Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Բացառված չէ, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը». Հայկ Մարտիրոսյան

«Բացառված չէ, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը». Հայկ Մարտիրոսյան
319
Հինգշաբթի, 30 ապրիլի, 2020 թ., 13:50

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացառված չէ, որ փոխվարչապետը հրաժարական չտա, չազատվի պաշտոնից և մնա իշխանությունում: Բացառված չէ նաև, որ լուրի վաղաժամ հայտնվելու արդյունքում Փաշինյանը կասեցնի գործընթացը: Գոնե ժամանակավորապես:

Բայց, այնուամենայնիվ, եթե պարոն պարետ, պարոն փոխվարչապետ, պարոն Տիգրան, պարոն Ավինյանի հրաժարական-ազատման մասին տեղեկատվությունն իրականություն դառնա՝ այդ հանգամանքին պետք կլինի զգուշությամբ մոտենալ:

Ընդդիմության դաշտում այսօր չորս ուժեր կան միայն.

1. Նախկին ռեժիմն ու դրան մաս կազմած մի խումբ ուժեր, որոնք բոլորն էլ իրականում ընդդիմություն չեն, այլ՝ նախկիններ,

2. Խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը՝ ԼՀԿ-ն,

3. Ամենաիսկական ընդդիմադիր և նախկիններով չաղտոտված ազգային ուժերը՝ բաղկացած մեկ կուսակցությունից և ապակուսակցական ու անկախ մի խումբ անհատ անձանցից, որոնց ընդհանուր համակիրների շարքերը ժամանակին համընթաց աճում են,

4. Չեզոք և նորերի որակից ու անգործությունից դժգոհ ամենատարբեր խմբերի հասարակ քաղաքացիների մի շերտ, որ գնալով մեծանում է:

Առաջին խմբին Փաշինյանն է քաղաքականապես կենդանի թողել՝ երրորդ խմբին չեզոքացնելու համար: Մշտապես հարվածի սլաքներն ուղղել է նրանց վրա՝ ցույց տալու համար, որ նրանք շարունակում են սպառնալիք մնալ և վերադարձը կանխելու համար անհրաժեշտ է սատարել իրեն: Այդ սատարումն իրականում Փաշինյանին անհրաժեշտ է երրորդ խմբի դեմ պայքարելիս, որպեսզի սատարողներին բացատրի, որ եթե ինքը հեռանա, նախկինները կվերադառնան:

Երկրորդ խմբի դեմ պայքար է տարվում բավական լայն ճակատով: Այս ուժն իր գործունեության ընթացքում քաղաքական թշնամիների լայն շերտեր է ձեռք բերել և գործում է գրեթե մեկուսի՝ դրանով դառնալով պակաս արդյունավետ:

Չորրորդ խումբն անկազմակերպ է և կարող է տրոհվել երկու մասի՝ նախկիններին վերասատարել սկսողների (ԼՏՊ-ի վերասատարման ֆենոմենը միայն Հայաստանում չէ, որ տեղի է ունեցել) և երրորդ խմբին միացողների: Բայց դա կազմակերպված ուժ չէ, այլ՝ երկու հակադիր ճամբարներին հավելյալ հոսանք հաղորդող էներգիա:

Սրանով Փաշինյանի համար իրական ամենավտանգավոր խումբը հենց երրորդն է: Անկախ, չաղտոտված և ազգային թևը, որի հասարակական պահանջարկն այս անկումային և խոշոր ձախողումների փուլում առավել մեծանալու է: Այդպես է եղել ամենուր, այդպես է աշխարհում այսօր, այդպես կլինի Հայաստանում:

Հակադրվելու համար դրան Փաշինյանը կարող է ձեռնարկել սեփական ուժերի տրոհում՝ դրա մի հատվածը կեղծ ընդդիմության վերածելու և իշխանությունը կորցնելու պահին այն հենց այդ կեղծ ընդդիմությանը հանձնելու համար: Դա նրան հետագա անձեռնմխելիություն և իշխանության թիմային ժառանգականություն կապահովի: Եվ այդ գործում նրան կարող է շատ պետք գալ հենց Տիգրան Ավինյանը:

Մյուս հնարավոր տարբերակ կարող է և լինել Ավինյանի հնարավոր հավաքագրումն արտաքին ամենատարբեր հնարավոր ուժերի և խաղացողների կողմից, որոնք կարող են նրան ընդդիմության դաշտ տանելով՝ Հայաստանում «թավշյա» հեղաշրջում իրականացնել: Դրանով իշխանության կգան իբրև թե «առավել պրոֆեսիոնալ հեղափոխականները», իսկ իրականում, հնարավոր է՝ արդեն ամբողջությամբ վերահսկվող անգույն և մեծապես կառավարելի մարդիկ:

Եվ վերջին հնարավոր տարբերակն այն է, որ բացառված չէ, որ բոլորի հետ կոնֆլիկտ ստեղծող և իրեն լիակատար քաղաքական միայնության դատապարտող «հեղափոխության աստված»-ն ուղղակի հերթական ներքին կոնֆլիկտի արդյունքում ինչ-որ հերթական հետազատումային մեղադրանքով իշխանությունից կհեռացնի հերթական, այս անգամ ոչ շատ սիրված մի չինովնիկի:

Կյանքը ցույց կտա, թե որ տարբերակն է իրականության հիմքում: Բայց որ պարզամիտ հրճվանքը կարող է և վաղաժամ լինել, չի կարելի միանգամից հերքել»: