«Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար». Նիկոլ Փաշինյանը՝ #TheWashingtonPost-ին
![]() 2614 Չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ., 11:30 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածության մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն հայտնեց, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Թուրքիան անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար: Նա ասաց, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ: Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ: Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա այժմ իրականություն է դարձել Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ: Նա ասաց, որ թուրքական F-16-ը, որն ըստ հաղորդումների, խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է»,- պնդում է Փաշինյանը: Նա ասաց, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև: Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին, Փաշինյանն ասաց, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»: Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչեց Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից: «Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»: Հայաստանի վարչապետն ասաց, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասաց՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»: Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից և նախազգուշացրել են արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտուոյանը մասնակցելուց՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային: Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ»: |

«Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՊՆ-ում»․ Արամ Թորոսյան
242Երեկ, 14:42
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում կրկին խոսել է Ադրբեջանից
49022.12.2025, 18:42
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ԵԱՏՄ նիստին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
50121.12.2025, 19:48
Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն իրար ողջունել են ձեռքսեղմումով
52821.12.2025, 18:24
Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
66019.12.2025, 16:30
Քննիչը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար
61919.12.2025, 11:48
Մայր աթոռը՝ կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին
95816.12.2025, 16:12
«ԶՈՒ-ում անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունն ապատեղեկատվություն է»․ Արամ Թորոսյան
94916.12.2025, 09:36
