«Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն արդարացի են ու հիմնավոր»․ Արման Բաբաջանյան
291
Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 04:10
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ՝ ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և ի վերջո տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով»,- իսրայելական «The Jerusalem Post» հանդեսին տված հարցազրույցում նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նույն հարցազրույցում Փաշինյանը խոսել է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Իսրայելի ոչ բարեկամական դիրքորոշման այլ շերտերի մասին։ Իրականում Նիկոլ Փաշինյանի շեշտադրումներն արդարացի են ու հիմնավոր, և նրա հնչեցրած գնահատականերն օբյեկտիվորեն հավանության են արժանացել մեր հասարակության շրջանում։ Մյուս կողմից, սակայն, այդ գնահատականները, որքան էլ դրանք լինեն ականջահաճո, իրենց մեջ պարունակում են նաև խոստովանություն մեր կողմից, մեր պետության կողմից վարած արտաքին քաղաքականության անարդյունավետության, ընդհուպ՝ տապալման մասին։ Իսրայելը կարևորագույն պետություն է աշխարհում ընդհանրապես, Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես։ Իսրայելի հետ կարելի էր և պետք էր վարել այնպիսի քաղաքականություն, որը հնարավորություն կտար խուսափել այնպիսի իրավիճակներից, որում հայտնվել ենք այսօր։ Բայց նման քաղաքականություն չի վարվել տարիներ, տասնամյակներ շարունակ, չի վարվել նաև անցած երկուսուկես տարիների ընթացքում։ Այն դեպքում, երբ մեր հարևան ու հակառակորդ Ադրբեջանը կարողացել է նույն Իսրայելի հետ վարել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում այդ երկիրը դարձել է իր զենքի հիմնական մատակարարներից մեկը։ Ընդ որում, Ադրբեջանին դա հաջողվել է անել գրեթե նույնական պայմաններում․ Ադրբեջանը, ինչպես Հայաստանը, ունի սահման Իրանի հետ, սակայն կարողացել է արդյունավետ հարաբերություններ հաստատել Իրանի հետ, ըստ էության, թշնամական հարաբերություններ ունեցող Իսրայելի հետ։ Մենք չենք կարողացել։ Եվ այդ երկրի հետ նեղացածի կամ խռովածի դիրքերից խոսելը, մեղմ ասած, արդյունավետ չէ։ Ընդ որում, չափազանց սխալ է Իսրայելի կողմից այսօր վարվող քաղաքականությունը վերագրել ողջ իսրայելական ժողովրդին, ճիշտ հակառակը՝ քննադատելով Իսրայելի քայլերը՝ պետք է հստակորեն սահմանազատել Իսրայելի իշխանությանը Իսրայելի ժողովրդից, քանի որ այդ երկրի ամենատարբեր էլիտաներում, հասարակության ամենատարբեր շերտերում մենք ունենք մեծ թվով համակիրներ ու աջակիցներ, որոնք նույնպես չեն կիսում իրենց իշխանությունների պրոադրբեջանական քաղաքականությունը։ Աշխարհի որևէ երկրի հետ նեղացածի դիրքերից հանդես գալը երբեք չի կարող ցանկալի արդյունքներ ապահովել, որովհետև արտաքին քաղաքականությունն օբյեկտիվորեն զերծ է որևէ զգացմունքից։ Փոխարենը անհրաժեշտ է վերլուծել սեփական քաղաքականությունը և դասեր քաղել անցյալում թույլ տրված սխալներից։ Հայտնի փաստ է, որ պատերազմական իրավիճակներում դիվանագիտական ճակատում պետությունները քաղում են այն, ինչ ցանել են խաղաղ պայմաններում։ Հենց այդ իրողության տրամաբանության մեջ մեր անցյալի սխալները քննարկելու ու վերլուծելու դեպքում պարտավոր ենք խոստովանել, որ տարիներ, տասնամյակներ շարունակ մենք չենք կարողացել աշխարհում կատարվող գործընթացներին վերաբերվել սեփական պետականության դիրքերից, քանի որ միշտ տուրք ենք տվել պատմականորեն ձևավորված բարդույթներին։ Ու նաև այդպիսի դիվանագիտության տապալման պատճառով ենք մենք այսօր բախվել պատերազմի արհավիրքին, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ աշխարհի ամենատարբեր երկրներում աշխատող մեր դիվանագետները չեն արել առավելագույնը՝ Հայաստանի համար հնարավորիս մեծ թվով դաշնակիցներ ու բարեկամներ ձեռք բերելու համար, չեն արել, քանի որ ապավինել են տասնամյակներով արմատացած, բայց փտած այն մտակաղապարներին, որ մենք ունենք մեկ հավերժական թշնամի ու մեկ հավերժական բարեկամ կամ փրկիչ, որոնք, սակայն, ինչպես ցույց է տալիս կյանքը, որոշակի հանգամանքների բերումով կարող են ոչ միայն չհակամարտել, այլ նաև գործակցել՝ ի վնաս մեզ ու մեր շահերի հաշվին։ Այս պատերազմի ամենամեծ դասերից մեկը մեզ համար պետք է լինի այն իրողության գիտակցումը, որ չկան հավերժական բարեկամներ ու հավերժական թշնամիներ, և որ պետք է աշխատել բոլոր ուղղություններով ու բոլորի հետ, աշխատել անդադար, աշխատել առավելագույն մտքով, ջանքով ու էներգիայով։ Մենք պետք է կառուցենք հենց այդպիսի աշխատանքի ունակ պետություն՝ իր համակարգերով ու ենթահամակարգերով, որպեսզի հաջորդ հնարավոր պատերազմի ժամանակ ստիպված չլինենք հերթական անգամ արձանագրել, որ կարող ենք պարտվել այդ պատերազմում պետության չգոյության պատճառով»։