Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ՀՀ-ի առաջնահերթ խնդիրն է օդային տարածքում չեզոքացնել Թուրքիայի գերիշխանությունը». Ժիրայր Սեֆիլյան

«ՀՀ-ի առաջնահերթ խնդիրն է օդային տարածքում չեզոքացնել Թուրքիայի գերիշխանությունը». Ժիրայր Սեֆիլյան
481
Կիրակի, 11 հոկտեմբերի, 2020 թ., 15:10

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայիս պատերազմի ելքը որոշվում է օդային տարածքում ուժերի հարաբերակցությամբ:
Ինչպես այսօր հայտնում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին։ ԱԹՍ-ները վեց միավոր F-16 երի ծածկույթի տակ, այսինքն ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին»:
Նախկինում Ռուսաստանը չեզոքացնում էր Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքում Թուրքիայի ազդեցությունը: Սակայն այսօր նա փաստացի չի կատարում (միտումնավոր կերպով, թե քաղաքական կամ ռազմական արդեն ոչ բավարար ներուժի պատճառով, այստեղ քննարկելու կարիք չկա) այդ գործառույթը, ինչի հետևանքով Թուրքիան գերիշխանություն է հաստատել օդային տարածքում և այն օգտագործում է հօգուտ Ադրբեջանի:
Մեր ծանր կորուստները հիմնականում պայմանավորված են այդ հանգամանքով:
Ուստի Հայաստանի քաղաքական ղեկավարության առաջնահերթ խնդիրն է օդային տարածքում ամեն գնով չեզոքացնել Թուրքիայի գերիշխանությունը և, դրա շնորհիվ՝ վերականգնել մեր ու Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռությունը:
Կենսականորեն կարևոր այս խնդիրն ունի մեկ լուծում՝ վերանայել Հայաստանի միակողմանի արտաքին քաղաքական դիրքավորումը և օդային տարածքում Թուրքիայի գերիշխանությունը չեզոքացնելու ակնկալիքով դիմել Արևմուտքի այն պետություններին, որոնք նպատակ ունեն կանխել մեր տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության աճը:
Համոզված ենք, որ աջակցությունը չի ուշանալու, ինչի շնորհիվ օդային տարածքում ուժերի հավասարակշռությունը կվերականգնվի և իրավիճակն էապես կփոխվի հօգուտ մեզ:
Հ.Գ. Մենք ստիպված ենք հրապարակում այս առաջարկությունը: Օրեր առաջ այն ներկայացրել էինք կառավարությանը, սակայն մինչ օրս որևէ քայլ չենք տեսնում այս ուղղությամբ: Մինչդեռ Թուրքիան շարունակում է միջամտել օդային տարածքի նկատմամբ իր մենաշնորհային գերիշխանության հաշվին»: