քայլ Ադրբեջանին ռազմական գործողությունների հրահրել արցախյան ճակատում։ Իսկ դա հղի է մեզ համար ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական ռիսկերով, քանի որ տակավին անհայտ է, թե առճակատման հերթական փուլից հետո ինչ համաձայնությունների կարող են հանգել Թուրքիան և Ռուսաստանը և որքանով այդ համաձայնությունները կարող են ներառել նաև արցախյան հարցը։

Բոլոր այս գործոնները վկայում են այն մասին, որ ռուս–թուրքական հարաբերություններն ուղղակի ու անուղղակի ազդեցություն կարող են ունենալ մեր անվտանգային շահերի վրա։ Հետևաբար Հայաստանը պետք է ամենօրյա, անընդհատ ռեժիմով հետևի ռուս–թուրքական հարաբերություններում արձանագրվող զարգացումներին՝ մեր քաղաքականությունը ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ու ռազմավարական առումով այդ զարգացումներին համապատասխանեցնելու նպատակով։

Պետք է հույս ունենալ, որ այսօրվա Էրդողան–Պուտին հանդիպման արդյունքներով կողմերին կհաջողվի խուսափել հարաբերությունների էլ ավելի լարումից և կչեզոքացվեն այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ ռուս–թուրքական հնարավոր բախման դեպքում»: