Չորեքշաբթի, 25 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան

«Սահմանադրությունը չպետք իշխանությանը դարձնի դատավորի մասնագիտական ճակատագրի որոշող»․ Աննա Ծառուկյան
18
Այսօր, 18:06

Փաստաբան Աննա Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դատավորների վերագնահատումը նոր Սահմանադրության նախագծում՝ դատական անկախությա՞ն երաշխիք, թե՞ քաղաքական ազդեցության վտանգ։
Ըստ նախագծի՝ դատավորների մեկանգամյա վերագնահատման կարգավորումը մտահոգիչ է ոչ թե այն պատճառով, որ դատական համակարգը չպետք է բարեփոխվի, այլ այն պատճառով, որ բարեփոխման գործընթացը չպետք է վտանգի դատավորի անկախությունը։
Հիմնական խնդիրները հետևյալն են.
1. Քաղաքական ազդեցության վտանգ․ դատավորների վերագնահատման հանձնաժողովի հինգ անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։ Այսպիսով՝ առաջանում է դատական իշխանության նկատմամբ քաղաքական ազդեցության հնարավորության հարց։
2. Գնահատման չափանիշների անորոշություն․ բարեվարքությունը, մասնագիտական կարողությունները և գույքային դրությունը պետք է գնահատվեն հստակ, օբյեկտիվ և ստուգելի չափանիշներով, այլ ոչ թե լայն հայեցողությամբ։
3.Պաշտոնավարման երաշխիքների թուլացում՝ դատավորները վերագնահատման ընթացքում շարունակելու են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։ Սա կարող է ստեղծել մասնագիտական և հոգեբանական կախվածության միջավայր։
4.Արդյունավետ դատական պաշտպանության խնդիր հանձնաժողովի եզրակացության անմիջական բողոքարկման բացակայությունը կարող է սահմանափակել դատավորի պաշտպանության հնարավորությունները, եթե հետագա դատական վերահսկողությունը լիարժեք չլինի։
5. Դատական անկախության վտանգ՝ դատավորը չպետք է ունենա մտավախություն, որ իշխանության համար անցանկալի որոշում կայացնելը կարող է բացասաբար անդրադառնալ իր պաշտոնավարման վրա։
6.ԲԴԽ-ի կազմավորման փոփոխությունը
Նախագծի 58-րդ հոդվածով ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդով։ Դատավորների ընդհանուր ժողովին մնում է դատավոր անդամների թեկնածուներին առաջադրելու իրավունքը։
Սա լրացուցիչ մտահոգություն է առաջացնում դատական իշխանության ինքնակառավարման մարմնի ձևավորումը զգալիորեն կախված է դառնում խորհրդարանական ընտրական գործընթացից։
Իրավական հարցը մեկն է՝ ինչպե՞ս կարող է դատական իշխանությունն ապահովել իր անկախությունը, եթե դրա կառավարման բարձրագույն մարմնի ամբողջ կազմի ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին։
Դատական համակարգի բարեփոխումը չի կարող սկսվել գործող դատավորների պաշտոնավարման կայունության վերացումից։ Դատավորների մասնագիտական որակի բարձրացումը, բարեվարքության ստուգումը և կոռուպցիայի դեմ պայքարը օրինական նպատակներ են, սակայն դրանք չեն կարող իրականացվել դատական անկախության հիմնարար երաշխիքների հաշվին։
Դատավորին պետք է գնահատել օրենքով սահմանված չափանիշներով, ոչ թե իշխանության վստահության չափով։
Ավելին՝ եթե դատավորը գիտակցում է, որ իր պաշտոնավարման շարունակությունը կախված է քաղաքական մարմնի ընտրած հանձնաժողովի եզրակացությունից, ապա նույնիսկ առանց ուղղակի միջամտության կարող է առաջանալ արտաքին ազդեցության օբյեկտիվ վտանգ։ Եվ ամենակարևորը՝ դատավորի անկախությունը միայն դատավորի արտոնությունը չէ։ Դա քաղաքացու իրավունքն է՝ իր գործը քննելու անկախ և անաչառ դատարանի կողմից։
Սահմանադրությունը չպետք է դատավորին դարձնի ժամանակավոր, իսկ իշխանությանը՝ նրա մասնագիտական ճակատագրի որոշող։
Իրավական հենարան՝ տես ՄԻԵԿ 6-րդ հոդված, Baka v. Hungary \[GC\], Grzęda v. Poland \[GC\], դատական անկախության վերաբերյալ եվրոպական չափանիշներ»։

Աղբյուրը`   Աննա Ծառուկյան