Երկուշաբթի, 24 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել. պարզաբանում է «Շտապօգնության» ղեկավարը

Եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել. պարզաբանում է «Շտապօգնության» ղեկավարը
1146
Հինգշաբթի, 07 մայիսի, 2020 թ., 17:15

Այսօր «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցին, թե մայիսի 4-ի սահմանափակումների մեղմացումներից հետո ավելացե՞լ են կանչերը և որքանո՞վ, հավաստիացրեց, որ չեն ավելացել, «Հունվար-փետրվար ամիսներին ունեցել ենք կանչերի բավականին բարձր թիվ, որը հասել է 900-950-ի: Այսօր շտապօգնության կանչերն օրական 600-650-ի մեջ է տատանվում: Այնպես որ, կանչերի բարձր տենդենց այս օրերին չենք ունեցել»:

Հարցին՝ շտապօգնության անձնակազմի շրջանում կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ կամ մեկուսացվածներ, Թ. Ստեփանյանը նշեց, որ այսօր ունեն 12 դեպք, որոնք մեկուսացաված են համապատասխան բուժհաստատություններում:

Կանչերի մեջ ի՞նչ թիվ են կազմում կորոնավիրուսով հիվանդները, պատասխանեց, որ մարտ-ապրիլին և մինչև մայիսի 6-ը, հիվանդները 2333-ն են եղել. «Մենք, ի սկզբանե, այդ դիագնոզը չենք դնում, և չենք տարանջատում հիվանդներին, տեղափոխում ենք, նոր ենք իմանում ինչ հիվանդ են»:

Հարցին՝ եղե՞լ են բուժաշխատողներ, որոնք հրաժարվել են աշխատել այս իրավիճակում, Շտապօգնության պատասխանատուն նշեց, որ եղել են նման դեպքեր և իրենք ըմբռնումով են մոտեցել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք չեն ցանկացել աշխատել, սակայն եղել են նաև մասնագետներ, ովքեր կամովի ցանկացել են աշխատել այս ոլորտում:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս հունվար-փետրվար ամիսներին առաջին տեղում են սրտանոթային, հետո նոր՝ սուր շնչառական հիվանդությունները, իսկ ընդհանրապես, ձմռան ամիսներին միշտ էլ ունենում են սուր շնչառական հիվանդությունների աճի բարձրացում:

Թեպետ կարատինային սահմանափակումները մեղմացվել են, սակայն մասնագետը կոչ արեց բնակիչներին՝ ավելի զգոն լինել, քանզի ոչինչ դեռ չի ավարտվել: