Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ԱԺ-ում բոլորն էլ ռուսական թրի տակով անցած ուժեր են». Վահագն Ավագյան

«ԱԺ-ում բոլորն էլ ռուսական թրի տակով անցած ուժեր են». Վահագն Ավագյան
182
Երեքշաբթի, 21 հուլիսի, 2020 թ., 11:35

«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային Ժողովի գեթ մեկ պատգամավոր հանրությանը հետաքրքրող գոնե մեկ հարց ուղղե՞լ է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը տեղի ունեցած ռազմական բախման առնչությամբ: «Իմ քայլ»-ի կնոպկա սեղմող, ասֆալտ փռող, լույս անցկացնող, գաղութարարի հետ մտերմիկ երեկոներ անցկացնող, բայց ոչ երբեք պատգամավորները հասկանալի են: Համապատասխան լորդեր-լորդուհիների 5-րդ շարասյունը շեֆերի հանցագործությունների վերաբերյալ հարցեր չտալը էլի ինչ-որ տեղ պարզ է: Բա էն միշտ երրորդը հարցնելու բան չունի՞:

Գիտե՞ք՝ ինչու ոչ մեկ հարցնելու բան չունի: Քանի որ բոլորն էլ ռուսական թրի տակով անցած ուժեր են: Բոլորը՝ Նիկոլից մինչև Էդմոն, Ծառուկյանից մինչև Արեն Մկրտչյան:

Հարցեր մի տվեք, գաղտնիք է, ասում են մեզ: 4-րդ իշխանություն լևոնական թերթոնն էլ Ժիրայր Սեֆիլյանին հակադարձելով ասել է, եթե ճշմարտությունը մերոնք ասեն՝ Ալիևի իշխանությունը կտապալվի, ինչը արտաքին քաղաքական բարդություններ կստեղծի Հայաստանի համար։ Երևի թերթոնի գումարը ԼՏՊ-ն Ալիևից է ստանում:

Այստեղ տեղին է ասել, որ Հայաստանը Ադրբեջան չէ և հայ ժողովուրդը թույլ չի տա Ստյոպա Սաֆարյաններով ու Լևոն Շիրինյաններով կեղծ պաթետիկ պատումներով քնած պահել իրեն:

«Ամեն ինչ չենք կարող ասել ժողովրդին» եզրույթը գոյություն չունի քաղաքակիրթ երկրներում և միշտ առկա է հետամնաց երկրներում, որտեղ ղեկավարում են ոչ լեգիտիմ, իրենց իշխանությունը հավերժ պահելու ձգտում ունեցող տարրերը: Նիկոլը ստանալով ժողովրդի աջակցությունը շատ արագ փոխարինեց այն ռուսների խամաճիկությամբ՝ նպատակ ունենալով հնարավորինս երկար մնալ ղեկավար:

Ժողովուրդը ինքնիշխանն է և հետևաբար ինքը պետք է որոշի ինչ անի, երբ անի, ինչպես անի, սակայն դրա համար նա պետք է իմանա՝ իրականությունն ինչ է: Ոչ ոք չի հարցրել թե քանի զինվոր ունենք այս պահին, ինչ զենքերով են զինված, քանի օրվա զինամթերք ունեն և բոլորի անուն ազգանունները: Ժողովրդին իր ռազմաքաղաքական որոշումներն ընդունելու համար նման մանրամասներ պետք չեն, բայց ժողովուրդը պետք է իմանա օրինակ, եթե մեր գյուղերը գնդակոծող բարձունքը ազատագրելու նպատակով առաջ գնացած զորքերին թույլ չեն տվել ավարտել գործը, քանի որ ինչ-որ երրորդ ուժ զանգել և կանգնեցրել է: Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միշուստինի հետ հանդիպման սկզբում ասաց, որ կասկածներ կա երրորդ կողմի սադրանքի և հետևաբար հանրությունը պետք է իմանա՝ այդ կասկածները որտեղից են եկել:

Ազգային Ժողովի պատգամավորները իրենց մանդատի ուժով պետք է բացառեին հենց նման հակաժողովրդական երևույթների արմատավորումը, ինչպիսին կիրառվում է օրինակ նույն ադրբեջանում, սակայն մեզանում այս մարդիկ միշտ լուռ են, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանի շահերին և «ռուսական գաղտնիքին»:

Եվ վերջում անկախ ամեն ինչից, անկախ նրանից, թե ինչքան գումար կծախսեք ձեր ռազմահայրենասիրական պաթետիկ ստի մեքենայի վրա, ինչքան այդ մեքենան կփորձի սևացնել ու լռեցնել Ժիրայր Սեֆիլյանին, ինչքան մեր հայրենակիցները խաբնվելով կկարծեն, թե նորմալ է, որ իրենք անտեղյակ մնան, դա իրենց գործը չէ և այլն, միշտ պետք է հիշեք, որ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է, ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»: