Ուրբաթ, 05 հունիսի, 2020 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Հազարամյա երկիր եք ուսել, ուշքի եկեք». Վարդ Սիմոնյան

«Հազարամյա երկիր եք ուսել, ուշքի եկեք». Վարդ Սիմոնյան
94
Հինգշաբթի, 21 մայիսի, 2020 թ., 03:10

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշքի եկեք, Հայաստանը չի կարող գնալ մտքին հակառակ ուղղությամբ

Ժողովուրդը հեղափոխությանը տվեց՝ ինչ ուներ, սկզբում փողոցում, ապա՝ ընտրություններին՝ հեղափոխության հարթակին օժտելով ահռելի վստահության ռեսուրսով: Այդ ռեսուրսն իշխանությունն է, որն ամեն պահի պետք է իշխանություն վերարտադրի, իսկ իշխանություն ստեղծողը բացառապես միտքն է՝ դու ունես այնքան իշխանություն, որքան միտքդ զորում է վերցնել: Դրա համար հարկ էր տեխնոկրատների հետ կիսվել իշխանությամբ, ոչ թե վստահության մանդատը մսխել միջազգային կավատների հավաքագրած հարճերի վրա՝ հեղափոխության հարթակի միսը լցնելով իշխանական օթյակներ:

Հազարամյա երկիր եք ուսել, ուշքի եկեք: Իհարկե, 20 տարի երկրի միսն ու ոսկորը կերած հանցագործ տարրը ձեռքերը ծալած չի նստելու և սպասի, թե երբ է գալու իր երկրային ահեղ դատաստանը, իհարկե, անվրեպ գործելու է նրա ինքնապաշտպանական բնազդը՝ թքած ունենալով ամենայն սրբության վրա՝ ստեղծելով քաոս, բանը հասցնելով քաղաքացիական բախումների: Իսկ որն է մեր և նրանց տարբերությունը՝ մենք ունենք լեգիտիմ իշխանություն, և մեր գործողությունների վայրը փողոցը չէ՝ պետք չէ մեզ կրկին վերադարձնել հեղափոխության խանձարուր:

Ուշքի եկեք, Հայաստանը չի կարող անընդհատ գնալ մտքին հակառակ ուղղությամբ: Այսօր ամբողջական երկրների և ժողովուրդների զոհաբերության ժամն է և դոմինոյի էֆեկտով խաղատախտակից սրբվելու են իրենց պիտանիության ժամկետը սպառած էթնիկ միավորները: Ի՞նչ է, որոշել ենք խփել Հայաստան պետության դագաղի վերջին մեխը: Թվանշային նոր աշխարհում ապագայի կարթը հույս ու սպասում չի փնտրում ինչ-որ գյոլերում. ապագան նախագիծ է, հստակ ճանապարհային քարտեզ, երթուղի, բյուջեի ծախսային մասում գիտությունն ու կրթությունը սպասարկող կոնկրետ թիվ: Ցույց տվեք որևէ երկրի գիտության ֆինանսավորման չափը և աշխարհն աչքերը փակ կասի՝ թե ուր է գնում այդ երկիրը և որտեղ կհասնի առաջիկա հիսուն-հարյուր տարում: Իսկ գիտությունը, կարծեմ, կրթության վերջնահաշիվն է և մեծ հաշվով, չունի ազգային պատկանելիություն և հայրենիք. այնտեղ է, ուր պայմաններ և իրացում է գտնում, ուր միտքն ու գաղափարը սահմանված են որպես մարդկային ամենամեծ կապիտալ: Նա, ով կարողանում է օրեցօր համալրել իր այդ կապիտալը, ինքնաբերաբար, ավելի մեծ իշխանություն է տոնում երկրի վրա: Իշխանությունն այսօր արդեն որևէ անհատի կամ խմբի մասնագիտական պոտենցիալն է, որը մի փոքր սենյակում իր իշխանությունն է արտադրում: Այսօր աշխարհն այնքան արագ է փոփոխվում, որ բյուրոկրատական ապարատներն ուղղակի քարշ են գալիս տեխնոհեղափոխականների հետևից: Եվ, եթե կուզեք, հենց տեխնոկրատիան է հեղափոխության իրական այլընտրանքը, նույն ինքը՝ հակահեղափոխությունը, որին օր առաջ պետք է օժտել իշխանությամբ՝ վերջ տալով երկիրը «աչքի թարազույով» կառավարելու քրոնիկակական պատուհասին: Մենք տանուլ կտանք հեղափոխությունը, եթե շարունակենք մասնագիտական պրոֆեսիոնալ բանկը թողնել փողոցում։ Մենք տանուլ կտանք հեղափոխությունը, եթե ժամ առաջ կառավարության նախաձեռնությամբ չստեղծենք ժամանակակից գիտելիքի, ապագայի սցենարների վրա հաշվարկված գործուն ուղեղային կենտրոններ։ Որքան հնարավոր է շուտ։ Հիմա»։