«Ադրբեջանն արդեն փորձում է Մադրիդյան-Կազանյան փաստաթուղթը պարտադրել Հայաստանին»․ Հ․ Մարտիրոսյան
445
Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 19:20
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա հասկանո՞ւմ ենք ինչ է կատարվում: Եթե ո՛չ շտապ կարդանք Ադրբեջանի ԱԳ հայտարարությունը: Դա, ի թիվս անցյալի անչափ տխուր արտացոլում և ժառանգություն հանդիսանալու, նաև հրադադարի պայմանավորվածության լիակատար ձախողում է՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության միջնորդական դերի և կարգավիճակի բացահայտ և հրապարակային նսեմացմամբ: Միաժամանակ Ադրբեջանը արդեն ռազմական ուժով փորձում է Մադրիդյան-Կազանյան փաստաթուղթը պարտադրել Հայաստանին: Ադրբեջանն, ակնհայտորեն, իր յուրաքանչյուր քայլը հստակ և շատ մանրակրկիտ է պլանավորել: Միաժամանակ՝ ամերիկյան ֆինանսական ենթամշակույթում հայտնի՝ Fake it till you make it (կեղծիր և խաբիր՝ մինչև հաջողես կեղծիքն ու խաբածդ իրականություն դարձնել) սցենարով շարունակական հարձակումներ է իրականացնում հատկապես հարավային ուղղությամբ, երբ առանց գրավելու հայտարարում են Հադրութի անկման մասին, հետո հանդիպելով հայկական ուժերի հերոսական դիմադրության՝ այնուամենայնիվ փորձում անընդհատ գրոհներ ապահովել՝ վերջնանպատակին հասնելու հույսով: Ստեղծված իրավիճակում՝ Կտրուկ, անպատկերացնելի, այո՛, մաքսիմալիստական, հրատապ քայլեր են անհրաժեշտ: Այդ թվում՝ շտապ, անհետաձգելի ծավալուն ռազմական օգնության հրապարակային, ոչ գաղտնի դիմում Ֆրանսիային, գաղտնի դիմում Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին՝ տրամադրել Հայաստանին ռազմական հապճեպ օգնություն: Հարվածներ Ադրբեջանի տնտեսական ենթակառուցվածքներին՝ երկրի ողջ տարածքով: Արցախի կայծակնային վերամիավորում՝ մեկ հայտարարությամբ՝ հիմք ընդունելով ոչ թե Ստալինի կողմից Արցախի՝ որպես ԼՂԻՄ Ադրբեջանի կազմ մտցնելը, այլ՝ ՀՀ Առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սուվերեն տարածքի հանդեպ պատմաիրավական արդարության վերահաստատումը: Այդ նույն հիմքի վրա դիմել ՀԱՊԿ-ին՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածքի Արցախի և նախապատերազմյան ՀՀ-ի Սյունիքի հատվածներում հարձակման ենթարկված ռազմական դաշնակցի՝ տրամադրել ռազմական ամբողջական, մեծածավալ և անհետաձգելի օգնություն՝ առանց որևէ նախապայմանների և առանց խաղաղապահների ներկա կամ հետագա տեղավորման որևէ հնարավորության: Անհետաձգելի, անպատկերացնելի, անվարանելի, անվեհեր քայլեր են անհրաժեշտ: Հիմա´, հիմա´, հիմա´»: