Կիրակի, 06 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՍԴ-ն կասեցրեց մարդկանց և ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման սահմանափակումը». ՀՀ ՄԻՊ

«ՍԴ-ն կասեցրեց մարդկանց և ԶԼՄ-ների կողմից կարծիքի արտահայտման սահմանափակումը». ՀՀ ՄԻՊ
477
Ուրբաթ, 20 նոյեմբերի, 2020 թ., 18:25

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ Սահմանադրական դատարանը կասեցրել է իմ դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում ՀՀ տարածքում գտնվող մարդկանց, ինչպես նաև ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիք արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը։
Այսինքն՝ խոսքը վերաբերում է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման այն արգելքներին, որոնցով, ըստ էության, թույլ չէր տրվում քննադատել որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի գործողություն, այդ թվում՝ ելույթներ, հրապարակումներ, որոնք կարող են վերաբերել ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանը:
Կարևոր եմ համարում Սահմանադրական դատարանի այս որոշումը, որը դեռ վերջնական չէ։ Դատարանը կասեցրել է այդ դրույթների գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը:
Իմ դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը դեռ պետք է քննարկվի դատարանի հիմնական նիստում, որը նշանակված է այս տարվա դեկտեմբերի 4-ին: Այդ որոշմամբ է նաև քննարկվելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանում են պատասխանատվություն ու տուգանքներ նշված արգելքները խախտելու համար:
Հատուկ արձանագրում եմ, որ դեռ նախագծային վիճակում, երբ այս նախագիծը ՀՀ կառավարությունն ուղարկել էր Մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի, մեր եզրակացությունը եղել է բացասական, այդ թվում՝ հաշվի առնելով մարդկանց սահմանադրական իրավունքների սահմանափակումների հարցը:
Սահմանադրական դատարան Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած այս դիմումով ոչ թե բարձրացվել է ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումներն ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթները չեղարկելու կամ դրանք զրոյացնելու, այլ հստակ չափանիշներ ու գործող կանոնների կոնկրետության անհրաժեշտ աստիճան ապահովելու հարցը:
Իրազեկում․ ստորև, Կառավարության այն որոշման դրույթներն են, որոնք վիճարկում եմ դատարանում ու որոնց գործողությունն այսօր դատարանը կասեցրել է.
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում՝ ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
- Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»: