Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ուզում հասկանալ՝ ո՞րն է ձեր նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորելը և ատելություն բորբոքե՞լը». Հրանուշ Խառատյան

«Ուզում հասկանալ՝ ո՞րն է ձեր նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորելը և ատելություն բորբոքե՞լը». Հրանուշ Խառատյան
480
Չորեքշաբթի, 13 մայիսի, 2020 թ., 19:10

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս հոդվածը գրվել է Tert.am-ի կայքում այսօր հրատարակված հոդվածի առթիվ: Ուղարկում եմ նաև իրենց՝ հուսալով, որ անփոփոխ կհրապարակեն իրենց կայքում

Շատ եմ ուզում հասկանալ՝ ո՞րն է ձեր նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորելը և ատելություն բորբոքե՞լը, իրականությունը պարզե՞լը, թե Հայոց Ցեղասպանության բազմատեսակ խնդիրների շուրջ հետազոտություններին խանգարելը (Терт.ам-ի հրատարակած «Ադրբեջանցի Էյդար Զեյնալովին հասանելի կլինեն Ցեղասպանության ինստիտուտի արխիվները. ծրագրում ընդգրկված է նաև Հրանուշ Խառատյանը. 168.am» հոդվածի առթիվ):

Մտածում եմ՝ արդյո՞ք մեր հասարակության նույնիսկ գրագետ մարդկանց մի մասը իր պատկերացումներով, իմացությամբ վաղ միջնադարում չի ապրում: «Ադրբեջանցի Էյդար Զեյնալովին հասանելի կլինեն Ցեղասպանության ինստիտուտի արխիվները» վերնագրով հոդվածը հենց այդ է ապացուցում: Ի՞նչ պատկերացում ունի այդ հոդվածագիրը արխիվի, արխիվից օգտվելու, արխիվային փաստաթղթերի հետ աշխատելու մասին: Նայեք Հայաստանի Հանրապետության Օրենքը «Արխիվային գործի մասին»: Այն ընդունվել է 2004 թվականի հունիսի 8-ին: Սևով սպիտակի վրա գրված է.
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն արխիվային գործի մասին

1. Արխիվային գործի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից և իրավական ակտերից ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Ըստ այդ օրենքի 7-րդ գլխի 21-րդ հոդվածի, որը վերնագրված է «ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ», ունի երկու կետ
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի ազատ որոնելու և ուսումնասիրության նպատակով պետական և համայնքային արխիվներից ստանալու արխիվային փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
2. Պետական և համայնքային արխիվներում արխիվային փաստաթղթերից օգտվողի համար արխիվային փաստաթղթերի մատչելիությունն ապահովվում է տեղեկատու-որոնողական միջոցների և դրանց մասին տեղեկատվության, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների կամ պատճենների տրամադրմամբ:

Դրան հաջորդում է 22-րդ հոդվածը՝ «Արխիվային փաստաթղթերի մատչելիության սահմանափակումները».
1. Արխիվային փաստաթղթերից օգտվողին արխիվային փաստաթղթերի մատչելիությունը կարող է սահմանափակվել սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականություն համարվող արխիվային փաստաթղթերի սեփականատերերի որոշումներին համապատասխան:
2. Արխիվային փաստաթղթերի մատչելիությունը, անկախ դրանց նկատմամբ սեփականության իրավունքից, սահմանափակվում է պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ և հատկապես արժեքավոր փաստաթղթերի բնագրերի և ոչ բավարար պահպանվածության վիճակ ունեցող արխիվային փաստաթղթերի նկատմամբ: Պետական և ծառայողական ու օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի նկատմամբ մատչելիության սահմանափակումները վերացվում են օրենքով սահմանված կարգով:
3. Մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերի օգտագործման մատչելիությունը սահմանափակվում է դրանց ստեղծման ժամանակից 100 տարի ժամկետով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Մարդու, իսկ մահվանից հետո նրա ժառանգների գրավոր թույլտվության կամ դատարանի որոշման հիման վրա մարդու անձնական և ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող արխիվային փաստաթղթերը կարող են մատչելի լինել ավելի վաղ, քան դրանց ստեղծման ժամանակից 100 տարվա ժամկետը:

Եվ վերջապես հոդված 23-ը՝ «Արխիվային փաստաղթերի օգտագործումը»

1. Արխիվային փաստաթղթերից օգտվողն իրավունք ունի իրեն տրամադրված արխիվային փաստաթղթերում պարունակած տեղեկատվությունն օգտագործելու, փոխանցելու և տարածելու ցանկացած օրինական նպատակով և միջոցով, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի
2. Պետական և համայնքային արխիվներն արխիվային փաստաթղթերից օգտվողի համար անվճար ապահովում են արխիվային փաստաթղթերի որոնման և ուսումնասիրման համար անհրաժեշտ պայմաններ:
3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրավաբանական և ֆիզիկական անձինք իրենց մոտ համապատասխան արխիվային փաստաթղթերի առկայության դեպքում պարտավոր են արխիվային փաստաթղթերից օգտվողին անվճար տրամադրել քաղաքացիների սոցիալական ապահովությանը վերաբերող ու սահմանված կարգով ձևակերպված արխիվային տեղեկանքներ կամ արխիվային փաստաթղթերի պատճեններ:
4. Պետական և համայնքային արխիվները, ինչպես նաև պետական կամ համայնքային կազմակերպությունները կարող են արխիվային փաստաթղթերից օգտվողին ցուցաբերել վճարովի տեղեկատվական ծառայություններ, կնքել նրա հետ պայմանագրեր՝ արխիվային փաստաթղթերի և դրանց տեղեկատու-որոնողական միջոցների առևտրային օգտագործման մասին:
5. Պետական և համայնքային արխիվները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում են նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվություն և արխիվային փաստաթղթերի պատճեններ:
Այսքան ընդարձակ մեջբերումներն արվեցին մի նպատակով՝ հասկանալի է, որ ո՛չ Խառատյան Հրանուշը, ո՛չ Հարություն Մարությանը, ո՛չ արխիվի վարիչը, ո՛չ որևէ մեկ այլ անձ ՉԵՆ ՈՐՈՇՈՒՄ, թե ով կամ ինչպես կարող է արխիվային փաստաթղթերի հետ աշխատել: Դա որոշում է ՀՀ ՕՐԵՆՔԸ: Ամեն մեկը, ով կշրջանցի այդ օրենքը, կանի ապօրինի քայլ և ենթակա կլինի օրենքով սահմանված պատասխանատվության: Օրենքն է կարգավորում այդ հարցը և միայն օրենքով է կարելի արխիվային նյութերի, փաստաթղթերի հետ աշխատել: ՀՀ օրենքն է կարգավորում նաև պետության անվտանգությանն սպառնացող փաստաթղթերի գաղտնիության հարցը: Դրանք, մինչև չգաղտնազերծվեն, ուսումնասիրողներին մատչելի չեն դառնա:

ՀՀ օրենքն արտասահմանցիներին չի արգելում ուսումնասիրություններ կատարել ՀՀ արխիվներում, և եթե «Թերթ»-ի՝ չգիտեմ պայմանական, թե իրական ընտրված անձը՝ «ադրբեջանցի Էյդար Զեյնալովը» գա Հայաստան, գնա որևէ արխիվ և ուզենա այնտեղ ուսումնասիրություններ կատարել՝ նա այդ իրավունքն ունի: Այդ իրավունքն ունեն բոլոր հետազոտողները՝ Թուրքիայից, Իսրայելից, Գերմանիայից, եվրոպական, ասիական, աֆրիկյան... մայրցամաքներից: Ուշադիր կարդացեք օրենքը: Այնտեղ արխիվում աշխատելու ՀՀ քաղաքացիների և արտասահմանցիների միջև որևէ տարբերություն կա՞: Անկախ իմ՝ Հրանուշ Խառատյանի, ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի, ֆոնդերի վարիչ Գոհար Խանումյանի կամքի: Այդ իրավունքը նրանք ունեն Արխիվների մատչելիության մասին ՀՀ օրենքով: Նույն կերպ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել աշխարհի այն բոլոր երկրների արխիվներից, որոնք բաց են: Այդ թվում՝ Թուրքիայի:

Կոնկրետ ես՝ Հրանուշ Խառատյանս, ՀՑԹԻ արխիվում երբեք չեմ եղել, բնականաբար, այնտեղ չեմ աշխատել, և նույնիսկ տեղյակ չեմ այնտեղ պահվող փաստաթղթերին: Պարզեք, խնդրում եմ, այդ հարցը թանգարանի նախկին և ներկա տնօրենի, ֆոնդապահների կամ այլ աշխատակիցների հետ: Վերջին երկու տարին ես աշխատում եմ Անդրֆեդերացիայի Կովկասյան Բյուրոյի արխիվի հետ: Անդրֆեդերացիան եղել է 1922-1936թթ. միջակայքում, և Հայաստանի պատմության բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, լինելով Անդրֆեդերացիայի մաս, գտնվում են Թիֆլիսում՝ Անդրֆեդերացիայի կենտրոնում: Պատկերացրեք, եթե Վրաստանի օրենքը մեզ արգելեր աշխատել այդ արխիվային փաստաթղթերի հետ: Վրաստանի արխիվից բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ եմ բերել Հայաստան: Եվ ոչ միայն Վրաստանի, նաև Ռուսաստանի տարբեր արխիվներից: Հիմա իմ նպատակն ավելի շատ տարբեր արխիվներից հայ ժողովրդի և Հայաստանի հետ կապ ունեցող փաստաթղթերի պատճեններ բերելն է և ես այդ ուղղությամբ եմ աշխատում: Այդ պատճենների համար մենք միշտ վճարում ենք: Եվ շատ դժվարությամբ ենք ճարում փողը: Նույն կերպ ՀՀ արխիվներից որևէ փաստաթղթի պատճեն ստանալու համար են վճարում: Թե՛ ՀՀ քաղաքացիները, թե՛ արտերկրի հետազոտողները: Հիմա ի՞նչ անեմ, վախենա՞մ հանրային կարծիք պղտորողներից և այդ ուղղությամբ չաշխատե՞մ:

«Թերթ»-ը գրում է՝ «Թանգարան-ինստիտուտի ֆոնդերում փոփոխություններ կատարելու աշխատանքներին ազգագրագետ, թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանի մասնակցությունը չհերքվեց»: Է հա, ՀՑԹԻ-ում կառուցվածքային փոփոխություններ անելը մի ծրագիր է, որը պիտի հաստատվեր կամ մերժվեր ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների կողմից, և այս չափով նրանք բոլորն են մասնակից այդ ծրագրի հաստատմանը: Հրանուշ Խառատյանը՝ նրանցից մեկը: Խնդիրն ի՞նչ է:

Շատ եմ ուզում հասկանալ՝ ո՞րն է այս ամենի նպատակը, խեղաթյուրումներով ջուր պղտորե՞լը, ատելություն բորբոքե՞լը, իրականությունը պարզե՞լը, թե Հայոց Ցեղասպանության բազմատեսակ խնդիրների շուրջ հետազոտություններին խանգարելը: Վերջ ի վերջո եթե արխիվներին որևէ վտանգ է սպառնում՝ ամենատրամաբանականը կլինի իրավապահներին դիմելը՝ եկեք, տեսեք, կանխեք: Ինչու՞ չի արվում»: