«Բոլոր գյուղերում հնարավորություն եղավ խոսել բնակիչների հետ». Դ. Պետրոսյան
302
Կիրակի, 19 հուլիսի, 2020 թ., 02:25
«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտից եղանք հայ-ադրբեջանական սահմանի Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես և Տավուշ գյուղերում։ Պետք է ասեմ, որ բոլորովին այլ զգացողություն է տեսնել ռազմական գործողությունների հետևանքը, կամ խոսել դրանց մասին, երբ ոչ թե զինվոր ես, այլ՝ քաղաքացի։ Պետք է փորձել լինել հնարավորինս զգույշ, ուշադիր ու հասկանալ, թե իրականում մարդիկ ի՞նչ են զգում։ Բոլոր գյուղերում հնարավորություն եղավ խոսել բնակիչների հետ։ Շատ խորը խոսակցություններ էին, քանի որ մարդիկ խոսում էին այն պայմաններում, երբ մի քանի օր առաջ ավերվել էր իրենց կամ հարևանի տունը, անվտանգության կանոններից ելնելով՝ իր հետ չէին կա՛մ ամուսինը, կա՛մ կինը, կա՛մ երեխաները, կա՛մ թոռնիկները։ Շատ պարտավորեցնող էր նայել այդ մարդկանց աչքերին ինչ-որ հարց տալ, շատ պարտավորեցնող ու զգաստացնող էր տեսնել կամքը, համառությունը ու պարզությունը։ Չնայած պատմությունների տարբերություններին ու նմանատիպ խնդիրներին՝ բոլորը հաստատակամ էին մեկ հարցում՝ ինչ էլ լինի, ինչ խնդիր էլ լինի մեր սահմանները լինելու են անառիկ, մենք շենացնելու ենք մեր տներն ու բնակավայրերը։ Համոզված կարող եմ ասել, որ ադրբեջանական վերջին հարձակումները, տարբեր տեսակի զինտեխնիկայի օգտագործումը և բնակավայրերի թիրախավորումը ոչ թե մտածելու ինչ-որ տեղ է տվել, այլ ավելի կուռ է դարձրել հայրենքը պաշտպանելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ շատ հակիրճ պետք է ասեմ, միգուցե, բոլորդ էլ գիտեք, բայց սահմանամերձ գյուղերում կարիք կա տարբեր տեսակի աշխատանքներ իրականացնելու։ Իմ մասով կարող եմ ասել, որ Երևանից հետո ինձ համար բավականին բարդ էր, հաճախ՝ անհարմար, լինել այս գյուղերում։ Ես գիտեմ ու տեսնում եմ, որ իրենք անխոնջ աշխատում են, հպարտ են ու վստահ, բայց ավելի լավ ու նախընտրելի կլինի, որ այն հնարավորությունները, որ մենք ունենք Երևանում, ունենան նաև սահմանամերձ գյուղերի բնակիչները, այո՛, միանգամից անհնար է, բայց այն որ բոլորս պետք է փորձենք մեր լուման ունենալ այս գործում, վստահ եմ։ Կարող եմ նաև ասել, որ կան նախադրյալներ. միայն օդը, բնությունը և մրգերը տեղափոխում են այլ աշխարհ։ Շնորհակալություն բոլոր բնակիչներին իրենց պատմություններով կիսվելու ու անսահաման հյուրասիրության համար։ Հ․Գ․ Նկարների տեղադրման առումով, փորձել եմ լինել զգույշ՝ մի քանի կարևոր հանգամանքներ հաշվի առնելով։ Այդ իսկ պատճառով հիմնականում բնության նկարներ են»: