Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Այս փուլերը կարելի է փոխադրել այն ողբերգության վրա, որի միջով անցնում ենք հիմա ազգովի». Կ. Անտաշյան

«Այս փուլերը կարելի է փոխադրել այն ողբերգության վրա, որի միջով անցնում ենք հիմա ազգովի». Կ. Անտաշյան
280
Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2020 թ., 03:05

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մահացու հիվանդություն ունենալու փաստի հետ առերեսման համար հոգեբանները առանձնացնում են հինգ փուլեր, որոնց միջով անցնում է հիվանդը։ Այդ փուլերը կարելի է փորձել փոխադրել այն ողբերգության վրա, որի միջով անցնում ենք հիմա ազգովի՝ կանխատեսելու համար, թե ինչ տրանսֆորմացիաների կենթարկվեն մեր ապրումները։
1․Ժխտման փուլ։ Մենք հրաժարվում ենք ընդունել ողբերգության իսկությունը, ասելով՝ ո՛չ, մեզ հետ չէր կարող նման բան պատահել, անհեթեթության չափ աներևակայելի այս տապալումը հնարավոր չէ, որ իրոք տեղի ունենար, միգուցե խաղ է, շփոթմունք է, միգուցե դեռ հույս կա մի բան փոխելու։ Չհավատալը, չընդունելը, խուսափելու հույսեր երևակայելն ու տածելը բնական առաջին արձագանքն են։
2․ Ընդվզման փուլ։ Երբ աղետի հետ առերեսված անձը, հանրույթը հարցադրում է՝ ինչո՞ւ հենց ես, ինչո՞ւ հենց մենք ու անարդարության խորը զգացումից լցվում ցասումով ու կատաղությամբ և ամեն հարմար առիթով այդ դառնությունը ուղղորդում ուրիշների ուղղությամբ, նրանց, ում վերագրվում է աղետի մեղավորությունը, այդ մեղավորները դառնում են մեր զայրույթի հիմնական հասցեատերը։
3․ Առևտրի փուլ։ Տեղի է ունենում կենսական հորիզոնի կտրուկ կարճում, մենք սևեռվում ենք մանրուքների, հասանելի բաների վրա՝ փորձելով պարտադրել մեզ հետ հարաբերվողներին, օրինակ իշխանություններին, ընդդիմությանը, միջազգային հանրությանը, թշնամուն և այլն՝ փոքրիկ հասանելի կոմպրոմիսներ, բաներ, որոնք կարող են իրագործվել, հնարավոր են ու հասանելի, սևեռվում ենք ընթացիկ ներքաղաքական օրակարգերի մեջ, անձնականում, կենցաղում, մեզ փոքրիկ հաճույքներ ենք թույլ տալիս իբրև պարգևատրում, որին արժանի ենք, քանի որ մեծ ցավ ունենք կրելու։
4․ Դեպրեսիայի փուլ։ Տխրությունն ու թախիծը, հուսահատությունը անխուսափելիորեն համակում են մեզ։ Սկսվում է ինքնախարազանումը՝ ես ի՞նչն էի սխալ արել, որ արժանացա այս աղետին, սեփական մեղքի ու մեղավորության խորը զգացողություն է գալիս։ Մենք անվերջ ապրում ենք այն մտքով, որ սա վերջն է, սա հաստատ արդեն վերջն է, փակուղի, դատապարտվածության ու անելանելիության զգացողություն։
5․ Ընդունման փուլ։ համակերպում ճակատագրի հետ, համակերպում ողբերգության անխուսափելիության հետ, պարտության ընդունում, համապարփակ առերեսում բոլորիովին նոր ու անսպասելի այն իրականության հետ, որի հետ հարաբերման տարբեր ուղիներ էր փնտրում այն ընդունել չուզեցող գիտակցությունը։ Ցանկացած նոր ինքնություն, նոր օրակարգ, ապրելու նոր իմաստ ու մոտիվացիա հնարավոր է միայն այս փուլը հաղթահարելուց հետո։
Մենք բոլորս, ես էլ, թերևս, դեռ առաջին ու երկորրդ փուլերում ենք և իրոք մի թաքուն հույս ունենք, որ վերջին պահին մի հրաշքով կարող է մի նոր բան տեղի ունենալ ու այդ չարաբաստիկ համաձայնագիրը կարող է վերախմբագրվել կամ չեղարկվել»: